Մեր իմաստության դարաշրջանը

99

[202101133.jpg]

ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

Ստեղծված քաղաքական խառնաշփոթը, որն այսօր իշխում է Հայաստանում, թեւակոխել է «իմաստության դարաշրջան»: Այդ քաոսում խեղդվում-կորչում է ամեն մի իրատեսական խոսք: Խելացի երեւալու համատարած ցանկության մեջ խեղաթյուրվում ու միախառնվում են բոլոր գույները: Երկիրը վերածվել է խաղատախտակի, որի վրա առկա են բազմագույն խաղաքարեր եւ հնարավոր չէ հասկանալ ով ում դեմ եւ հանուն ինչ է խաղում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Իլհամ Ալիեւն է իրեն միջազգային «խաղացող» կարծում եւ մեր մասին քմծիծաղով ու հոխորտանքով է արտահայտվում: Հայ արտաքին քաղաքական մտքի հիմքը կրկին հակաթուրքականությունն է, իսկ ներքաղաքականինըՙ իշխանության հասնելը եւ այն պահելը: Թե երբ այս ամենը վերջ կգտնի եւ կսկսվի մեր պատմության իրոք իմաստության դարաշրջանը, դժվարանում եմ ասել: Սակայն հստակ էՙ այս օրերի իրողությունները վկայում են, որ մենք գտնվում ենք մի կարեւոր կետ-հանգրվանում, որից հետո անպայման կյանքը փոխվելու է: Կրկին մեզ համար առարկայական է դարձել այն պարզ աքսիոմը, որ թուրքերը հասկանում են միայն ուժի լեզուն, եւ դա գիտի ամբողջ աշխարհը: Գաղտնիք չէ նաեւ, որ պատմական իներցիայով նրանց պետք են մեր հողերը, փողերը եւ աղջիկները: Նրանք հասկացան, որ զենքով ու փողով (դավաճանով) կարող են հայերին հաղթել ու ստիպել, որ հայը փախչի խուճապահար: Սրանք կրկին հայի արյան հոտ են առել եւ չեն հանգստանալու, աշխարհի որ մասում հայ բռնեցինՙ արյունը խմելու են: Մենք պետք է խելքի գանք, քանի դեռ շանս կա, թե չէ կրկին թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում հայտնվելու ենք թուրքի երախում, ինչպես դա եղավ մեկ դար առաջ: Իսկ այս իրավիճակը մեկ օրում չառաջացավ:

Դեռ 2018-ի ապրիլից առաջ էր այս աղետը հասունանում: Ընդհանրապես դժվարին եւ դաժան ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը, քանի որ դարեր շարունակ մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ սովորաբար ամեն բան եթե ոտնատակ է ընկնում եւ չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Այդպես դառնանում ու դաժանանում է նաեւ մարդը, նրա հոգին, միտքը, ու ներքին դառնությունն սկսում է աստիճանաբար դուրս տալ, հայտնվել ե՛ւ աչքերում, ե՛ւ դեմքին, ե՛ւ խոսքերում, ե՛ւ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան: Բայց այս տեսակ կյանքն էլ է ունենում մշակույթ, հառաջադիմություն, մամուլ, գրականություն, դպրոց եւ նույնիսկՙ բարեգործություն: Սակայն այդ բոլորը ներսից ճճվի կերած պտուղի նման են, եւ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն եւ առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք եւ չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, եւ դրա դեմ կռվելու ու առողջանալու առաջին պայմանը մեկն էՙ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը: Իսկ այդ փրկարար գիտակցությանը կհետեւեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը:

Բառացի չեմ հիշում, բայց մոտավորապես թումանյանական հանճարեղ այս բանաձեւումները, որոնք նա արել է դեռեւս 1910 թվականին, երբ մեզանից ոչ մեկը ծնված չէր, բայց նույնանուն հիմնախնդիրները կային: Ցավն այն է, որ 1910-ից այս կողմ այդպես էլ «էդ փրկարար գիտակցությանը» չեկանք ու դրան չհետեւեցին «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»: Այսինքնՙ փաստորեն մենք ընդամենը հետեւանք ենք: Սակայն սա շատ վտանգավոր բացատրություն կարող է լինել եւ սրանով կարելի է արդարացնել ամեն մի ստոր քայլ:

Այնինչ հարկավոր է ամեն հնարավորն անել իրավիճակը շտկելու համար: Իսկ դրա առաջին քայլը պետք է լինի պարզել այդ հիմնախնդրի իրական պատճառները, գալ «փրկարար գիտակցությանը», որին կհետեւեն «ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը»:

Ակամա հարց է առաջանում. այ պատմության ճիճու. ո՞վ քեզ թույլ տվեց հարազատ զավակներիդ հարամ հացով կերակրել, որ էլ նրանք քեզ պես ճիճու մեծանան ու ծնողի հաճույքը շարունակելով երկիրը աղբանոց սարքեն եւ հասուն տարիքում քեզ անիծեն ներկա անճար վիճակի համար: Իսկ այսօր, երբ հայտնվել ենք այս քաոս-դժոխքում եւ սահմռկեցուցիչ իրականությունն իր ողջ էությամբ մերկացել է մեր առաջ, մի”թե պարզ չէ, որ Թումանյանի աղաղակը տեղին էր: Ակնհայտ է, որ օտարի դարավոր տիրապետությունից մեր ժողովուրդը բարդույթավորվել է թերարժեքության ախտով, որից դուրս բերելն այնքան էլ հեշտ գործ չէ ու Բաղրամյանում վրաններ դնելով դժվար թե գլուխ գա: Անհրաժեշտ է մատնանշել այն անհրաժեշտ ճանապարհը, որն իրոք կբերի մեր վթարված պետականության ամրապնդմանը:

Այսօր երկրում ստեղծվել է խառնաշփոթ իրավիճակ: Իշխանական լծականերին տիրող «Իմ քայլը» չունի հստակ հայեցակարգ: Հիմնականում իշխում են Նիկոլ Փաշինայնի քաղաքական հակասական դիրքորոշումները, որոնք ինչպես նախկինում այնպես էլ այժմ դրսեւորվում են բոլոր ոլորտներում: Ցավալի իրողություն է նաեւ այն, որ պատերազմից հետո ավելի շատ պայքար է մղվում ապացուցելու, թե ո՞վ է մեղավոր մեր ձախողումների ու պատերազմը տանուլ տալու հարցերում: Սառը, հաշվենկատ ու մասնագիտական վերլուծությունների փոխարեն, ցավոք, ամենուրեք մեր պետական քաղաքական մտքի վրա շարունակում է իշխել զգացմունքայնությունը: Կարեւորվում է հատկապես հայրենասեր լինելուն համարժեք հակաթուրքական կեցվածքը, որը թեեւ տրամաբանական է այս օրերի համար, բայց ոչ հեռանկարային: Իսկ քաղաքական բոլոր բեւեռների համար այս պահին ամենաարդյունավետ քայլը դեմ դիմաց նստելն ու խոսելն է թե՛ միմյանց եւ թե՛ թշնամու հետ, որը միայն հարգանքի զգացմունք կարող է ծնել մեր նկատմամբ: Թե չէՙ ամպագորգոռ հողորտալը կամ սփյուռքի մոտ հայրենասեր երեւալը քաղաքական առումով չի կարող արգասաբեր լինել:

Կարեւոր դերակատարություն կարող էր ունենալ ՀՀ նախագահը, եթե իրապես իր «տեղում լիներ»: Ցանկացած քաղաքական ուժինՙ վերջինս լինի իշխանավոր կամ ընդդիմադիր, աջակից երեւալով հետաքրքրական, բայց ոչ արդյունավետ դիրքորոշում ունենալով ՀՀ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակի նկատմամբՙ նա խառնում է բոլոր ու ամենքի խաղաքարտերը, սակայն դրանից իրականում ոչ ոք չի շահում: Մի դեպքումՙ երբ նոյեմբերի 10-ից հետո ծնվեց Փաշինյանի հրաժարականի պահանջը, նա միացավ դրան, ապաՙ հետ քաշվեց: Անմիջապես չստորագրեց ԳՇ պետի հրաժարականըՙ սակայն հետագա պահվածքով իրականում հաստատեց վարչապետի որոշումը եւ այդպեսՙ բոլոր մնացած բոլոր դեպքերում: Հարց է առաջանումՙ արդյո՞ք ճիշտ մարտավարություն է սեփական ժողովրդի հետ դիվանագիտություն խաղալը:

Նկատենք, որ ամբողջական, խորքային պատճառահետեւանքային կապերի ոչ լիարժեք բացահայտումներով առաջ քաշվող ընդդիմադիրների արտաքին եւ ներքին քաղաքական հայեցակետերը եւս գրեթե ոչնչով չեն տարբերվում իշխող ուժի հայացքներից: Հստակ է մեկ բան, որ նրանք դնում են վարչապետի հրաժարականի հարց, բայց չեն հասնում հաջողության: Իսկ չհասնելու պատճառը մեր կարծիքով այն է, որ հրաժարականի հարցը միաժամանակ չի բերում այն քաղաքական կեցվածքի այլընտրանքը, որն ունեն իշխանությունները: Նրանց հիմնական պահանջը պարտված վարչապետի հեռանալն է, որի կողքին աբսուրդային է դառնում, որ պարտված զորահրամանատարը պետք է մնա: Նրանց պահանջներում բացակայում են այն արտաքին քաղաքական հիմնական հայեցակետերը, որոնք բխում են մեր պետականության պահպանման եւ աստիճանական ամրապնդման շահերից:

Իրավիճակը ներկայացնելուց ու քննադատական դիտարկումներ կատարելուց զատ փորձենք ներկայացնել մեր պատկերացումներն այս դժվարին ու վճռորոշ իրավիճակից դուրս գալու համար: Բոլոր թեր եւ դեմ, դրական ու պախարակելի դրսեւորումներին տեղյակ լինելովՙ շարունակում եմ պնդել, որ այժմ եւ տեսանելի ապագայում «աշխարհը շուռ տալու հենակետը» սկսած Իսրայել Օրու կողմից մեր ձգտումների վեկտորը դեպի հյուսիս թեքած մեր միակ պոտենցիալ դաշնակից Ռուսաստանն է: Այն Ռուսաստանը, որը լավ թե վատ, եղել է Հայաստանի կողքին կանգնած, եւ մենք բարձր ենք գնահատում մեր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները: Այս պատերազմից հետո հայերի մի մասը գոհունակության, մյուս մասն էլՙ դժգոհության խոսքերով հանդես եկան Ռուսաստանի հասցեին: Մանրամասներիը կքննարկվեն ապագայումՙ ժամանակի մանրադիտակի ներքո, սակայն հարկավոր է հստակ արձանագրել, որ Արեւմուտքը մատը մատին չտվեց, երբ մենք կրկին հայտնվել էինք ցեղասպանության եզրին եւ Ռուսաստանից բացի ուրիշ ոչ մի գերտերություն չկանգնեց Հայաստանի կողքին: Ավելին, հաճախ նրանք հայտարարություններով էին հանդես գալիս, որոնցում անթաքույց հավասարության նշան էր դրվում մեր ու մեր թշնամու միջեւ: Միջամտեց միայն Ռուսաստանը: Այո, իր իսկ շահերց ելնելով, բայց միջամտեց ու կանխեց արհավիրքը: Դա գնահատել է պետք եւ ոչ թե օտար ափերում փափուկ բազմոցներին նստած ամպագորգոռ բառակույտերով քննադատել բոլորին անխտիր:

Կա նաեւ կարծիք, որ հենց Ռուսաստանը կազմակերպեց այս պատերազմը, որ զորքեր մտցներ Արցախ: Դա էլ է հնարավոր, սակայն առանց պատերազմի էլ հազար ու մի պատճառ կարելի էր հորինել դա անելու համար, քանի որ ՀՀ-ում ՌԴ-ն ռազմաբազա էլ ունի, մեր ամենակարեւոր սահմանահատվածներն էլ նա է պաշտպանում: Գրեթե համոզված եմ, որ եթե նույնիսկ Հայաստանը հաղթեր, միեւնույն էՙ կլինեին մարդիկ, ովքեր էլի մի բան կհորինեին Ռուսաստանին մեղադրելու համար:

Արդեն երկու-երեք դար հայ ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է բարեկամ մնալ Ռուսաստանի հետ, որ հայերի մեծ մասը, թերեւս, կուրորեն վստահում է նրան: Դա լավ է, սակայն նաեւՙ վտանգավոր, քանի որ դա թուլացնում է զգոնությունը եւ չի խթանում էլ ավելի շատ աջակցություն ցույց տալու: Հարկավոր է գիտակցել նաեւ, որ Ռուսաստանը եւս ունի Հայաստանի նման դարերի փորձությունը հաղթահարած վստահելի դաշնակցի կարիքը: Միայն թե անհրաժեշտ է համախմբված լինել եւ հաստատակամ: Պետք չէ տուրք տալ այնպիսի վտանգավոր խաղերին, որոնցից է օտարների կողմից թելադրված զինվորականության համատարած նսեմացման հեռահար ծրագիրը: Եղած ու չեղած մեղքերն ամբողջությամբ զինված ուժերի վրա բարդելը խիստ վտանգավոր հետեւանքներ կունենա, քանի որ բանակի եւ նրա հրամանատարության համար ազգային վստահությունը չափազանց կարեւոր գործոն է: Անթույլատրելի է իրավիճակային ու զգացմունքային հարթությամբ տարվել պետության հենասյուներից մեկը թիրախավորելու գրավչությամբ:

Այսօր ավելի քան կարեւոր է, որ, ինչպես երջանկահիշատակ Կ. Դեմիրճյանն էր ասում, ազատվենք անտեղի շուտ ոգեւորվելուց եւ շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց եւ հուսախաբվելուց: Լինենք հավասարակշռված, խուսափենք անհարկի շտապողականությունից: Տիրապետենք շահերը համադրելու արվեստին: Իմանանք, որ ամենալավ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի եւ դրանք գերադասելի է համարում: Չվիրավորվենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերություն կամ բարեկամություն է անում նաեւ մեր թշնամիների հետ: Քաղաքականության մեջ հեռատես եւ հաստատակամ լինենք, նաեւ ճկուն:
5-15.03.2021