Հայուհին ֆրանսիական «Ձայն»-ում

82

Մարտի 13-ի երեկոյան «Ձայնը» հեռուստանախագծի ֆրանսիական հերթական թողարկմանը մասնակցել է հայազգի երիտասարդ երգչուհի Անահիտ Բ-ն Լիոնից: Նա կատարել է հայկական ավանդական «Հովիվը սարում տխրեց» երգը Վենսան Բաղյանի մշակմամբՙ հայերեն եւ ֆրանսերեն, դուդուկի եւ դափի նվագակցությամբ: Իր կատարմամբ հմայելով «Ձայնի» չորս դատավորներինՙ Անահիտը հուզմունքով տեսել է, որ չորս բազկաթոռներն էլ շրջվել են դեպի իրեն: «Մենք շրջվեցինք, իսկ դուք շրջեցիք մեր սրտերը»,- հուզված ասել է դատավորներից մեկըՙ Մարկ Լավուանը:

25-ամյա Անահիտ Բ-ն (Բոյաջյան, լատինատառ գրվում է Anaid B.) ծնվել է Վենիսյոյում, երաժիշտների ընտանիքում: «Մայրս ասում է, որ ես երգել եմՙ նախքան խոսելը»,- ասում է երգչուհին: Նրա հայրը հիմնել է հայկական ավանդական երաժշտության մի քանի խումբ, այդ թվումՙ «Սպիտակը»: Աղջիկը շատ շուտ է բեմ բարձրացել, նախ պարել է, ապաՙ երգել: Արդեն թողարկել է իր իսկ գրած երգերի կատարումներն ընդգրկող երկու ալբոմ, առաջինըՙ «Իմ կյանքի գույները», 2014-ին: Երեք տարի է, ինչ Անահիտը հետեւում է վոկալի դասերի Երեւանի կոնսերվատորիայում: Նրա ձայնը տատանվում են մեցցո-սոպրանոյի եւ կոնտրալտոյի միջեւ:

«Ձայնին» իր մասնակացության վերաբերյալ երիտասարդ երգչուհին ասել է. «Երաժշտությունը սահմաններ չունի: Հենց այդ կամուրջն է կապում իմ հայրենիք Հայաստանը Ֆրանսիային, որն էլ ես ցանկանում էի փոխանցել»:

Անահիտ Բ.-ի կատարումը հասանելի է համացանցումՙ https://www.youtube. com/watch?v=DIHHZT5W3SU
Ա. Բ.