Զեկույցը ելույթով ներկայացնելը՝ սեփական պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու պարզունակ փո՞րձ, թե՞…

114

2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: Խոսելով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնություններ հրահրող «նախկին կոռուպցիոն համակարգի որոշ ուժերից»՝ Ն․ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ «հասունացել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու ժամանակը»: Դրան հաջորդեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որում ասվում էր, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կիրականացնի քննիչ հանձնաժողովի լիազորությունները։ Ըստ այդմ՝ քննիչ հանձնաժողովի ղեկավարումն իրականացնում էր նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Մի կողմ թողնելով այդ հանձնաժողովի անդամների կոմպետենտության հարցը, այնուամենայնիվ հանձնաժողովի նիստերին ներկայացավ նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և մի շարք պաշտոնատար անձինք։ Թեև Ապրիլյան պատերազմն այն ամենակարևոր միֆերի գեներատորն էր, որը հնարավորություն տվեց այս իշխանությանը բազմաթիվ քաղաքական դիվիդենտներ հավաքել, հասարակության շրջանում քաղաքական շահարկումներ անել, այնուամենայնիվ, 2020 թվականի հունիսին ավարտվեց քննիչ հանձնաժողովի գործունեության մեկամյա ժամկետը:

Սեպտեմբերի 9-ին քննիչ հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ զեկույցն առաջիկա օրերին կներկայացվի ԱԺ նախագահին։ Փաստաթուղթը, ըստ Քոչարյանի, ծավալուն է, ունի հույժ գաղտնի, խիստ գաղտնի, գաղտնի և բաց հատվածներ․ դրանց հանրայնացումն իրականացվելու է «Պետական գաղտնիքի մասին» օրենքի դրույթների համաձայն։ Սակայն սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան պատերազմը, և, բնականաբար, ժամանակը չէր քննիչ հանձնաժողովի զեկույցին կամ այն հրապարակելու ժամկետներին անդրադառնալու:

Բոլորովին վերջերս Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի զեկույցը չի հրապարակվելու, և կսահմանափակվեն միայն իր ելույթով։

Զեկույցի հրապարակումից հրաժարվելը, թերևս, բազմաթիվ օբյեկտիվ մտահոգությունների ու կասկածների տեղիք է տվել հանրության շրջանում: Թվարկենք դրանցից մի քանիսը միայն. արդյո՞ք «հույժ գաղտնի», «խիստ գաղտնի» և «գաղտնի» հատվածներ պարունակող զեկույցը համապատասխան նշագրումներով փոխանցվել է պետության պատկան մարմիններին, և արդյո՞ք մինչև պատերազմն այդ հանձնաժողովի մեկ տարվա գործունեության ընթացքում բացահայտած թերացումներն ուսումնասիրվել են պատերազմի ընթացքում՝ դրանք հաշվի առնելու նկատառումներով, որքանո՞վ հանձնաժողովի նախագահի հրապարակվելիք ելույթում ներառված կլինեն բաց հատվածները, նախընտրական փուլում զեկույցի ընտրանքային ելույթի միջոցով հրապարակումն ի՞նչ նպատակ կարող է հետապնդել՝ իմքայլականների ու նրանց մերձ շրջանակների նախկինում տարածած միֆերը կոտրելո՞ւ, թե՞ նոր միֆեր ստեղծելու… իսկ գուցե…

Բայց թողնենք հանրության մտահոգություններն ու կասկածները մի կողմ ու դառնանք հարցի իրավական մասին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովն իր գործունեության արդյունքով Ազգային ժողովի նախագահին ներկայացնում է զեկույց, որը ներառում է հանձնաժողովի ստեղծման համար հիմք հանդիսացած հարցի վերաբերյալ պարզված փաստերը, ինչպես նաև դրանց առնչությամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ հանձնաժողովի եզրահանգումները:

Ավելին՝ Սահմանադրական օրենքի պահանջով զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում: Օրենքը հարցի քննարկման համար սահմանում է հատուկ ընթացակարգ և մի կարևոր դրույթ՝ Հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանը մեկամսյա ժամկետում ուղարկել Ազգային ժողովի նախագահին: Պատասխանները տեղադրվում են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում:

Որևէ մեկին, բնականաբար, հետաքրքիր չի կարող լինել որևէ պատգամավորի, և մասնավորապես՝ Անդրանիկ Քոչարյանի ելույթը: Առավել ևս, երբ մոտ երեք տարի Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական շահարկումների էին ենթարկում՝ մոլորեցնելով հանրությանը, և կասկածի տակ դնում Ապրիլյան մեր քառօրյա պատերազմի հաջողությունները, մեր բանակի՝ զինվորականության և զինվորների հերոսական պայքարը, զեկույցը պետք է ներկայացվի: Հակառակ դեպքում՝ ինչի՞ համար էր այդ ամբողջ մանիպուլյացիան, այդ թատրոնը, որի ընթացքում թիրախավորվում և վարկաբեկվում էին բազմաթիվ զինվորականներ, պետական պաշտոնյաներ և առաջին հերթին՝ մեր զոհված եղբայրների հերոսությունը:

Այնպես որ, Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը սեփական պարտականությունները կատարելուց չարամտորեն խուսափելու պարզունակ փորձ է, բայց պետք է հստակ գիտակցել մի բան, որ մանիպուլյացված ժողովրդի առջև բարոյական պատասխանատվությունից զատ՝ այստեղ առաջ է գալու նաև իրավական պատասխանատվությունը, որը վաղ թե ուշ իր բացասական իրավական հետևանքներն առաջ է բերելու ու, թերևս, ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի համար։

ՌՈԲԵՐՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ