Դադիվանքցին հետևում էր՝ ինչպես են սպանում իր հայրենիքն ու իրեն…

80

Ով գյուղում է ծնվել, ում մանկության հուզաշխարհը գյուղում է, նա ինձ ավելի լավ կհասկանա: Գյուղում ամեն ինչ ստեղծված է սեփական ձեռքերով, և դրա համար է երևի, որ  ամեն ինչի մեջ սիրտ ու հոգի կա: Հնամենի տունը, կոտրատված ու իրար կապկպած ցանկապատը, նրա տակ կիտված մեծ ու փոքր քարաբեկորները, դիմացի լեռան լանջից իջնող հոտն ու նախիրը, շան պառկած տեղը, ծխացող թոնրատունն ու խոխոջացող առուն, գերանների վրա հանգստացող ծերունիները,  հազար ու մի արհավիրքներ տեսած հաստաբուն ծառերն ու այլ պատկերներ…

Գյուղում ամեն ինչը պատմություն ունի:

Գյուղը հենց ինքը մի մեծ պատմություն է:

Բնականաբար ով կերտել է այդ պատմությունը, ով ստեղծել, շունչ է տվել գյուղի անշունչ քարերին, ով սիրտ է դրել այդ քարերով սարքած տան մեջ, ով կյանք է տվել այգուն ու արտերին, ով իր դռան մեծ քարին նստած՝ նայել է հեռուները, ընկնելով ծանր խոհերի ու անուրջների մեջ, նա աշխարհի չափ սիրում է գյուղը: 

Գյուղում նաև մշտական եռացող ներքին տագնապ կա, լարվածություն. պետք է ամեն ինչ ժամանակին հասցնել: Գյուղում հանգիստ չկա, կա միայն կարճատև դադար՝ մի գործից մյուսն անցնելիս: 

Գյուղի պատկերները հարազատ մոր պես պաշտելի են յուրաքանչյուրի համար, դրանք գյուղում ապրող մարդու հոգու և սրտի հայելին են:

Գյուղը, հայրենի տունը նրա տիրոջ էությունն է:

2020 թ. նոյեմբերին՝ Քարվաճառը դավադրաբար թշնամուն հանձնելու նախորդ օրը, վերջին անգամ շրջանի հարազատ շեներ էին այցելել իրենց նախնյաց կանչով Հայոց միջնաբերդն ազատագրած ու քառորդ դար այնտեղ սիրտ ու հոգի դրած մարդիկ: Նրանցից շատերը բռնազավթված Շահումյանի շրջանից այստեղ տեղափոխվածներն էին, որոնք եկվորների՝ Նոր Շահումյանից  (Քարվաճառի շրջանից) հեռանալուց հետո հանգրվանել էին հայոց հինավուրց հուշարձաններով լեցուն բնակավայրերում՝ շատերին տալով Շահումյանի իրենց հայրենի գյուղերի անունները (Նոր Էրքեջ, Նոր Մանաշիդ, Նոր Վերիշեն, Նոր Գետաշեն, Նոր Կարաչինար, Նոր Խարխափուտ և այլն): 

Երբ իջել էր Քարվաճառի շրջանի վերջին ազատ երեկոն, և սպանիչ լռությունն ամենուր մատնանշում էր եկվորների՝ մի քանի ժամ անց վերստին գալը, Քարվաճառի գյուղերի երկինքը դարձավ հանկարծ լուսապայծառ…

…Օրվա տեսարաններն ինձ հանգիստ չեն տալու ողջ կյանքումս: Բառերով անհնար է նկարագրել այն տեսարանները, որոնք ապրել եմ այդ դժոխային օրը: Ողջ ցերեկը գաղթի, հայրենիքի հանձնման տեսարաններ, իսկ երեկոյան…

…Տանտերը Դադիվանք գյուղում վերջին անգամ մոտենում է իր հարազատ տանը: Նա խռովված ու անբնական կատաղություն արտահայտող դեմքով վերջին անգամ շրջում է տան շուրջը, երկար նայում ցանկապատին, ծառերին, պատուհաններից ներս, դողացող ձեռքերով վերջին անգամ հենվում է իր կողմից շունչ տված պատերին ու թեքվելով առաջ՝ համբուրում դրանք: Գյուղացին մեկիկ-մեկիկ հրաժեշտ է տալիս բոլոր այն պատկերներին, որոնք այլևս մնալու են միմիայն նրա սրտում…

Եվ… վերջ, արդեն ժամանակն է…

«Անիծվես դու…». հասցեատերը պարզ էր, հեռվից հասկանալի էր նաև, թե ում յոթը պորտն է հայհոյում դադիվանքցին:

Եվ մի պահ պայծառացավ Դադիվանքի երկինքը՝ լուսավորելով նաև գերության հանձնվող վանքը: Վայրկյաններ անց կրակը, բենզինի հետքերով սլանալով, լափում էր գյուղացու տունը:

Հեռվում կանգնած՝ դադիվանքցին հետևում էր, թե ինչպես է կրակը ոչնչացնում իր սրտի և հոգու մասնիկի վերածված տունը, ինչպես է ամայանում իր դուռն ու բակը:

Հեռվում կանգնած՝ դադիվանքցին հետևում էր, թե ինչպես են սպանում իր հայրենիքն ու իրեն…

Վահե Սարգսյան, yerkir.am