Արդյունավետ էներգասպառման ակնկալիքով

146

ՀՀ կառավարության ամենշաբաթյա նիստերի ցուցադրումը որոշակի հետաքրքրություն է առաջացնում: Ոմանց կառավարության անդամների դիրքն ու ներկայությունն է զբաղեցնում, մյուսներինՙ քննարկվող հարցերի բովանդակությունն ու քանակը, երրորդներինՙ ելույթների իմացությունն ու խորությունը: Կարճ ասած, թեեւ նիստերի սկսվելն ու ավարտվելը րոպեներ են տեւում, այսուհանդերձ օրվա ձանձրույթը փարատելու ինչ-որ թեմա կա:

Այդպես եղավ նաեւ, երբ օրեր առաջ, չգիտես որտեղից, քանզի նիստի օրակարգում նման հարց չկար, խոսակցություն ծավալվեց արդյունավետություն հասկացության շուրջ: Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ նախարարները նշեցին, որ մեզանում աշխատանքի արդյունավետությունը բազմակի անգամներ զիջում է թե՛ ԵԱՏՄ-ի, թե՛ Եվրոմիության երկրների ցուցանիշներին եւ պարզ չէ, թե երբ կմոտենանք նրանց արդյունքներին: Խնդրի արծածումը մասամբ կարելի էր տեղին ու ժամանակին համարել, եթե, ասենք, զրույց ծավալվեր ՀՀ տնտեսության որեւէ ճյուղի կամ ոլորտի վերաբերյալ, որն ավաղՙ չկայացավ:

Ասենքՙ մեր էլեկտրաէներգետիկայի, որի մի զգալի մասը ներկրվող էներգակիրներից է ստացվում, հետեւաբար հարկ է առավել արդյունավետությամբ ծախսել: Նայելով թվերին, անգամ պարզ վերլուծություններ կատարելով, նման եզրակացության չենք կարողանում գալ: ՀՀ վերջին տարիների ՀՆԱ-ն, համախառն ներքին արդյունքը մոտ 13 մլրդ դոլար է, արտադրված էլեկտրաէներգիայի քանակըՙ 7-7,5 մլրդ Կվտ ժամ: Ստացվում էՙ 1 Կվտ ժամի դիմաց մոտ 1,8 դոլարի արտադրանք, որի ինչ լինելը պարզենք այլ երկրների նույնանուն ցուցանիշների հետ համեմատության միջոցով: Գերարագ զարգացող Չինաստանի ՀՆԱ-ն 2018-ին կազմել է 23,5 տրիլիոն դոլար, էլեկտրաէներգիայի արտադրությունըՙ 6,7 տրիլիոն Կվտ ժամ: Պարզ թվաբանական գործողության արդյունքում 1 Կվտ ժամի դիմաց ստանում ենք 3,6 դոլարի արդյունք, որը ՀՀ ցուցանիշի կրկնակին է: Իսրայելում պատկերը հետեւյալն է. 382 մլրդ դոլարի ՀՆԱՙ 63 մլրդ Կվտ ժամ էլեկտրաէներգիայի արտադրության պարագայում 1 Կվտ ժամի դիմաց 6 դոլարի արտադրանք: Ներկայացնենք Եվրոպայի առաջատար Գերմանիայի ցուցանիշըՙ մոտ 600 մլրդ Կվտ ժամ էլեկտրաարտադրության դիմաց համախառն ներքին արտադրանքը կազմել է 4,7 տրիլիոն դոլար, 1 Կվտ ժամի դիմաց ստացվել է 8 դոլարի արտադրանք: Տեղն է արձանագրել, որ այս երկիրը երբեմնի 19 ռեակտորներից 2019 թվականին փակել է 13-ը, գրեթե չնվազեցնելով էլեկտրաէներգիայի արտադրությունը, որի էլ գերարդյունավետ ծախսն ապահովում է Գերմանիայի տնտեսական առաջնայնությունը:

ՀՀ տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, անշուշտ ինչքանով որ այն կա, սույն մոտեցումը կարող է զուտ սիրողական որակել, որն այլ համեմատությունների բացակայության պարագայում այսուհանդերձ ինչ-որ բան հուշում է: Յուրաքանչյուր տնտեսություն էլեկտրաարտադրություն է պահանջում հաստոցներ, կռունկներ, հարահոսեր, այլ էլեկտրական սարքավորումներ աշխատեցնել-շահագործելու նպատակով եւ հեռանկարային խնդիրների ընթացքում նոր էլեկտրական հզորությունների նախատեսումն առաջնահերթություն է դիտարկվում: Տարօրինակորեն նման ծրագրավորում ՀՀ-ի առումով չենք նկատում: Առերեւույթ նշվում է մինչեւ 3500 մգվտ դրվածքային հզորությունների առկայությունից, երբ անմիջական արտադրական հզորությունները 1500-1600 մգվտ են, որոնցից լավագույն դեպքում կարելի է ստանալ 8 մլրդ Կվտ ժամ էլեկտրաէներգիա: Եթե, ասենք, Մեծամորի ԱԷԿ-ը թողարկի 407 մգվ-ին հասանելիք 2,8 մլրդ Կվտ ժամը: Այս ցուցանիշն է արձանագրվել 1985-ին, որը հիմա հազիվ կազմում է 2-2,3 մլրդ Կվտժամ, ներառյալՙ սեփական կարիքների համար օգտագործվողը, որը միլիոնավոր Կվտ ժամերով է հաշվվում: Արդյունքում ստացվում է , որ ատոմակայանն իր հզորությամբ աշխատում է տարվա 8760 ժամերից միայն 5000 ժամերը, եւ այս պարագայում խոսել էժան էլեկտրաարտադրության մասին, արդյունավետության զգալի պակասի դեպքում, տեղին չէ: Որեւէ երկրի ատոմակայանում, մերն էլ բացառություն չէ, հազարավոր մարդիկ են աշխատում, հումք է ձեռք բերվում, կայանը հսկայական տարածք է զբաղեցնում: Իսկ հիդրոկայանների պարագայում պատկերն այլ է. տարբեր տարիներ հէկ-եր այցելություններիս ընթացքում դրանցում էապես սահմանափակ անձնակազմերի եմ հանդիպել:

Վերադառնալով բուն թեմային նշեմ, որ Հոլանդիայում էլ են 1 ռեակտոր շահագործում, հզորությունը 482 մգվտ, 2019-ի տարեկան էլեկտրաէներգիայի արտադրանքըՙ 3,7 մլրդ Կվտ ժամ, ստացվում է 7600 ժամ աշխատանք: Մեծամորի ԱԷԿ-ի ռեակտորի համեմատ հզորությունը 20 տոկոս է ավելի, իսկ էլարտադրությունը կրկնակին է: Սա տնտեսականից զատ այլ թեմա է, թերեւս նաեւՙ անվտանգային, որի շուրջ զրույցը կարող է այլ տեղ տանել: Այ սա անվերապահորեն կարելի է արդյունավետություն համարել: Բոլոր տվյալները վերցվել են ԱՄՆ-ում 1868 թվականից լույս տեսնող «Համաշխարհային փաստեր. 2021» տեղեկատուից, որի հրատարակողը ՄԱԳԱՏ-են է եւ տվյալ երկրների ազգային վիճակագրական ծառայությունները:

Եվ հարցըՙ կհաջողի՞ արդյոք ՀՀ տնտեսագիտա-տնտեսվարական մտքին ինչ-որ բան փոխել հենց թեկուզ մեն-միակ այս ոլորտում արդյունավետության առումով, հնչում է ինքնաբերաբար: Խնդրով մտահոգ ՀՀ քաղաքացիս, որ նաեւ ակտիվ լրագրությամբ զբաղվելու նկատառումով մասամբ որոշակի լրատվության ու գործընթացների է տիրապետում, պակաս լավատես է: Թե ինչ կունենանք առաջիկայում, կապրենք կտեսնենք:

Հիշենք, որ ժամանակը հաճախ սպասվածից արագ է սահում, որի ընթացքում չլուծվող խնդիրները գերխնդիրների են վերածվում:
23.03.2021թ.