Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները․ Razm.info

166

Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նորերը, այդ թվում նաև՝ իր սպառազինություն մտած թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների մշտական տեղակայման համար։ Razm.info-ն այս հոդվածով անդրադառնում է ԱԹՍ-ների մշտական տեղակայման վայրերին։

«Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում գրել էինք, որ պատերազմի ընթացքում Bayraktar ԱԹՍ-ներն Ադրբեջանում տեղակայվել էին տարբեր ավիաբազաներում, հայկական կողմի հրթիռային հարվածներից դրանք հնարավորինս ապահովագրելու և «գետնի վրա» դրանց կորուստները նվազեցնելու համար: Պատերազմից հետո Ադրբեջանն այդ ԱԹՍ-ները մշտական տեղակայման է դրել նույն սկզբունքով, ընդ որում՝ հիմնականում նույն բազաներում, որտեղից աշխատել են պատերազմի ընթացքում։

Մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Եվլախի ԱԹՍ-ների բազայում արդեն իսկ եղած տարբեր չափերի անգարների հարևանությամբ կառուցում են ևս երկու նոր անգար, ղեկավարման կետեր և օժանդակ միջոցներ հենց Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար։ Շուրջ 30մ երկարություն և 18մ լայնություն ունեցող անգարները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրում տեղակայել 3 միավոր ԱԹՍ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ երկու անգարում միասին միաժամանակ տեղակայվելու է 6 միավոր ԱԹՍ։

Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ, այն արդիականացվում է և տեխնիկապես վերազինվում: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանն այս ԱԹՍ-ներից կարող է մշտական տեղակայման դնել նաև այլ վայրերում, իսկ, հաշվի առնելով նաև Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից»։