1972թ. ԽՍՀՄ-ը մերժեց Ալեքսանդր Սոլժենիցինի վիզայի հարցը մեկնելու Շվեդիա գրականության Նոբելյան մրցանակ ստանալու համար

45

Ալեքսանդր Սոլոժենիցինը ծնվել է Կիսլովոդսկում՝ 1918թ. դեկտեմբերի 11-ին։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը՝ ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։

1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։

Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ՝ Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։

Ձերբակալությունը և արդարացում

Հենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։

1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը՝ «Գուլագ արշիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։

Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։

Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։

Նոբելյան մրցանակ

1970-ին Սոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։

1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։

1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։

Եվ միայն 1989-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արշիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։

1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա