Ռուս բժիշկները սրտի վիրահատությունը շարունակել են հիվանդանոցում հրդեհի ժամանակ

213

Այն ընթացքում, երբ հրշեջները դրսից պայքարում էին կրակի հետ, բժիշկների խումբը հաջողությամբ ավարտել է սրտի բաց վիրահատությունը Ռուսաստանի հիվանդանոցում, որը հրդեհվել էր ուրբաթ օրը:

Բլագովեշչենսկ քաղաքում փայտե տանիքով շենքը հրդեհվել էր, և 60 հիվանդ տարհանվել էր, քանի որ շենքը ծխով էր լցվել: Սակայն առաջին հարկում ութ բժիշկներից բաղկացած թիմը շարունակում էր վիրահատությունը:

«Մենք պետք է փրկեինք այս մարդուն և մենք ամեն ինչ արեցինք», պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է սրտանոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Վալենտին Ֆիլատովը:

Բժիշկ Անտոնինա Սմոլինայի խոսքերով, հիվանդանոցի անձնակազմի շրջանում «խուճապ չկար»:

Հրդեհը, որը հավանաբար առաջացել էր էլեկտրական խնդրի պատճառով, հսկողության տակ է վերցվել, զոհեր չկան:

Տեղի իշխանությունները խոստացել են պարգևատրել վիրահատությունը շարունակած բժիշկներին և կրակը մարած հրշեջներին: Այս մասին գրում է AFP-ն։