Ներսիսյան դպրոցից հետո

80

1886 թվականի աշնանը Թումանյանը Թիֆլիս վերադառնալուց հետո սկսում է հաճախել քաղաքային գրադարան-ընթերցարան՝ երազելով բարձրագույն դպրոցում ուսումը շարունակելու մասին: Ըստ երևույթին, այդ ուղղությամբ արված փորձերը արդյունք չեն տալիս:

Հակառակ սովորելու իր բուռն ցանկությանը, անորոշ վիճակում հայտնված  Թումանյանը  ստիպված է լինում շատ կարճ ժամանակով աշխատել խանութներից մեկում: Այդ շրջանում միառժամանակ նա նաև մասնավոր ուսուցչի պարտականություններ է ստանձնում ոմն «բազազ-աղի» ընտանիքում:

Դպրոցը թողնելուց հետո Թումանյանը շարունակում է հանդիպումներ ունենալ գրասեր երիտասարդների մի փոքրիկ խմբի հետ, որի հիմնական անդամները լոռեցիներ էին. նրանք էին՝ Անուշավան Աբովյանը, Տիգրան Վերանյանը (Վրեն Տաշրեցի), Եգոր Խարազյանը:

1887 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Թումանյանը մամուլում հանդես է գալիս գրական իր առաջին ելութներով՝ ողողելով «Նոր-Դար»-ի և «Մշակ»-ի էջերը մի շարք անեկդոտներով՝ լոռեցիների կյանքից:

 Նույն այդ շրջանում Թումանյանը, հակառակ իր հակումներին, ստանձնում է գրագրի պաշտոն Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում միայն այն ակնկալությամբ, որ ստացած նվազագույն աշխատավարձով (ամսական 16 ռ. 66 կ.) կհոգա իր առօրյա կարիքները, հնարավորություն կունենա գրականությամբ զբաղվելու և հետագայում ուսումը շարունակելու:

Չնայած մեքենայական-հոգեսպան աշխատանքին՝ պաշտոնավարությունը կոնսիստորիայում հնարավորություն է տալիս Թումանյանին ծանոթանալու ամենատարբեր հարցերով այդ հիմնարկն այցելող հասարակության ներկայացուցիչների կյանքի պայմաներին, առօրյա հոգսերին, վարք ու բարքին, հոգեբանությանը:

Նրա կենսափորձի հարստացմանը մեծապես նպաստում էին նաև կոնսիստորիայի անդամ քահանաների հետ, հոգևոր գործերը քննելու նպատակով, Լոռու և այլ շրջանների գյուղերում կատարած շրջագայությունները: Դրանցից ստացած տպավարություններն ու խորհրդածությունները տեղ են գտել «Բորչալվում» ուղեգրության մեջ և «Հանցավորներ ու վկաներ» ակնարկում:

1887 թվականի սեպտեմբերին, պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Թումանյանը Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի բնակարանում տեսնում և սիրահարվում է վերջինիս որդեգրուհի օրիորդ Մարիամ (Օլգա) Մաճկալյանին:

Թումանյանի օր. Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը՝ Տեր-Հովհաննեսի կողմից հավանություն է գտնում և արտոնվում միայն բանաստեղծի քահանա դառնալու պայմանով: Սիրահար պատանին ստիպված է լինում ստորագրել առաջարկված պայմանագիրը: Համաձայն որի՝ մինչև Թումանյանի քահանա դառնալը Տեր-Հովհաննեսն էր պարտավորվում հոգալ նորաստեղծ ընտանիքի ծախսերը:

1888 թվականի մարտի 24-ին տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի և Մարիամ Մաճկալյանի նշանադրությունը: Այդ կապակցությամբ Թումանյանը գրել էր մի քառատող բանաստեղծություն ՝ «Արծվիկ» խորագրով (չի պահպանվել):

Նույն թվականի ապրիլին հարսնացուի ծնողների համաձայնությամբ նա փոխադրվում է Տեր-Հովհաննեսի՝ Նորաշենի փողոցում գտնվող բնակարան՝ տանելով իր հետ ողջ ունեցվածքը՝ «մի ձեռք  սպիտակեղեն և երկու գիրք»՝ «Վերք Հայաստանի» վեպը և «Հյուսիսափայլ»-ի մի համարը:

1888 թվականի հունիսին Թումանյանը բավական լուրջ հիվանդանում է: Տեր-Թադևոսը որդուն տանում  է գյուղ, ուր մնում է մինչև ապաքինվելը: Վերադառնում է միայն սեպտեմբերի 20-ին:

1888 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունենում 19-ամյա Հովհ. Թումանյանի և 17-ամյա Մարիամ Մաճկալյանի ամուսնությունը: Թումանյանի կյանքում սկսվում է մի նոր շրջան: Ամուսնությունից մի քանի օր անց վերսկսվում են Թումանյանին քահանա ձեռնադրելու մասին խոսակցությունները:

Տեր-Հովհաննեսը նրան տիրացու է կարգել տալիս Վանքի եկեղեցում: Սակայն տիրացության շրջանը կարճատև է լինում: Կոնսիստորիայում ամենօրյա շփումները հոգևորականության հետ ամրապնդում են Թումանյանի այն համոզմունքը, որ հոգևոր կոչում ընդունելը նրան մշտապես պիտի կապեր խորթ ու անհարազատ միջավայրի հետ, ուր ընկել էր ակամա և որից ձգտում էր ազատվել:

1889 թվականի նոյեմբերից Մամբրե եպ. Սանասարյանի թեմակալ առաջնորդ դառնալուց հետո, Թումանյանի և կոնսիստորականների հարաբերությունները առավել սրվում են: Կոնսիստորիայում չարաշահումներն ու անիրավությունները ավելի հաճախակի են դարձնում բանաստեղծի բանավոր և գրավոր ընդվզումները «հոգևոր հայրերի» դեմ: Թումանյանի բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր արտացոլումն է գտել այդ տարիներին գրած նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ…», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»):

Իրավիճակն ավելի է լարվում, երբ Թումանյանը չհամակերպվելով ստեղծված նոր իրադրությանը, դրսևորում է իր բնավորության հիմնական գծերից մեկը՝ մտքի ազատությունն ու ինքնուրույնությունը:

1890 թվականի մայիսին, հակառակ կոնսիստորկանների, հաշվի չառնելով անգամ աշխատանքից ազատվելու հնարավոր հետևանքը, մասնակցում է Գր. Արծրունու գրական գործունեության 25-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ներկայացմանը:

1892 թվականի հունվարին հակառակ կոնսիստորիայի արգելքին, և չնայած իր անչափահաս լինելուն, Թումանյանը մշակակաների կողմից մասնակցում է եկեղեցական պատգամավորների ընտրությանը:

Ի լրումն ամենի, 1892 թվակականի մարտի 8-ին Թիֆլիսի թեմական պատգամավորների ընտրության առթիվ Թումանյանը գրում է «Մարշ» պարոդիան, որտեղ գովերգվում է Արծրունին ու «Մշակ»-ը, և պախարակվում Մամբրե եպ. Սանասարյանը:

Պարոդիայի գրությունից ընդամենը մի քանի օր անց, 1892 թվականի մարտի 14-ին, բանաստեղծը պաշտոնից ազատ է արձակվում:

1887 թվականի աշնանը, երբ Թումանյանը նոր էր սկսել պաշտոնավարությունը կոնսիստորիայում, մտերմանում է Ներսիսյան դպրոցի մի քանի աշակերտների հետ (Դավիթ Շահլամյանը, Արամ Առաքելյանը, Գրիգոր Վանցյանը, Արսեն Ղլտճյանը): Նրանք հայոց լեզվի և գրականության դասավանդման թերին ինքնազարգացմամբ լրացնելու նպատակով կազմել էին գրական մի շրջան: «Հնգյակը» պարբերաբար, մեծ մասամբ շաբաթ օրերին ունենում էր հանդիպումներ և պարապմունքներ: Այն մեծ դեր է կատարում Թումանյանի գրական կյանքում: Տեղի տալով ընկերների պնդումներին, Թումանյանը հրապարակ է բերում իր բանաստեղծությունների տետրը, որի բովանդակությունը կազմում էր՝ «Շունն ու Կատուն», «Արև ու Լուսին», «Ամառվա գիշերը գյուղում», «Գութանի երգը», «Հին օրհնություն», «Մարոն», «Ալեք», «Նահատակ», «Լոռեցի Սաքոն» և այլն:

Ծանոթանալով իրենց բանաստեղծ-ընկերոջ ստեղծագործություններին, 1889 թ. վերջին «Հնգյակի» անդամները հղանում են դրանք մի առանձին գրքով հրատարակելու միտքը:

Պատանիների այդ խմբակը չէր կարող զերծ մնալ նաև 1880-ական թվականների վերջերին վերելք ապրող հայ ազգային ազատագրական շարժման գաղափարական ազդեցությունից, որոնցով ոգևորված էր Թիֆլիսի ողջ առաջադիմական երիտասարդությունը:

Ան. Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-1887 թվականներին բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ՝ Օլգա Մաճկալյանի հավաստմամբ, Թումանյանը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Գոլոշյանի հետ. 1888 թվականին նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով ետ է մնացել: 1889 թվականի մայիսին ստացվում է Գոլոշյանի սպանության լուրը:

Հետագայում բանաստեղծի արած ինքնակենսագրական շատ համառոտ նշումը՝ «Հեղափոխություն.-Գոլոշյան-հիվանդություն…», վավերացումն է կնոջ և Ան. Աբովյանի վկայությունների:

Այսպիսով՝ բանաստեղծի թիֆլիսյան կյանքի առաջին տարիները կարելի է համարել առավելապես կենսափորձի և տպավորությունների հարստացման, աշխարհաճանաչման, զգացած-ապրածի իմաստավորման, գրական-հասարակական հայացքների ձևավորման շրջան:

Աղբյուր