Մի հեղաշրջման փորձի պատմությունից

84

Ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում սկսվեց 2016թ. հուլիսի 15-ին, ժամը 04:45-ին: Ժամը 04:30-ին, հուլիսի 17-ին, ըստ Թուրքիայի Զինված ուժերի հրամանատարության հայտարարության, խռովության փորձը համարվեց վերջնականապես տապալված:

Վերոհիշյալ խռովությունը թվով 5-րդ ռազմական հեղաշրջման փորձն էր Թուրքիայում:

***

Նախագահ Ռ.Թ.Էրդողանը «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ կարեւոր հայտարարություն է արել, նշելով, որ հեղաշրջման մասին առաջինը իրեն տեղեկացրել է իր բարեկամը: Էրդողանը ուշադրություն է հրավիրել Թուրքիայի հետախուզության թերացումների վրա: «Սկզբում ես չցանկացա հավատալ բարեկամիս խոսքերին, բայց հետո, երբ այդ տեղեկությունը հաստատվեց MIT-ի (Թուրքիայի ազգային հետախուզության) կողմից, ես եւ էներգետիկայի նախարարը համապատասխան քայլեր ձեռնարկելուց հետո մեկնեցինք Դալաման (շրջան, որը տեղաբաշխված է Անատոլիայի հարավ-արեւմուտքում: Շրջանի կենտրոնը նույն անունը կրող քաղաք է, որը հայտնի է «Երկնագույն ծովափ» անունով եւ համարվում է հանգստյան գոտի)…

Մի փոքր պատմական էքսկուրս մինչեւ հեղաշրջման փորձը:

Երկրի բանտերը լեփ-լեցուն էին Թուրքիայի քաղաքացիներովՙ այդ թվում զինծառայողներով, գյուլենականներով (FETO-ի գործով), «Բալյուզի» գործով անցնող շատ անձիք, փակվել էին գյուլենական շատ դպրոցներ Թուրքիայում, Ռուսաստանում, Թուրքմենստանում…

Ծանոթություն 1. FETO կազմակերպության հիմնադիրը այժմ 80-ամյա Ֆեթուլլահ Գյուլենն է, Էրդողանի նախկին հավատարիմ զինակիցը, այժմ նրա ոխերիմ թշնամին, վտարանդի, 1999թից ԱՄՆի Փենսիլվանիա նահանգի բնակիչ, «արդի իսլամը եւ ժողովրդավարություն» սինթեզի հեղինակ:

Գյուլենը չափազանց հարուստ մարդ է (ունեցվածքը կազմում է 50 մլրդ. դոլար), ունի բազմահազար կողմնակիցներ (մոտավորապես 5 մլն. մարդ), ֆինանսավորում է տասնյակ դպրոցներ, համալսարաններ, նախակրթական հոսքեր: Նրա ուսմունքի հետեւորդներից էր նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովը:

Հեղաշրջման փորձից քիչ առաջ Էրդողանը 21000 ուսուցիչների եւ դասավանդողների, կասկածելով նրանց FETO-ի հետ կապերում, զրկեց դասավանդելու իրավունքից:

Ո՞րն էր Էրդողանի նպատակը, գուցե՞ քարուքանդ անել աշխարհիկ կրթական համակարգը, աշխարհիկ պետությունը, որը հիմնադրվել էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից: Նա հրահանգել էր նաեւ Թուրքիայի որոշ բնակավայրերից հանել Աթաթուրքի հուշարձանները: Ենթադրվում է, որ Էրդողանը ծրագրել էր դառնալ բոլոր մահմեդականների խալիֆը ամբողջ աշխարհում, իսկ դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին հզորացնել իսլամի դերը հենց Թուրքիայում:

Ըստ որոշ ամերիկյան աղբյուրների FETO-ի շատ անդամներ համագործակցում են ԱՄՆ-ի Դաշնային հետաքննությունների բյուրոյի (FBI) եւ Կենտրոնական Հետախուզական վարչության (CIA) հետ:

***

Եվ այսպես, հեղաշրջման փորձը ձախողվեց, ձախողվեց նաեւ Էրդողանի դեմ ծրագրվող մահափորձը, որն այդ պահին գտնվում էր Բոդրում քաղաքի «Մարմարիս» հյուրանոցում (Թուրքիայի հարավ-արեւմուտքում): Ո՞վ էր այդ խորհրդավոր բարեկամը, որն զգուշացրեց Էրդողանին հեղաշրջման մասին: Ըստ օպերատիվ վարկածներից մեկիՙ Սիրիայի Խմեյմիմ եւ Լաթաքիա քաղաքներում տեղակայված ռուսական ռազմական հենակետերում տեղաբաշխված գլխավոր հետախուզական վարչության ռադիոհետախուզության եւ ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումները ալիքակալել, գաղտնազերծել եւ վերծանել էին խռովարար գեներալների, գնդապետների եւ նրանց «խնամակալների» գաղտնի խոսակցությունները: Ընդ որում, ըստ այդ նույն վարկածի, խռովարար գեներալների (որոնց մեծ մասը ռազմա-օդային ուժերից էին) շտաբը տեղակայված էր «Ինջիրլիք» ավիաբազայի տարածքում, որտեղ տեղաբաշխված են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի այլ ռազմական հենակետեր: «Ինջիրլիքը» Խմեյմիմից 200 կմ հեռավորության վրա է գտնվում: Իսկ այնուհետեւ, իհարկե, ռուսական հետախուզությունը զեկուցում է նյութերը Մոսկվա, իսկ այնտեղ ընդունվում է համապատասխան «բարեկամական» որոշումը: Իհարկե այդ տեղեկատվությունը Էրդողանին փոխանցողը նրա համար ե՛ւ բարեկամ է, ե՛ւ եղբայր, ե՛ւ ռազմական դաշնակից: Եթե իհարկե այս վարկածը ճիշտ է, իհարկե որոշումը հազիվ թե հապճեպ ընդունված լինի, երեւի թե հաշվարկվել են բոլոր «կողմ» եւ «դեմ» վարկածները, կանխատեսումները, թանկարժեք զինատեսակների հնարավոր բիզնեսը, գազատարների կառուցումը, տարածաշրջանային խնդիրները, ՆԱՏՕ-ից դաշնակից պոկելու հավանականությունը եւ այլն, եւ այլն: Միայն թե կյանքը ցույց տվեց, որ ոչ միշտ են իրականանում օպերատիվ կանխատեսումներըՙ Թուրքիան բարեկամ է, երբ թանկարժեք զենք է գնում, ատոմակայան կառուցելու պայմանագիր է կնքում, բայց եւ ախոյան է, երբ խանգարում են նրան Մեծ Թուրանի նախագծերն իրականացնել, երբ հարկավոր է Ղրիմի դեմ ագրեսիա իրականացնել, երբ հարկավոր է դեսպան Անդրեյ Կառլովին սպանել (2016թ. դեկտեմբերի 19-ը):

Երկրորդ օպերատիվ վարկածը այնքան էլ հեռու չէ առաջինից: Նույն ռուսական հետախուզությունը ձեռք է բերում օպերատիվ տեղեկատվությունը հեղաշրջման վերաբերյալ, զեկուցում է Մոսկվա, եւ ոչ թե պետության ղեկավարն է փորձում միավորներ ձեռք բերել (անձամբ հայտնելով), այլ տեղեկատվությունը հեռարձակվում է քիչ պաշտպանված կամ ընդհանրապես բաց կապի ալիքներով: Այս դեպքում արդեն հաղորդումը գրավում են բոլորը, ովքեր չեն ծուլանում, տեղից վեր կացողը, նույնիսկ հեղաշրջում պատրաստողները, եւ նրանց հնարավորություն է տրվում դադարեցնել, կանգ առնել: Սակայն հեղաշրջման հեղինակները խառնաշփոթի մեջ ընդամենը ծրագրված գործողությունները գիշերվա ժամը 3:00-ից տեղափոխեցին նախորդ օրվա երեկո (այսինքն հուլիսի 15-ի երեկո)…

Էրդողանը եւ նրան հավատարիմ ուժերը հաղթեցին: Երկրում սկսվեց մի կատարյալ քաոս, որտեղ ղեկավարում եւ տիրապետում էր վրեժխնդրությունը: Հեղաշրջման տապալումից հետո, առաջին մի քանի օրերի ընթացքում, պետական հաստատություններից հեռացվել են 76000 հոգի, կալանավորվել են 16899 հոգի, բանակից հեռացվել է 149 գեներալ (30-ը ռազմա-օդային ուժերից), ձերբակալվել գեներալներ, ծովակալներ, գնդապետներ, ավիաբազաների հրամանատարներ, դաշտային բանակների (3-րդ եւ 4-րդ) հրամանատարներ, զորամիավորումների հրամանատարներ, ԳՇ-ի վարչությունների պետեր, նույնիսկ TRT հեռուստաընկերությունից հեռացվել են 300 մարդ եւ ոմանք էլ ձերբակալվել: Բանակը գլխատվեց, հատկապես տուժեցին ռազմա-օդային ուժերը, օդաչուների մեծ մասը հեռացվեց աշխատանքից կամ կամովին հեռացան (F-16 եւ F-4 տեսակի ռազմական ինքնաթիռների 450 օդաչուների եւ ինքնաթիռներ սպասարկողների աշխատատեղեր բացվեցին):

Զարմանալի է, որ Թուրքիայի թշնամիներից ոչ մեկը չօգտվեց այդ իրավիճակից, մինչդեռ մեր տարբերակումՙ մեզ եւ մեր երկիրը «կուլ կտային» հաշված ժամերի ընթացքում…

Շարունակելի

Նկար 1. Տանկը ճխլում է ավտոմեքենան

Նկար 3. Շփոթված Էրդող

Նկար 4. Մարդիկ փորձում են կանգնեցնել տանկը