Մեր երկրում սահմանադրական կարգի տապալման համար դատվում էին մարդիկ, որոնք իսկապես պետք է դատվեին, բայց գործը մինչեւ վերջ չհասավ. իրավապաշտպան

103

Եթե դատախազությունը մտադիր է  վերաորակել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված մեղադրանքը,  ապա  շատ կոնկրետ պետք է նշի, թե նա ինչ հոդվածով է պատրաստվում վերաորակել, քանի որ մենք պետք է հասկանանք, դա տրամաբանական է, թ՞ե ոչ, – այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասին:

Մելիքյանը նշեց, որ երեկ լսել է գլխավոր դատախազի տեղակալին, որն ասում էր, թե ընդհանուր եւ հատուկ նորմերի հարաբերություն կա այս 309 հոդվածի, այսինքն` պաշտոնական լիազորությունների վերազանցման եւ սահմանադրական կարգի տապալման։

« Նա օրինակ էր բերում, ծանրացնող հանգամանքներով սպանության դեպքը, որ, օրինակ, եթե մի ծանրացնող հանգամանքը հակասահմանադրական ճանաչվի ի՞նչ անենք, հասարակ սպանության համար մարդուն դատենք, թե` ոչ: Այդ օրինակը, ճիշտ օրինակ էր, սակայն, այս դեպքը ոչ մի կապ չունի մեր իրականության հետ: Կարծում եմ, որևէ մեկի մտքով չի կարող անցնել, որ պաշտոնական լիազորությունների սահմանազանցումը ընդհանուր պետք է դիտել սահմանադրական կարգի տապալման հանցակազմի նկատմամբ, մի շատ պարզ պատճառով, քանի որ սահմանադրական կարգի տապալումը որեւէ կերպ չի ենթադրում, որ ինչ-որ պաշտոնատար անձինք պետք է լինեն: Ասեմ ավելին, մեր երկրում սահմանադրական կարգի տապալման համար դատվում էին մարդիկ, որոնք  իսկապես պետք է դատվեին հենց այս հոդվածով, որը այնպես էլ մինչեւ վերջ չհասավ, այդ թվում ներկայիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը:

Ես կարծում եմ, որ սա արժանապատիվ ձեւով պարտությունը ընդունելու հուսահատ փորձեր են, որոնք էլ ավելի են վատացնում այս վատ տպավորությունը ստեղծված իրավիճակից»,-նկատեց իրավապաշտպանը:

Աղբյուր` Փաստինֆո