Մենք նիստերի դահլիճը չենք լքել, դատավորը չի հայտարարել, թե որքա՞ն ժամանակով է ընդմիջում հայտարարում. Սեյրան Օհանյան

67

Մենք նիստերի դահլիճը չենք լքել, դատավորը հայտարարել էր ընդմիջում և ընդմիջման համար մենք հարցրեցինք՝ որքա՞ն ժամանակով է ընդմիջում հայտարարում, ինքը պատասխանեց,՝ որքան անհրաժեշտ է, այդքան էլ կլինի ընդմիջում, ընդ որում, մի քանի անգամ ենք հարցրել, որպեսզի հասկանանք՝ ինչպե՞ս տնօրինենք ժամանակը: Մենք սպասել ենք, տեսել ենք, որ չի սկսվում, գնացել ենք: Սովորաբար դատավորը հայտարարում է, թե ընդմիջումը քանի րոպե է լինելու, դրա համար այդպես ստացվեց: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

«Այդ ամենը նաև արդյունք է նրան, այսօր դատական նիստի ժամանակ, նաև նախորդ նիստերին, դատավորը պետք է քննարկեր ՍԴ 300.1-րդ հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումն իրականացնելու ընթացքը: Արդեն երկրորդ նիստն է դատավորը միտումնավոր ձգձգում է. այսօր մենք մի քանի անգամ հարցրեցինք՝ ինչու՞ չեք հայտարարում, որ հոդվածով եք դուք նիստը վարում, բայց ինքը այդպես էլ չհայտարարեց, ասաց՝ կարիք չկա»,-ասաց Օհանյանը:

ՊՆ նախարարն արձանագրում է՝ դատավորը և դատախազները միտումնավոր ամեն բան անում են՝ խառնաշփոթ ստեղծելու և ՍԴ որոշման իրացումը ձգձգելու համար:

«Այսօր հիմնական խնդիրը ՍԴ որոշումն ի կատար ածելն է, պետք է իրենք կարճեն այդ հոդվածով մեզ վրա իրականացվող քրեական գործընթացը: Անհրաժեշտություն չկա էլ, որ մենք նիստում լինենք, որովհետև դատավորը պետք է կարճի»:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չկա, որ այս ամենը կհամարվի անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և որոշում կկայացվի խափանման միջոց փոխել, ՊՆ նախկին նախարարը պատասխանեց.

«Ես այնպիսի կյանք եմ անցել, որ որևէ բանից մտավախություն չունեմ: Ի՞նչ հոդված կա մեզ վրա, որ մի հատ էլ միջնորդություն փոխեն: Մեզ վրա դրված հոդվածը հակասահմանադրական է, ինչու՞ պետք է մտավախություն ունենանք»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Աղբյուր` Փաստինֆո