Մարտ ամսին ԱՄՆ հարավային սահմանին ձերբակալվել են ռեկորդային թվով միգրանտներ

82

ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանությունը մարտ ամսին Մեքսիկայի հետ սահմանին ձերբակալել է ավելի քան 171,000 միգրանտի, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2006 թվականից ի վեր: Այս մասին հաղորդել է Washington Post-ը՝ վկայակոչելով սահմանային ծառայության զեկույցը:

Դրա համաձայն, անցյալ ամիս սահմանին ձերբակալվել է ավելի քան 18 հազար անչափահաս, ինչը 99%-ով գերազանցում է այս տարվա փետրվարի ցուցանիշը: Բացի դրանից, բերման է ենթարկվել 53 հազար մարդ, ովքեր իրենց ընտանիքի հետ փորձել են հատել ամերիկյան սահմանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը վերջերս խիստ քննադատության է ենթարկվում՝ հաշվի առնելով Մեքսիկայից ապօրինի մուտք գործել փորձող մարդկանց աճը: Մասնավորապես, քաղաքական հակառակորդները պնդում են, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի ներգաղթի հարցում ԱՄՆ նոր նախագահի չափազանց մեղմ մոտեցման արդյունքն է: