Կոմանդոսն ընկավ

70

Մարտի 31-ին կյանքից հեռացավ հայ ժողովրդի արժանի-նվիրյալ զավակ, Արցախի հերոս, «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը ` բոլորիս աներկբա հարգանքն ու սերը վայելող լեգենդար Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադեւոսյանը ծնվել է 1939թ. մայիսի 22-ին` Թբիլիսիում: Դեռ երիտասարդ տարիներից նրան գրավել է ռազմական գործը, որի արդյունքում էլ նա հաջողությամբ ընդունվել եւ ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանն ու Լենինգրադի տրանսպորտի եւ թիկունքի ակադեմիան: Խորհրդային տարիներին Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում ու Բելառուսում Կոմանդոսը փայլուն ծառայություն է իրականացրել, բայց հետո էր գալու նրա զինվորական փառքի ժամանակաշրջանը: Հայրենիքում` Արցախում էր նա պատասխանելու իրեն տրված ճակատագրական հարցին` լինել-չլինելու պատասխանը: Այդ պատասխանը դրական էր:

Նա հենց 1988 թվականից սկսած` իրենը, իր անձնական խնդիրը համարեց Արցախյան շարժումն ու միացավ հայրենիքի պաշտպանության գործին: Բացի այն, որ նա ռազմական երկար ուղի էր անցել, փայլուն կրթություն ստացել, նա օժտված էր նաեւ բնատուր ռազմական տաղանդով, որն այն ժամանակ խիստ անհրաժեշտ էր միայն կամավորական խմբեր ունեցող Հայաստանին:

Կոմանդոսն իր ունեցած ռազմական իմացություններն սկսեց փոխանցել համազգային գործի հետ առնչություն ունեցող շատ շատերին, բայց նա հիմնական ուշադրությունը դարձնում էր կամավորական խմբերին, որոնք պետք է մարտական խնդիրներ լուծեին: Տարիների բովում ձեռք բերած իմացությամբ նա կարճ ժամանակում կարողացավ զգալի արդյունքներ գրանցել եւ կամավորներին բերել մարտական ու մարտավարատեխնիկական բարձր պատրաստության:

1990 թվականին Կոմանդոսը միանում է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատին,: Սա այն ջոկատն էր, որ մասնակցելով Մարտակերտի, Բերձորի, Վարանդայի, Ակնայի եւ այլ ուղղությունների մարտական գործողություններին` Արցախյան ազատամարտի պատմության էջերում ոսկե տառերով է գրել իր անունը:

1991թ. Կոմանդոսը նշանակվում է Պետական պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ: Արդեն նույն թվականի հոկտեմբերին հայկական զինված ստորաբաժանումները փայլուն ռազմագործողություն են իրականացնում Հադրութի շրջանում եւ ազատագրում Տող գյուղը: Արցախում ռազմական օպերացիաների ղեկավարման ընթացքում դա առաջին լուրջ հաջողությունն էր, որ գրանցեց Կոմանդոսը: Առհասարակ, կարելի է ասել, Տողից սկսվեց ազատագրական պայքարի արդյունավորումը:

Բայց նրա ռազմական տաղանդի մեծագույն դրսեւորումը Շուշիի ազատագրման պլանն էր, մի բան, որն աներկբա, ոչ միայն Կոմանդոսի, այլեւ մեր նորագույն պատմության ամենատպավորիչ ստեղծագործություններից մեկն է: Այդ պլանի համաձայն` 1992թ. մայիսի 8-9-ը հայկական զորքերը ազատագրեցին հայոց հնագույն բերդաքաղաք Շուշին` բեկում մտցնելով Արցախյան ազատամարտի հետագա ընթացքի մեջ: Շուշիի փայլուն ռազմագործողությունը հնարավորություն ընձեռեց մոտ տասն օր անց` մայիսի 17-18-ին ազատագրել նաեւ Բերձորը, ճանապարհ բացել մայր Հայաստանի հետ ու քառամյա շրջափակումից դուրս բերել Արցախը:

Ահա այսպես` Կոմանդոսը եղավ հայոց նորագույն պատմության փառավոր մատյանի` Արցախյան ազատամարտի ամենակարեւոր էջերից մեկի նկարազարդողն ու համահեղինակը:

Արցախյան ազատամարտից հետո Կոմադոսն զբաղվել է հասարակական-ռազմական գործունեությամբ, նա ոգեշնչման աղբյուր է եղել մեր սերնդի համար, հերոսականության իսկական օրինակ, Արցախյան ազատամարտի կենդանի հուշարձան ու մի ուրույն, մի նոր, չլսված մարտակոչ, որից ոգշնչվելով` այնքան երիտասարդ կյանքեր զոհվեցին հանուն հայրենիքի:

Դավադրություններով լեցուն վերջին պատերազմում, ցավոք, ընկավ Շուշին, Կոմանդոսի ազատագրած եւ այնքան սիրելի, նվիրական Շուշին: Ազնիվ հրամանատարը չկարողացավ , չուզեց երբեւէ սեփական աչքերով տեսնել հայոց հնագույն բերդաքաղաքի վրա ծածանվող թուրքական ու ադրբեջանական դրոշները եւ ինքն էլ ընկավ… Շուշիի պես` հաստատելով այն չարագուշակ կանխատեսումները, թե «Շուշիի կորուստը Կոմանդոսը չի հաղթահարի, եւ երբեք գլուխ կախ, Շուշի ադրբեջանական դրոշների տակով չի անցնի Ստեփանակերտ: Նա Կոմանդոսն է»:

Հիմա չկա Կոմանդոսը, ինչպես եւ չկա նրա գեղեցիկ ստեղծագործության արդյունքում մոտ երեք տասնամյակ մերը եղած Շուշին: Մենք կորցրեցինք երկուսին էլ, եւ հիմա… հիմա Կոմանդոսը երկնքում է: Նայում է Շուշիում ծածանվող թշնամական դրոշներին ու տանջվում:

Կոմանդոսի մահը թող իր համար մահ լինի, մեզ համար` վրեժի խնդիր: Նաեւ հանուն Կոմանդոսի հոգու հանգստության` մենք խնդիր ունենք Շուշին վերստին ազատագրելու, մաքրելու եւ այնտեղ, մի գեղցիկ պուրակում կանգնեցնելու Կոմանդոսի արձանը:

Լույսերի մեջ մնաս, հերո՛ս: Շուշին կազատագրվի, եւ կտեսնես, որ մի նոր Դուշման Վարդան շամպայն է ցողում շիրմիդ` հանդարտ ասելով. «Հանգստացիր, Կոմանդոս, Շուշին ազատագրված է»:

Հերոսական կերպարովդ միշտ ոգեշնչվող` Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ