Էլիս Քելեփրայզ. խորը արմատներով՝ երկու մշակույթներում

74

Ամերիկյան գրող, խմբագիր Էլիս Քելեփրայզը ծնվել է 1941 թվականին, Բեռլինում, գերմանացի հոր եւ հայ մոր ընտանիքում: Մայրական պապըՙ Արտաշես Աբեղյանը (1878-1955), 20-րդ դարի առաջին կեսի ականավոր մտավորականներից էր, Մանուկ Աբեղյանի եղբորորդին: Նա դոկտորի կոչում է ստացել Գերմանիայում, այնուհետեւ դասավանդել է Բեռլինի եւ Մյունխենի համալսարաններում: Ի թիվս այլ աշխատություններիՙ հրատարակել է գերմաներեն-հայերեն քերականություն եւ բառարան, հին եւ ժամանակակից Հայաստանի քարտեզ, թարգմանել է Գյոթեին հայերեն եւ հայ գրողներինՙ գերմաներեն: Եղել է նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ:

1951-ին տասնամյա Էլիսը մոր եւ կրտսեր քրոջՙ Մարգիտի (հետագայումՙ Մարգիտ Հազարապետյան) հետ գաղթել է ԱՄՆ: 1963 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանըՙ սոցիոլոգիայի եւ Մերձավոր Արեւելքի ուսումնասիրությունների մասնագիտությամբ: 1970-ին ամուսնու եւ երկու զավակների հետ տեղափոխվել է Նյու Ջըրսի նահանգի Փրինսթոն քաղաք: 1978-2002 թվականներին աշխատել է որպես Փրինսթոնի համալսարանի հրատարակչության ավագ խմբագիր եւ դարձել մի քանի գրքերի հեղինակ ու խմբագիր: Էլիս Քելեփրայզն այժմ բնակվում է հյուսիսային Կալիֆոռնիայի Նովատո քաղաքում…

– Սիրելի՛ Էլիս, ես ձեր մասին առաջին անգամ իմացել եմ ձեր մորիցՙ հանգուցյալ տիկին Ռուզան Աբեղյանից (որից ստացած նամակները պահում եմ սիրով եւ ակնածանքով): Հեռավոր 1996-ին նա ինձ ուղարկեց ձեր առաջին գրքիՙ «Մեջբերելի Էյնշտեյնի» առաջին հրատարակությունը, որը հետագայում թարգմանվեց շուրջ 25 լեզուներով: Ես ուրախ էի կարդալ այդ գիրքը, որը բացահայտեց Ալբերտ Էյնշտեյն մարդու շատ կողմերը: Այն հետագայում ունեցավ երեք լրացված հրատարակություն, դուք նաեւ կազմեցիք Էյնշտեյնին ուղղված երեխաների նամականի, մեծ գիտնականի գրությունների մատենագիտությունը եւ նրա կենսագրությունը պատանիների համարՙ գրված Թրեւոր Լիփսքոմբի հետ: Ձեր գերմաներենի իմացության, ինչպես նաեւ գրելու եւ խմբագրելու հմտությունների շնորհիվ դուք դարձաք այն մարդկանցից մեկը, որոնք նպաստեցին ի հայտ բերել Էյնշտեյնի կյանքի, ժառանգության եւ անհատականության նախկինում անհայտ կողմերը: Էյնշտեյնի հետ կապված 42,000 փաստաթղթերից որքա՞նն է ներկայացվում լայն լսարանին:

– Արծվի՛, հրաշալի է այս հարցազրույցն անել ձեզ հետ: Առաջին ու վերջին անգամ մենք հանդիպեցինք 2003-ին, Փրինսթոնում, ինչը մեզ հնարավորություն տվեց զրուցելու մեր ընտանիքների եւ գուցե նաեւՙ Էյնշտեյնի արխիվի շուրջ իմ երկարամյա աշխատանքի մասին: Դժվար է գնահատել, թե արխիվի քանի՛ տոկոսն է առկա իմ գրքերում: Արխիվային փաստաթղթերի մեծ մասն արտացոլում է գիտնականի աշխատանքի բարդությունը, անհատականությունը ու նրա ապրած ժամանակը: Այժմ հազարավոր ավելի փաստաթուղթ կա, քան 43 տարի առաջ, երբ ես պատրաստեցի արխիվի նախնական համակարգչային ցուցակը, որի հիմքը դրեց պրոֆեսոր Ջոն Սթեյչելը: Իմ գրքերում ես փորձել եմ փոխանցել Էյնշտեյնի ուշագրավ կյանքի որոշ դրվագներ, որոնք իմ գրքերը տպագրվելու ժամանակաշրջանում կարելի էր գտնել արխիվում: Ես ո՛չ ֆիզիկոս եմ, ո՛չ էլ գիտության պատմաբան, ուստի իմ գրքերը ստուգվել են մասնագետների կողմից, բայց գրված են լայն լսարանի համար: Էյնշտեյնը ոչ միայն ֆիզիկոս էր, այլեւ հումանիստ, խելացի քաղաքական ակտիվիստ, ուներ մի շարք հետաքրքրություններՙ փիլիսոփայություն, երաժշտություն, ճանապարհորդություններ եւ ծովագնացություն, իսկ որպես ժամանց սիրում էր թիավարել: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում, նրա մասին կան բազմաթիվ առասպելներ, որոնք գիտնականները փորձում են պարզաբանել:

– Եվ Էյնշտեյնի մասին ձեր գրքերի «պսակը» եղավ «Էյնշտեյն հանրագիտարանը», որը լույս տեսավ 2015 թվականինՙ երկու համահեղինակների հետ…

– Այո, ինձ թվում էր, թե օգտակար կլինի ունենալ մի փոքրիկ, «գրասեղանի» հանրագիտարան, որը կամփոփեր Էյնշտեյնի կյանքի հիմնական դրվագները: Ես հաճախ ցանկացել եմ նման տեղեկագիր ունենալ, երբ կատարում էի ուսումնասիրություններս եւ ժամերով բազում փաստեր էի որոնում: Էյնշտեյնով հետաքրքրվողներն այժմ կարող են արագ գտնել փաստեր նրա կյանքի, ընտանիքի, գործընկերների, աշխատությունների, գործունեության, մրցանակների, հետաքրքրությունների, հարաբերությունների եւ այլնի մասին: Երկու էյնշտեյնագետ գիտնական ընկեր, մեկը պատմաբան, մյուսըՙ ֆիզիկոս, որոնք աշխատել էին Ալբերտ Էյնշտեյնի հոդվածների ժողովածուների հատորների վրա, համաձայնեցին միանալ ինձ այս նախագծում: Ես խմբագրել էի մինչ օրս հրատարակված տասնհինգ հատորները եւ այդպիսով հեշտությամբ էի գտնում փաստերը: Հանրագիտարանը լույս ընծայեց Փրինսթոնի համալսարանի հրատարակչությունը: Կարծում եմՙ մեզ հաջողվեց ներկայացնել առավել օգտակար տեղեկատվությունը, այդ թվում` մի քանի հետաքրքրական արխիվային փաստաթղթերի եւ լուսանկարների վերարտադրություններ:

– Ձեր աշխատանքից կտրուկ անցում կատարենք ձեր հոբբիին: Լինելով անհագ ճանապարհորդՙ դուք այցելել եք շուրջ 45 երկիր: Ես նույնպես շատ եմ սիրում ճանապարհորդել եւ հասկանում եմ, որ յուրաքանչյուր երկիր ունի իր հետաքրքրությունը, բայց, այնուամենայնիվ, ո՞ր երկիրն է ձեզ համար առավել առանձնահատուկը:

– Շնորհակալ եմ իմ սիրած զբաղմունքի մասին հարցնելու համար: Իմ կարծիքով, լայնամասշտաբ ուղեւորությունները նույնքան կարեւոր կրթական գործունեություն են, որքան բազմազան գրքեր կարդալը: Ինձ միշտ հրապուրել են օտարն ու անհայտը, ինչպես ճանապարհորդության, այնպես էլ զբաղվելիք թեմաների մեջ: Քսանհինգ տարի առաջ ես հատկապես հետաքրքրվեցի աշխարհի այն հեռավոր մասերով, որտեղ շատերը չեն ցանկանում այցելել: Նաեւ լինելով վայրի բնության ու նրա պահպանության սիրահարՙ ուզում էի համատեղել իմ այդ երկու հետաքրքրությունները: Իմ առաջին էկո-ուղեւորությունը 1995-ին էրՙ Սիբիրի մի մասում, ռուսական Հեռավոր Արեւելքում: Ուղեւորությունը կազմակերպողներն այն անվանել են «Սիբիրյան մեծ կատուների հետքերով»: Ինչպե՞ս կարելի էր դիմակայել նման մի ուղեւորության, որի նպատակը վագրերի եւ Ամուրի ընձառյուծների հետեւից գնալն էր: Մենք առաջին ոչ գիտական խումբն էինք, որին թույլատրվեց մուտք գործել այդ տարածք Երկաթե վարագույրի անկումից հետո: Այդ ուղեւորության ընթացքում մենք այցելեցինք Ամուրի ափին մոտ գտնվող երեք արգելոց: Այսօր հավատս չի գալիս, որ ես նման բան արեցի, բայց դա տակավին իմ ամենահիշարժան ուղեւորությունն է: Բայց մենք վայրի մեծ կատուների չհանդիպեցինք, միայն տեսանք թաթի մի հսկայական հետք ցեխի մեջ: Ուղեվարներից մեկը գիպս լցրեց այդ հետքի վրա, պատրաստեց ձուլվածք ու հետագայում տվեց ինձ: Մենք նաեւ ստիպված եղանք բարձրանալ Ճապոնական ծովի երկայնքով ձգվող ժայռըՙ մեր հետազոտող տարածքում եղած բարձր ալիքների պատճառով, եւ կարծում եմ, որ սա կարող էր լինել իմ հասուն կյանքի ամենից վախենալի փորձը: Ես մանրամասն օրագիր եմ գրել այս ուղեւորության ժամանակ, ինչպես նաեւ չափահաս զավակներիս հետ Բոտսվանա, Մոնղոլիա եւ Չինաստան կատարած իմ հետագա ուղեւորությունների մասին: Հիշարժան էին նաեւ Իրանը, Պերուի Ամազոնյան ավազանը, Հնդկաստանը (երկու անգամ) եւ Ուզբեկստանը: Թերեւս հիշես, որ ինձ հաղորդակցեցիր քո մի ծանոթիՙ երաժշտագետ Ալեքսանդր Ջումաեւի հետ, որին հանդիպեցի Տաշքենդում: Ինձ նաեւ դուր եկան Ռուանդան, Քենիան, Բոտսվանան եւ Նամիբիանՙ վայրի կենդանիներ տեսնելու հնարավորության առումով: Ռուանդայում, ես եւ մի ընկեր, արկածախնդիրների եւ բեռնակիրների մի փոքր խմբի հետ, անձրեւոտ եղանակին բարձրացանք մի զառիթափ լեռ, որը գտնվում էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանին: Եվ այս ամենըՙ լեռնային գորիլաների ընտանիքին տված մեկժամանոց այցի համար: Բեռնակիրները հրացաններ էին կրում, բայց ոչ թե գորիլաներից, այլ կոնգոլեզական պարտիզաններից ու որսագողերից մեզ պաշտպանելու համար…

– Է՛լիս, դուք եղել եք նաեւ ձեր մոր երկրում, երբ այն դեռ Խորհրդային կայսրության մի մասն էր… Այդ ուղեւորության մասի՞ն ինչ կասեք:

– Իհարկե, հայաստանյան այցս նույնպես հիշարժան էր: Ես լսել էի մի խումբ հայերի մասին, որոնք 1986-ի սեպտեմբերին այնտեղ գնալու թույլտվություն էին ստացել, եւ որոշեցի միանալ նրանց: Հետո մայրս եւ քույրս նույնպես որոշեցին գնալ: Առանձնահատուկ փորձառություն էՙ առաջին անգամ շնչել այն օդը, որը դարեր շարունակ շնչել են նախնիներդ: Նույն զգացողությունը ես ունեցա նաեւ ավելի ուշ, երբ 1990-ականների սկզբին այցելեցի Բեռլին, որտեղ աչք էի բացել: Հայաստանում, իհարկե, մայրս շատ ավելի զգացմունքային էր, քան ես ու Մարգիտը: Մայրս կրկին Երեւանում էր, որտեղ անցկացրել էր իր մանկության մի քանի տարիները: 1966-ին նա արդեն կատարել էր իր առաջին այցը: Նրա բազմաթիվ հարազատներից մի քանիսը եկել էին հյուրանոցՙ հուզումնառատ հավաքույթի եւ ինձ ու Մարգիտին տեսնելու: Մեզ հիմնականում թույլ չէին տալիս բաժանվել մեր խմբից եւ ուղեկցորդից, պահանջում էին գիշերներն անցկացնել հյուրանոցում: Բայց իմ մի զարմուհին եւ նրա ընկերն ինչ-որ կերպ կարողացան թույլտվություն ստանալով (կամ միգուցեՙ առանց դրա)ՙ մեզ տանել քաղաքից դուրսՙ իրենց նախընտրած ռեստորանը մի բավականին հեռավոր, գյուղական վայրում, ավելի հեռու, քան մեզ, ըստ էության, թույլատրվում էր գնալ: Մենք կարողացանք նաեւ ինքնուրույն զբոսնել Երեւանում եւ շրջել մետրոյով, այցելել Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության ցնցող հուշահամալիրը եւ մի քանի գեղեցիկ եկեղեցիներ, որոնցով հայտնի է Հայաստանը: Մեզ հաջողվեց այցելել մեր զարմիկ նկարիչ Մհեր Աբեղյանինՙ Մանուկ Աբեղյանի որդուն, որը մեզ տարավ պատկերասրահ, որտեղ ցուցադրվում էին նրա նկարներից շատերը: Մեկ այլ զարմիկի փոքրիկ բնակարանում մենք վայելեցինք շքեղ ընթրիք եւ հիանալի հյուրընկալություն: Մայրս շատ ավելի հուզվեց, երբ այցելեցինք Թբիլիսի, որտեղ նա ծնվել էր եւ, ինչպես նշված է իր հուշագրության մեջ, անցկացրել էր իր վաղ մանկության ամենաուրախ տարիները: Նա մոտ յոթ տարեկան էր, երբ պապսՙ Արտաշես Աբեղյանը, Առաջին հանրապետության օրոք դարձավ խորհրդարանի անդամ եւ ընտանիքով տեղափոխվեց Երեւան: Դրանից հետո նրա կյանքում շատ վայրիվերումներ եղան. չորս տարի անցՙ արտագաղթ Գերմանիա, պատերազմ, ամուսնություն եւ ամուսնալուծություն, իսկ հետո Մարգիտի եւ ինձ հետ արտագաղթՙ Ամերիկա:

– Դուք տասնամյա երեխա եք եղել, երբ բաժանվել եք ձեր մայրական պապից. այնուամենայնիվ, ի՞նչ հիշողություններ ունեք Արտաշես Աբեղյանից:

– Պատերազմի տարիներին, երբ ես ծնվեցի Բեռլինում, տատիկս, պապիկս եւ մայրս գրեթե քսան տարի արդեն հաստատվել էին այնտեղՙ ներգրավված լինելով գերմանական կյանքին, բայց նրանք ջերմեռանդորեն փարված էին նաեւ իրենց հայկական մշակույթին: Գիտեմ, որ պապս եռանդուն կերպով ընդգրկված էր հայկական գործունեության մեջ, չնայած այն ժամանակ Գերմանիայի հայ համայնքը փոքր էր: Ես չգիտեի նրա որոշ զբաղմունքների մասին, միայն մորս մահից հետո կարդացի դրանց մասին: Գիտեմ, որ նրան հարգում էին տեղահանված հայերը, որոնք հայտնվեցին հետպատերազմյան Գերմանիայում: Մեզ ընդհանուր առմամբ ներկայացնում էին որպես նրա թոռներՙ մեզ ակնարկելով, որ պատիվ է նրա հետ առնչություն ունենալը:

Ցավում եմ ասել, որ պապիկիցս շատ բան չեմ հիշում, քանի որ ես գրեթե մոռացել եմ Գերմանիայում անցկացրած մեր տարիները, որոնք ինձ համար պատերազմի, հետպատերազմյան փորձառության ու կորուստների տարիներ էին: Պապիկիցս հիշում եմ ճաղատ գլուխըՙ թերթերի ու գրքերի վրա հակած, ինքնահոս գրիչը ձեռքին: Ժամանակ առ ժամանակ նա ինձ նստեցնում էր իր ծնկներին եւ ցույց էր տալիս, թե ինչպես պետք է գործածել բառարանը: Տատսՙ Նատաշան, ապրում էր նրա ստվերում, բայց կարծում եմ, որ նա նրան հավասար մտավորական էրՙ լինելով լավ կրթված, կոսմոպոլիտ, ընթերցասեր ու լավ պատմող: Կարծում եմ, որ տատիկս եւ պապիկս հիմնականում մեզ հետ խոսում էին գերմաներեն, իսկ մենք նրանց անվանում էինք Օմա եւ Օպա, այն բառերով, որ գերմանացի երեխաներն անվանում են իրենց տատիկ-պապիկին: Մայրիկիս հետ մենք խոսում էինք գերմաներեն, ավելի ուշՙ անգլերեն, այնպես որ ես երբեք հայերենին վարժ չեմ տիրապետել:

Բայց մենք սերտեցինք հայոց այբուբենը ու սովորեցինք գրել պարզ նախադասություններ, իսկ Մարգիտը մեր լեզվով շատ ավելի լավ է խոսում:

– Ձեր երիտասարդության տարիներին Դուք ներգրավված եք եղել ամերիկահայ համայնքի կյանքում: Հիշում եմ 1960-ականների ամերիկահայ մամուլում գերմաներենից անգլերեն հայկական հեքիաթներիՙ ձեր կատարած թարգմանությունները: Հետաքրքրական կլինի իմանալ այդ գործունեության մասին:

– Այո, Ամերիկա գալուց հետո մենք հայ համայնքի մաս կազմեցինք: Ես միացա Սան Ֆրանցիսկոյի Հայ երիտասարդների դաշնության (ՀԵԴ) պատանիներին, իսկ հետագայումՙ ավագներին: Քոլեջի տարիներին ես ՀԵԴ-ի ակտիվ անդամ էի եւ մի քանի պաշտոն զբաղեցրի, այդ թվումՙ ՀԵԴ-ի Արեւմտյան ափի խորհրդի նախագահի: Որպես պատվիրակ ներկա եմ գտնվել Արեւելյան ափի ազգային համաժողովներին եւ այս կերպ ծանոթացել Ամերիկայի այլ վայրերի հայկական համայնքների հետ: Նաեւ երկու ամառ որպես ճամբարի խորհրդական եղել եմ Մասաչուսեթսի «Արմենիա» ճամբարում, որտեղ յուրաքանչյուր խորհրդատու ուղղորդում էր մի խումբ երեխաների գործունեությունը: ՀԵԴ-ի իմ մի քանի գործընկերների հետ դեռ շարունակում եմ ընկերությունս: Բայց լինելով կես գերմանուհիՙ ես միշտ ինքնության խնդիր ունեի, քանի որ «հայ լինելու» ճնշումները շատ էին, իսկ երբեմն էլ ՙ վնասակար:

Ինչ վերաբերում է հայ ժողովրդական հեքիաթներին, պապս դրանք թարգմանել էր հայերենից գերմաներեն, որոնց մի մասը, հավանաբար, տպագրել է գերմանական թերթերում: Երբ դեռ երեխա էի, մայրս դրանք ցույց տվեց ինձ: Ես կարդացի, սիրեցի եւ որոշեցի գերմաներենից թարգմանել անգլերեն: Մայրս առաջարկեց դրանք ներկայացնել հայկական թերթերին, մի քանիսը տպագրվեցին մի քանի տարի անց: Մեծ տարիքում ավելի շատ հեքիաթներ եմ թարգմանել եւ մտադիր էի դրանք տպագրել առանձին գրքով, բայց հետո իմացա, որ մեկ-երկու հեղինակ արդեն արել են նման գործեր եւ հրաժարվեցի այդ գաղափարից:

– 2021 թվականին նոր գրքի եւ ճանապարհորդության ծրագրեր ունե՞ք:

– Նոր գրքի ծրագիր չունեմ, համենայն դեպսՙ Էյնշտեյնի մասին: Նրա մասին գրել շարունակելու դրդապատճառն արդեն անհետացել է, մանավանդ որ ես հեռացել եմ իմ գործընկերներից: Ինձ խնդրել էին համահեղինակ դառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո տեղահանված հայերի եւ Գերմանիայում գտնվող նրանց ճամբարի վերաբերյալ մի գրքի, բայց վերջերս հասկացա, որ այդ թեմայով որպես հեղինակ չեմ կարող հանդես գալ: Ես արդեն գնել էի Եվրոպայում հետպատերազմյան տեղահանվածների մասին մի քանի գիրք եւ հետաքրքրված էի այդ թեմայով, ուստի առաջարկեցի համագործակցել այլ կերպ: Փոխարենը որոշեցի փորփրել իմ սեփական ընտանեկան պատմությունը, ինչպես հաճախ անում են իմ տարիքի մարդիկ: Պատահաբար, անցյալ տարի իմ մի գերմանացի զարմիկն ինձ հայտնեց, որ իր հանգուցյալ մոր թողոնի մեջ մի տուփ հին նամակներ է գտել: Դրանց մեջ կային մորս, հայ տատիկիս եւ հորս նամակներըՙ մորաքրոջս եւ գերմանացի տատիկիսՙ 1946 թվականից մինչեւ 1951-ը, երբ մենք հեռացանք Գերմանիայից: Այդ նամակներից մի քանիսը սրտաճմլիկ էին, բայց պատասխանում էին անպատասխան մնացած իմ որոշ հարցերի: Նաեւ իմացա, որ հայրս, որին միայն մեկ անգամ եմ հանդիպել մեծ տարիքում, պատերազմից հետո դարձել է պացիֆիստ: Այդ տուփի մեջ էր նաեւ մորսՙ 1931-1932 թվականների գերմաներեն օրագիրը, երբ նա Ժնեւում լեզուներ էր ուսանում: Կարծում եմ, որ այս գանձարանը լավ նյութ կտա հուշագրության համար:

Ինչ վերաբերում է ուղեւորություններին, ո՞վ գիտի, թե ինչպես կընթանա այս տարին: Անցյալ տարվա աշնանը մի ընկերոջ հետ նախատեսում էինք Հայաստան մեկնել, ինչն, իհարկե, անհնար դարձավ կորոնավիրուսի պատճառով: Միգուցե այս տարի կրկին հնարավոր կլինի մեծ արկածներ իրականացնել: Ես ինձ դեռեւս պատրա՛ստ եմ զգում դրանց համար:

Արծվի Բախինչյան