Եթե մի օր ԵՊՀ-ի տեղը հայտնվի թուրքական հյուրանոց, դա մեր վերջը կլինի. քաղաքագետ

103

Ազատ տարածաշրջան ունենալը և ճանապարների ապաշրջափակումը ինքնին դրական երևույթ է, սակայն հաշվի առնելով, որ թուրք-ադրբեջանական տանդեմը մեզ պարտադրել է կապիտուլյացիա և հավակնություններ ունի Սյունիքի նկատմամբ, հետեւապես խոսել խաղաղասիրությունից կամ ապուշություն է, կամ պատվերի կատարում: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասաց քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը:

Նրա արձանագրմամբ՝ կապիտուլյացիայի պարագայում, այսպիսի իրավիճակը ոչ թե խաղաղասիրություն է, այլ կամքի թելադրանք, ինչի մասին վկայում է Ադրբեջանի նախագահ հայտարարությունն առ այն, որ Հայաստանին կպարտադրի միջանցք բացել Զանգեզուրի տարածքով:

«Կոմունիկացիայի բացման մասին խոսք չկա, ուղղակի կբացվի միջանցք, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին: Շատ հնարավոր է, որ մի օր ցեղասպանության հուշահամալիրը դառնա հայ-թուրքական գործընկերության հուշակոթող: Իշխանությունները չեն թաքցնում, որ ցանկանում են խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե մի օր Փաշինյանը որոշի, որ ԵՊՀ-ն պետք է թուրքական բաղնիք դառնա, այդ պարագայում կրթության նախարարը կամ ստիպված կլինի հրաժարվել իր դիրքորոշումից, կամ պետք է հրաժարական տա: Եթե մի օր ԵՊՀ-ի տեղը հայտնվի թուրքական հյուրանոց, դա մեր վերջը կլինի»,- նկատեց Սուքիասյանը:

Քաղաքագետը նաև նկատեց, որ բուհերը քաղաքից դուրս տեղափոխելը սխալ է:

«Իշխանությունները տառապում են մոլուցքով ամեն ինչից փող վաստակել: Նրանք ամեն ինչ վաճառել են, իսկ հիմա բյուջեն լցնելու համար մնում է ծախել միայն բուհերը»,- ասաց Սուքիասյանը, հորդորելով բոլոր համալսարանականներին բողոքի դուրս գալ:

Նա նաև ասաց, որ անգամ այսպիսի ողբալի պայմաններում քաղաքացիները չեն քշում այս իշխանությանը:

«Այս ախտը բուժելու համար մենք նախաձեռնել ենք «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության ձեւավորումը: Եվ այս իրավիճակում շատ կարևոր է ունենալ բարձր մակարդակի գիտելիքների տեր քաղաքացիներ, որոնք չեն հանդուրժի նման իրավիճակը: Ցանկալի է, որ նրանք ունենան դոմինանտ դեր մեր իրականությունում»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքերով՝ հիմա իշխանությունները փորձում են ունենալ մեծամասնություն՝ նոր խորհրդարանում՝ փոխելով ընտրական օրենսգիրքը: «Շատ կարևոր է, որ ընտրություններում 50+1% հավաքի իրական ընդդիմությունը, որպեսզի հնարավոր լինի իրավական ճանապարհով ստանալ հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները»,- նշել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ Փաշինյանը Մոսկվայում ամենայն հավանականությամբ կհայտարարի, որ ընտրությունները լինելու են:

Աղբյուր` Փաստինֆո