Արդեն սովորել ենք մեղադրանքներին. ՌԴ դեսպանը` Արցախում «Իսկանդերի» կիրառման մասին

46

«Կարծիքները կարող են տարբեր լինել, Ռուսաստանն արդեն սովոր է, որ որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս տարբեր կարծիքներով, մեղադրանքներով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ մեկնաբանելով «Իսկանդերի» կիրառման հարցում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներին և մեկնաբանելով Շուշիում «Իսկանդեր-Մ» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին Ադրբեջանի հայտարարությանը։ Դեսպանը նշեց, որ պաշտոնական հայտարարություն իսկանդերների մասով ՌԴ-ն արդեն հնչեցրել է։

«Գիտեք, որ կարող են տարբեր կարծիքներ լինել, և մենք էլ սովոր ենք, որ տարբեր քաղաքական շրջանակներ, տարբեր գործիչներ այս կամ այն ենթադրությունները և մեղադրանքներն են հնչեցնում։ Կարծում եմ, որ կա պաշտոնական դիրքորոշում, որը բավականին հստակ է և որով էլ պետք է կողմնորոշվել»,– ասել է դեսպանը։

Անդրադառնալով ապրիլի 7-ին նախատեսված Պուտին-Փաշինյան հանդիպմանը, Կոպիրկինը նշեց, որ կարելի է ենթադրել, որ օրակարգում կարող են լինել երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր։

Իսկ Բաքվի հայտարարությունները, թե Ադրբեջանում հայ ռազմագերիներ չեն պահվում, դեսպանը հայտնեց, որ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն։ Ռուսական կողմը այդ գործընթացում ակտիվ մասնակցություն ունի՝ ջանք չխնայելով, որ հարցը վերջնական լուծում ստանա այն մակարդակում, որով ի սկզբանե քննարկվել են՝ նշելով որ դա պետք է տեղի ունենա «բոլորը-բոլորի հետ սկզբունքով»։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանեց նաև հայ-ռուսական համագործակցության խորացման ճանապարհային քարտեզ ստեղծելու՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությունը:

«Ցանկացած նախաձեռնություն, որը միտված է խորացնելու հայ-ռուսական հարաբերությունները և հետագայում կհեշտացնի հարմարվել նոր իրողություններին, միայն ողջունելի է: Ինձ դժվար է ավելի հանգամանալից խոսել, քանի որ ես մանրամասն տեղեկություններ չունեմ նախագահի ճանապարհային քարտեզի մանրամասների մասին, բայց ընդհանուր առմամբ, համոզված եմ, որ նման նախաձեռնությունները միայն ողջունելի են», – եզրափակեց Սերգեյ Կոպիրկինը: