Ադրբեջանն ակնարկել է, թե «Իսկանդեր-Մ»-ով Շուշիի վրա կրակել են ռուսները, քանի որ հայերը չունեն նման զենք

74

Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) կողմից Շուշիում իրականացված ականազերծման գործողության ընթացքում, մարտի 15-ին երկու տարբեր վայրերում հայտնաբերվել են հրթիռների մնացորդներ։ Այս մասին լրագրողներին ասել է ANAMA-ի օպերատիվ շտաբի պետ Իդրիս Իսմայիլովը. հայտնում է ադրբեջանական caliber.az-ը։

Ըստ նրա՝ ուսումնասիրության ընթացքում հրթիռի վրա հայտնաբերվել է 9M723 ծածկագիրը:

«Հայտնի է դարձել, որ դրանք «Իսկանդեր» հրթիռի մնացորդներն են: Դրանք գտնվում են միմյանցից 780 մ հեռավորության վրա: Վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ սա «Իսկանդեր-Մ» հրթիռ է»,- ասել է նա:

Իսմայիլովը նշել է, որ ներկայումս նախնական հետազոտություններ են իրականացվում պայթյունի վայրում և դրա շուրջը:

Հիշեցնենք, որ Հայաստանի սպառազինության մեջ պաշտոնապես առկա է «Իսկանդեր-Է» համակարգը։ Այսպես ադրբեջանական գերատեսչությունը ակնարկում է, որ հրթիռը կարող է արձակված լինել ռուսական կողմից։

Հավելենք նաև, որ Ալեքսանդր Արեստովիչ անունով ուկրաինացի ռազմական փորձագետը հայտարարել էր, որ Շուշիի վրա կրակել են ոչ թե հայերը, այլ ռուսները։