Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

85

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն այսօր այցելել են Սյունիքի մարզ: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ: Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:

Հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով նման հենակետերի ստեղծումը, ընդգծել է, որ այս տարբերակով հնարավոր է լինում արագ արձագանքման միջոցով տարածքի նախնական հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպել կամավորական ուժերով՝ մինչև մարզային փրկարարական վարչության ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարների ժամանումը: ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը միջոցառման ավարտին մասնակցել են Շիկահողում կազմակերպված ծառատունկին:

Նշենք, որ սահմանամերձ և հեռավոր բնակավայրերում արտակարգ իրավիճակներին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով 3 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր են ստեղծվել Սյունիքի մարզի Գորայք, Վայոց ձորի մարզի Խաչիկ և Գեղարքունիքի մարզի Արտանիշ բնակավայրերում: Կառավարության որոշմամբ՝ Արմավիրի մարզի Երվանդաշատ, Սյունիքի մարզի Կապան, Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Տավուշի մարզի Այրում, Վայոց ձորի մարզի Արենի և Զառիթափ համայնքներին նվիրաբերվել են մեկական հրշեջ ավտոբաքեր: Ներկայումս Ավստրիական և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների հետ համատեղ աշխատանքներ են տարվում՝ Կոտայքի մարզի Գառնի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր ստեղծելու ուղղությամբ: