Շուռնուխի, Որոտանի բնակիչների տները ադրբեջանցիները խլել են. Պահանջում են քրեական գործ հարուցել

130

Սյունիքի մարզի Շուռնուխ, Որոտան բնակավայրերի բնակիչների տները ադրբեջանցիների կողմից խլելու, նրանց նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու փաստերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2020թ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել մի շարք բնակավայրեր, իսկ հայ-ադրբեջանական սահմանը գծվում է «GPS»-ով։ Սահմանազատման աշխատանքների պատճառով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել նաև Սյունիքի մարզի Շուռնուխի տներից մի քանիսը, Կապանի ավտոճանապարհի մի մասը և մի շարք այլ վայրեր։ Սյունիքի մարզի սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոտնձգությունների մասին ահազանգել են նաև համայնքների ղեկավարները։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Շուռնուխ-Որոտան բնակավայրերի տների նկատմամբ զինված անհայտ անձանց, ըստ էության, հակառակորդի կողմից իրականացվող ավազակային հարձակման, ոտնձգությունների փաստի առթիվ։ Ներկայացված հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Հովհաննես Խուդոյանը բողոք է ներկայացրել դատախազություն՝ վիճարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, ինչը մերժվել է։ Հատկանշական է, որ դատախազը բողոքը մերժել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածով, որը նախատեսում է տարածքային ընդդատության հարցը։

Ըստ փաստաբանի՝ դատախազն, ըստ էության, բողոքը մերժելու որոշմամբ, թեև ոչ ուղիղ կերպով նշել է, որ այդ տների տարածքները չեն գտնվում ՀՀ սահմանում։ Փաստաբանը դատական կարգով բողոքարկել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ պահանջելով քրեական գործ հարուցել։ Բողոքը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանին, որը շուրջ մեկ ամիս է, ինչ գործով նիստ չի գումարում՝ քննելու ներկայացված բողոքը։

«Փաստինֆո»