ԵՊՀ-ն կրկին կմնա առանց ռեկտոր

199

Ապրիլի 1-ին Երևանի պետական համալսարանում հրավիրված էր բուհի հոգաբարձուների խորհրդի նիստ, որոմ նախատեսվում էր՝ համալսարանի ռեկտորի պաշտոնին հավակնող թեկնածուների մրցույթ հայտարարել։ Մայր բուհը արդեն մոտ երկու տարի է՝ չունի ռեկտոր և ղեկավարվում է իշխանությունների կողմից նշանակված (ինչպես հենց ինքն է պնդում) ժամանակավոր պաշտոնակատարի կողմից։

Թվում է՝ բոլորին է հասու ռեկտորի ընտրության կարևորությունը, սակայն իրականությունն այլ է։ Նախապես հայտարարված նիստը տապալվեց՝ կառավարության ներկայացուցիչների բացակայության պատճառով։ Այս վերաբերմունքը գուցե առաջին հայացքից արտառոց թվա, բայց 2018 թվականից հետո սա դարձել է սովորական գործելաոճ։ Հոգաբարձուների խորհրդի՝ ՀՀ կառավարությունը ներկայացնող անդամները բազմիցս ցույց են տվել, որ թքած ունեն ինչպես մայր բուհի, նրա անձնակազմի ու ուսանողների, այնպես էլ՝ իրենց ստանձնած պարտավորությունների վրա և նիստերին ներկայանում են միայն այն դեպքում, երբ կա հրահանգ՝ «անցկացնել» հերթական վիճահարույց որոշումը։ Կառավարության այս գործողությունը ունի նաև մեկ այլ դրդապատճառ։ Երկու տարիների ընթացքում՝ Հայաստանի իշխանություններին չհաջողվեց գտնել գեթ մեկ թեկնածու, ով և՛ համաձայն կլինի հլուհնազանդ ծառայել իրենց, և՛ ի վիճակի կլինի ստանալ բավարար ձայներ՝ այս պաշտոնում ընտրվելու համար։ Քանի որ այս պատկերը հատուկ է ոչ միայն Մայր բուհին, այլև Հայաստանում գործող համալսարանների մեծամասնությանը, իշխանությունները որոշեցին լուծել հարցը՝ ընդունելով բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող նոր օրենք, որը բավական չէ՝ զրկում է բուհերին ինքնավարությունից և նույնիսկ ռեկտոր ընտրելու հնարավորությունից, նաև սահմանափակում է ուսանողների մասնակցությունը՝ կառավարման խորհուրդներում և հարվածում ուսանողական ինքնակառավարման մարմիններին։
Այսպիսով, իշխանությունները հավանաբար հույս ունեն ձգձգել ռեկտորի ընտրություններն այնքան ժամանակ՝ մինչև նոր օրենքը կմտնի ուժի մեջ և կազատի իրենց՝ ռեկտոր ընտրելու գլխացավանքից։ Հայաստանի բուհական համայնքի համար խավար ժամանակներ են։ Ինչպես բոլոր ոլորտները, այնպես էլ՝ կրթությունը քարուքանդ է արվել՝ դրա արժեքը երբեք էլ չգիտակցած պոպուլիստների կողմից։

Այս խայտառակության մեջ միակ լուսավոր կետն այն է, որ այս ոտնձգությունները ավելի են բյուրեղացնում բուհական համայնքին և ստիպում պաշտպանել ինչպես սեփական իրավունքները, այնպես էլ՝ սերունդների կրթություն ստանալու անքակտելի իրավունքը։ Սա հույս է ներշնչում, որ այս ոլորտում արևածագը հեռու չէ