Այլ երկրներում պետք է ցույցեր կազմակերպել, հանրագրեր ուղարկել տարբեր երկրների ղեկավարներին, միջազգային մեծ աղմուկ բարձրացնել. Արա Սահակյանը՝ գերիների հայրենադարձության մասին

77

Գերիների վերադարձի հարցով պետք է ավելի մեծ միջազգային աղմուկ բարձրացնել, այլ պետություններում ցույցեր կազմակերպել և հանրագրեր ուղարկել տարբեր պետությունների ղեկավարներին, սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արա Սահակյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արա Այվազյանի հայտարարությանը, որ Ադրբեջանական կողմը եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ չի վերադարձնում հայ ռազմագերիներին, պատանդներին:

«Հայկական կողմը ինչ-որ պահից սկսել է լրջորեն զբաղվել գերիների հարցով, այն որ նրանք ուշացումով զբաղվեցին և շատ վախվորած էին սկզբում, դա երևում էր, հետո սկսեցին գերիների ծնողների, հարազատների և հասարակական կարծիքի ազդեցության զբաղվել այս գործով»:

Զրուցակցի գնահատմամբ՝ գերիների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին գնահատական տալ դեռ վաղ է, դրա մասին կարող ենք դատել, երբ լինեն բավարար արդյունքներ, իսկ բավարար արդյունք դեռեւս չկա:

Արա Սահակյանը ընդգծեց, որ պետք է ավելի վճռական լինել, ավելի մեծ միջազգային աղմուկ բարձրացել և աջակցություն խնդրել միջազգային կազմակերպություններից, հեղինակավոր պետություններից, նրանց լիդերներից, քանի որ սա հենց այն հարցն է, որին միջամտում են քաղաքական, կրոնական հեղինակություններ։

«Թող բոլոր միջոցներն օգտագործեն, այստեղ քաղաքականություն քիչ կա: Մենք իրավունք ունենք դիմել բոլորին թե՛ իսլամ առաջնորդներին, թե պետություններին, որոնք պատերազմի ժամանակ մեզ չօգնեցին, չպետք է նայել այլ կարգի մեկնաբանությունների: Պետք է շատ մեծ աղմուկ բարձրացնել, այլ պետություններում և, ի պաշտպանություն մեր այս թեզի, գերիների շուտափույթ արձագանքման հայկական կազմակերպությունների միջոցով ցույցեր կազմակերպել և հանրագրեր ուղարկել երկրների ղեկավարներին նրանց դարձնել պարտավորված այս ամենին, որովհետև սա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,-արձանագրեց Արա Սահակյանը:

Աղբյուր` Փաստինֆո