Օրը կգա, որ շիրիմիդ կշշնջանք. «Շուշին կրկին մերն է»

180

Երեկ մահացավ Արցախի Ազգային հերոս, Շուշիի ազատագրման՝ «Հարսանիք լեռներում» օպերացիայի ընդհանուր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

Ստորև ներկայացնում ենք հրամանատար Տեր-Թադևոսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1939 թվականի մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում։ Ավարտել է Բաքվի զինվորական ուսումնարանը, այնուհետև՝ Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

Տեր-Թադևոսյանը Խորհրդային բանակի կազմում ծառայել է Աֆղանստանում, Գերմանիայում, Չեխոսլովակիայում և Բելառուսում։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։ 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ իրականացված ռազմագործողության շնորհիվ ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Հադրութի շրջանի Տող գյուղը։ 1992 թվականի մայիսին ակտիվ մասնակցություն է ունեցել Շուշի  քաղաքի ազատագրման ռազմագործողության նախապատրաստման աշխատանքներին։

Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, Արցախի «Ազգային հերոսի» կոչումով: Ուներ գեներալ-մայորի զինվորական կոչում:

Մահացել է երեկ՝ 2021 թվականի մարտի 31-ին:

Հրամանատա՛ր, մի օր շիրիմիդ շշնջալու ենք, որ Շուշին կրկին մերն է: