«Սպառնալիքների վերացումից հետո է, որ կարելի է մտածել տնտեսության վերականգնման մասին». Թաթուլ Մանասերյան

148

Կենտրոնական բանկը հրապարակել է «Գնաճի հաշվետվություն.  Դրամավարկային քաղաքականության ծրագիր I եռամսյակ 2021թ., Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվությունը», որտեղ նշվում է, թե ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի շարունակվող տարածման, ՀՀ-ում դեռևս նախորդ տարեվերջից հայտարարված ռազմական դրության ու դրանց հետևանքով  տնտեսական հեռանկարի հարցում կուտակված մեծ անորոշության պայմաններում Հայաստանում շարունակում է պահպանվել ցածր տնտեսական ակտիվություն ու գնաճային սպասումների զգալի ավելացում։

ԿԲ բազային սցենարի համաձայն, առաջիկա եռամսյակներում 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում։

«Դա պայմանավորված կլինի հիմնականում առաջարկի կարճաժամկետ գործոններով, որոնց ազդեցությունն աստիճանաբար կչեզոքանա՝ արտահայտվելով միջնաժամկետ գնաճի՝ դեպի ներքև ճշգրտմամբ»,- ասված է Կենտրոնական բանկի հաշվետվությունում։

Միջնաժամկետում, ըստ ԿԲ-ի, հարկաբյուջետային քաղաքականության աստիճանական զսպման ֆոնին տնտեսական աճի վերականգնմանը մեծապես կնպաստի իրականացվող խթանող դրամավարկային քաղաքականությունը, ինչպես նաև  պահանջարկի բացասական գործոնների աստիճանական չեզոքացումը։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կենտրոնական Բանկի գործառույթներին՝ հիշեցնելով, որ Կենտրոնական Բանկը ոչ թե գնաճի, այլ գների կայունության պատասխանատուն է, ինչին փորձում է նպաստել դրամավարկային քաղաքականությամբ.

«Հասկանալի է, որ միայն դրամավարկային քաղաքականությամբ գնաճը զսպել հնարավոր չէ, և այս տեսանկյունից, կարծում եմ՝ հասկանալի է նաև, որ պետական մյուս մարմինները ևս պետք է լուրջ մասնակցություն ցուցաբերեն գների աճը զսպելու կամ դա կառավարելի դարձնելու համար, ինչի համար ստեղծված են և աշխատավարձ են ստանում, ինչպես նաև՝ հավելավճարներ բազմաթիվ պետական կառույցներ՝ սկսած Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, և վերջացրած՝ Վերահսկողական ծառայություններով:

Բայց քանի որ մենք այս պահին չունենք ընդհանուր առմամբ պետական կառավարման արդյունավետ համակարգ, այդ պայմաններում, չեմ կարծում, որ գնաճ զսպել հնարավոր լինի, այսինքն՝ իրատեսական չեն այդպիսի ակնկալիքները»:

Տնտեսագետը շեշտեց՝ ԿԲ-ն թեև ունի իր ոլորտին առնչվող իրավասություններ և գործառույթներ, սակայն դրանք չպետք է գերագնահատել.

«Եթե պետությունն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս թերանում է և, օրինակ, եթե ցանկացած ապրանքային շուկայում տեղի է ունենում պայմանավորված գների բարձրացում կամ չհիմնավորված բարձրացում, ապա այդ դեպքում հարց է առաջանում, թե ԿԲ-ն այստեղ ի՞նչ կարող է անել. վերահսկողական գործառույթներն ավելի լայն առումով գտնվում են մյուս կառույցների ձեռքին»:

Հարցին, թե տնտեսության մեջ ի՞նչ սպասումներ և միտումներ կան այսօր՝ հաշվի առնելով նաև քաղաքական անորոշությունները, Թաթուլ Մանասերյանը պատասխանեց. «Սպասումները բացասական են, միտումները՝ ևս։ Այսինքն՝ իրենք չկանոնակարգված և անկառավարելի են, բայց  մյուս կողմից՝ կարծում եմ, որ այնուամենայնիվ կա ներուժը, որով կարելի է նախ՝ զսպել, զրոյական կետի բերել բացասական միտումները, և որից հետո արդեն՝ գնալ դեպի տնտեսության զարգացում:

Բայց այստեղ մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշել, որ ներկայիս կառավարությունը, ինչպես շատ բաներից՝ դրանից էլ բացարձակ տեղյակ չէ, խոսքը տնտեսական անվտանգության մասին է: Այսինքն՝ տնտեսական անվտանգությունը պետք է ապահովվի՝ կրճատելով սպառնալիքները: Եվ այստեղ մենք ունենք սպառնալիքներ՝ ինչպես պարենային անվտանգության ապահովման ասպարեզում, այնպես էլ՝ բազմաթիվ այլ: Այստեղ եթե սպառնալիքները չվերացվեն, այն, ինչի մասին մենք խոսում ենք, դրանք շատ տեսական բաներ կլինեն: Սպառնալիքների վերացումից հետո է, որ կարելի է մտածել տնտեսության վերականգնման, արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարելու մասին, և այլն»:

Ի պատասխան հարցին էլ, թե արդյո՞ք օրվա կառավարությունն ի վիճակի է այդ սպառնալիքները վերացնել, տնտեսագետն ասաց. «Կարծում եմ՝ Դուք ինքներդ կարող եք պատասխան տալ այդ հարցին, դա ակնհայտ է, երևի ամենահեշտ պատասխանն է անկախության այս երեսուն տարիների ընթացքում. իրենք  ընդհանրապես մոտ էլ չեն դրա գիտակցությանը»:

168.am