Շուշիի նոր ազատագրման օրը հոգուդ փառավորման ու հանգստության օրն է լինելու

555

Եզակի, բարի, պարզ, խորագետ մարդ ու ռազմահայրենասիրական ոգեշնչման աղբյուր էր Կոմանդոսը: Ծառայելով Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բելառուսում և այլուր, նա իր կյանքի ամենակարևոր կռիվը մինչև վերջ տարավ Արցախում, սուրը պատյանի մեջ դրեց փառքով, և հաղթանակի ու անձնազոհ հայրենասիրության խորհրդանիշ դարձավ մի ամբողջ սերնդի համար, որի ներկայացուցիչներից շատերն այսօր պառկած են Եռաբլուրում:
Բնատուր ռազմական տաղանդ ունեցող ռազմական գործչի ու բազմագիտակ հրամանատարի կյանքի գլուխգործոցը, լավագույն ստեղծագործությունն ու աննվաճ հուշարձանը Շուշիի փառահեղ ազատագրման պլանն էր:
Հիմա Շուշին կրկին գերեվարված է, հիմա չկա Շուշին, մեր կողքին չէ նաև Կոմանդոսը: Նա հեռացավ մեզնից, այլևս չցանկացավ մնալ մեզ հետ, քանի որ մենք արժեզրկեցինք նրա լավագույն ստեղծագործությունը:
Բերդաքաղաքի ազատագրման կնքահայրերից մեկը համարվող գեներալի համար չէ’ր Արցախ մտնելիս որևէ մեկից թույլտվությունն հարցնելն ու Շուշիի մատույցներով գլխիկոր Ստեփանակերտ գնալը:
Հիմա նա վերևից է նայում բոլորիս ու…Շուշիին:
Ննջի’ր, Կոմանդոս, ննջի’ր, մինչև մի պայծառ օր ազատագրվի Շուշին ու այնտեղ մի նոր Դուշման Վարդան շամպայն ցողի արձանիդ վրա ու ավետի. «Հանգստացի’ր, Կոմանդո’ս, Շուշին ազատագրված է»:
Լու’յս իջնի շիրիմիդ, գեներա’լ, Շուշիի ազատագրման օրը քո հոգու հանգստության ու փառավորման օրն է լինելու: