Մեկ բան հայերիս մոտ իրոք լավ է ստացվում. Արա Վարդանյան

129

Մենք հանգուցյալներին սիրող, հարգող, հերոսացնող և նույնիսկ պաշտող ժողովուրդ ենք։ Ինչ խոսք, լավ ճանապարհ դնող ենք, հետևից էլ լավ կենաց ասող ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը։

Իսկ այ կենդանության օրոք մարդուն հարգել մենք չենք սովորել։ Դե կենդանի է, հո չի մահացել, որ սիրենք, ընդունենք, մեծարենք ու գնահատենք այդ մարդու ժամանակակիցը լինելու մեզ ընձեռնված հնարավորությունը…

Ավելին, ասածս ճիշտ է ոչ միայն մարդկանց դեպքում, այլ նաև մնացած ամեն ինչի։ Փաստորեն այսօր, երբ դավաճանները հանձնել են Շուշին, բոլորս սկսեցինք հասկանալ այդ կորստի ցավը։ Հեսա երգեր են գրելու, Շուշիի անվան մրցանակներ են շնորհերու, պուրակներ են բացելու և այլն։ Իսկ թե քանիսն են եղել այդ շատ սիրված Շուշիում, երբ այն մեր տիրապետության տակ էր, շատ մեծ հարց է։

Մեր ժողովուրդը տառապում է ամեն լավի թերգնահատման հիվանդությունով։ Եվ քանի դեռ չենք բուժվել, որևէ լավ բանի սպասելն էլ դառնում է անիմաստ…

#գնամեռիարիսիրեմ