Հայաստանը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ․ «Փաստ»

74

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մասնագետների համոզմամբ, այսօր մեր երկիրը կանգնած է տնտեսական կոլապսի առաջ, այնինչ իշխանությունները փորձում են ժողովրդից թաքցնել իրական վիճակը: Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ թանկացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։

Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլնի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։


«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանի կարծիքով ևս այստեղ քաղաքական հանգամանք կա՝ կապված նախընտրական շրջանի հետ: «Կա զուտ քաղաքական հաշվարկ. հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները՝ իշխանությունը պահելու համար:

ՀՀ իշխանությունները պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Քանի որ անպատասխանատու քաղաքականություն է վարվում, վտանգ կա, որ ինչոր պահից տնտեսական արդեն կառուցվածքային ճգնաժամ կլինի՝ այս անգամ արդեն անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը» :

«Փաստ»