Այս իշխանությունների օրոք անիմաստ է խոսել Ցեղասպանության ճանաչումից, երբ բուն Հայաստանի գոյությունն է լուրջ վտանգի տակ. թուրքագետ

102

Իշխանությունները ոչ ադեկվատ, ոչ հայանպաստ դեգերումների մեջ են իրենց արտաքին քաղաքականությամբ, այդ թվում Ցեղասպանության ճանաչման հետ կապված հայտարարություններով։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետի խոսքով Հայաստանը չի կարող միակողմանի որոշել, որ Թուրքիան Հայաստանին բարեկամ է լինելու, քանի որ դա փոխադարձ է լինում՝ համապատասխան հիմքերի դեպքում. «Ինչպե՞ս կարող է դա լինել, երբ Թուրքիայում շարունակում են հակահայկական քաղաքականությունը և հայերի նկատմամբ վիրավորանքները։ Պետական մակարդակով ո՛չ Թուրքիայում, ո՛չ Ադրբեջանում դեռևս չի դադարեցվել հայերի նկատմամբ թշնամանքի սերմանման քաղաքականությունը։ Այս պարագայում նման բաների մասին խոսելը ժամանակավրեպ է»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլ»-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե ի՞նչ է լինելու, եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը, թուրքագետը նկատեց՝ չի ուզում հավատալ, որ դա ամբողջ «Իմ քայլ»-ի մտածելակերպն է։ Թուրքագետը հույս հայտնեց, որ դա միայն տվյալ պատգամավորի անձնական կարծիքն է։

Հարցին՝ եթե Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն իրավական հարթության մեջ դիտարկենք, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք Թուրքիային իրավական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, Անդրանիկ Իսպիրյանը նկատեց՝ Թուրքիային միջազգային մակարդակով իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված մեխանիզմները դեռևս Աղվան Հովսեփյանի օրոք են ներդրվել. «Սակայն Աղվան Հովսեփյանի պաշտոնանկությամբ և հետագայում էլ այլ իրավիճակներով պայմանավորված այդ հարցը լուսանցքից այն կողմ հայտնվեց։ Այս իշխանությունների օրոք անիմաստ է խոսել այդ մասին, երբ բուն Հայաստանի գոյությունն է լուրջ վտանգի տակ»,-նշեց թուրքագետը՝ հավելելով, որ այս պահին Ցեղասպանության ճանաչմանն ուղղված որևէ քայլի ակնկալիք չունի իշխանություններից։
Դիտարկմանը, որ նման նախաձեռնությամբ կարող են զբաղվել անհատ իրավաբանները, թուրքագետը նշեց, որ նախկինում անհատների, քաղաքացիների կողմից հայցեր եղել են, բայց չեն բավարարվել։ Անդրանիկ Իսպիրյանը գտնում է, որ պետությունը պետք է պետական մակարդակով զբաղվի այդ հարցով, քանի որ ամեն դեպքում Ցեղասպանության ճանաչումը քաղաքական հարց է։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ, թուրքագետը նշեց, որ երբ երկիրն ընդունում է, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն, բռնի աքսոր, կազմակերպվել է ջարդ, ապա դա պետք է իրավական պատասխան ստանա. «Իրավական պատասխանը ֆինանսական փոխհատուցումն է։ Եթե չեմ սխալվում այս պահին միայն ֆինանսական փոխհատուցում է հնարավոր, հողայինը շատ ավելի լուրջ խնդիր է։ Կան բազմաթիվ ապացույցներ, վկայություններ։ Ցեղասպանության հազարավոր զոհերի ժառանգների մոտ կան անշարժ գույքի, բանկային հաշիվների ապացույցներ։ Միայն դրանք բավական են, որ միլիոնավոր, եթե ոչ հարյուր միլիոնավոր դոլարների փոխհատուցում լինի»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը։

Վերջինս ընդգծեց՝ հնարավոր չի համարում գործող իշխանությունների օրոք նման գործընթաց սկսել։ Նրա խոսքով այս պահին պետական ինստիտուտները լիարժեք չեն գործում. «Նոյեմբերի 9-ից հետո նորմալ չեն գործում, քաոսային վիճակ է։ Ցեղասպանության ճանաչման հետ կապված ի՞նչ աշխատանքների մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստանի բուն տարածքներն են լուրջ սպառնալիքի տակ, մարդկանց կյանքի, գույքի անվտանգության խնդիր կա։ Քաղաքացու անվտանգությունը չեն կարողանում ապահովել, ինչպե՞ս կարող են հարյուր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության համար ինչ-որ գործընթաց սկսել»,-եզրափակեց Անդրանիկ Իսպիրյանը։

Աղբյուր` Փաստինֆո