«Շրջիկ առևտրի բոլոր կետերը փակվել են… թույլտվությունները միտումնավոր բարդեցված են, որ խոչընդոտեն». Արեն Մելիքյանը՝ նոր կարգով աշխատելու մասին

88

Երևանի ավագանու որոշմամբ հունվարի 1-ից շրջիկ առևտրի կետերի համար գործում է գործունեության նոր կարգ, ըստ որի՝ շրջիկ կետեր չեն լինի այն փողոցներում, որտեղ դրանք ամենաշատն էին կենտրոնացած. օրինակ՝ ցանկում չկան Հանրապետության հրապարակի հարակից հատվածը, Ամիրյան, Նալբանդյան փողոցները, Աբովյան փողոցի սկզբնամասը, Մաշտոցի պողոտան և այլ բանուկ փողոցներ: Շրջիկ առևտրի կետերի ամրագրման համակարգում կարդում ենք, որ մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կարելի է կայանել մինչև մեկ օր՝ 9:00-23:00-ն: Քարտեզի վրա կարելի է նկատել նաև, որ սահմանված 52 վայրերից այժմ միայն մեկն է զբաղված՝ Կորյունի փողոցը՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջի դիմաց: Նշենք, որ որոշման համաձայն՝ այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները, կամ կգործեն առանց թույլտվության՝ կտուգանվեն, առաջին անգամ՝ 100 հազար դրամ, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանելուն զուգահեռ՝ շրջիկ առևտրի կետը նաև տարհանվում է: Կարգը գործում է արդեն 3 ամիս:

168.am-ը «Շարժական սրճարանների միության» նախագահ Արեն Մելիքյանի հետ զրույցում հարցրեց, թե կա՞ն շարժական առևտրի կետեր, որոնք փակվել են նոր կանոնակարգի պատճառով:

«Նոր համակարգը բիզնեսը փակուղի է տանում, թույլտվությունները միտումնավոր բարդեցված են, որ խոչընդոտեն: Գովազդի վարչությունը չի ուղղորդում, այլ լղոզված պատասխաններ է տալիս, որի արդյունքում՝ մեկ թեմայի համար (օրինակ՝ հայատառ լինելու մասին) երեք ու ավելի անգամ ստիպված դիմում ես: Բոլորը փակվել են, քանի որ կամ պետք է սպասեն թույլտվության, կամ էլ հույս չունեն նոր համակարգով անգամ փորձելու: Անգամ այս ճգնաժամի պարագայում առևտրի վարչությունը պահը բաց չի թողնում հավելյալ տուգանելու այն սուբյեկտներին, որոնք բաց են մնացել»,- ասաց Մելիքյանը:

Շրջիկ առևտրի կետերի ոդիսականը սկսվել էր դեռ անցած տարի ապրիլին, երբ առանց նախազգուշացվելու՝ հոսանքազրկվել էին շրջիկ առևտրի կետերը, անգամ նրանք, որոնք ՀԷՑ-ի հետ պայմանագիր ունեին: Քաղաքապետ Հայկ Մարությանը դեռ այն ժամանակ նշել էր, որ շրջիկ առևտրի կետերը հենց նրանով են շարժական, որ պետք է ամեն օր տարբեր վայրում առևտուր իրականացնեն, իսկ լարանցում ունենալը նշանակում է, որ եկել են, կայանել երկարատև գործունեության համար։ Դեռ այն ժամանակ տեղի էին ունենում բողոքի ակցիաներ: Արեն Մելիքյանը մտավախություն էր հայտնել, որ դաշտը մոնոպոլիզացնում են:

«Տեղ են ազատում, որպեսզի մոնոպոլիստ գա: Անուն չեմ տա, բայց տեղեկություն ունենք, որ արդեն գործարանային պատրաստված մեքենաներ կան, խոշոր խաղացողների հետ է կապված այս ամենը: Այդ անձը պաշտոնյա է, միլիարդատեր»,- 2019-ի մայիսին ասել էր Մելիքյանը:

Այսօր «Շարժական սրճարանների միության» նախագահից հարցրինք, թե դեռ ունի՞ այդ մտավախությունը:

«Այդ մտավախությունը միշտ էլ կա, քանի որ քաղաքապետարանում էլ կան աշխատողներ, ովքեր ունեն շրջիկ կետեր»,- ասաց նա:

168.am-ը բազմիցս անդրադարձել է թեմային՝ նշելով, թե ի՞նչ խնդիրների առաջ են կանգնում տնտեսվարողները: Նրանք նշել էին, որ ոչ ոք չի աշխատի, կաշխատեն միայն մի անվան/բրենդի տակ հանդես եկող շրջիկ առևտրի կետերը, քանի որ միանման են, և հաճախորդը չի կորցնի այդ կետը: Կտեղափոխվե՞ն, թե՞ ոչ, դա չի էլ նկատվի: Ստացվում է, որ մրցակցությունից դուրս կմնան այն շրջիկ կետերը, որոնք մի քանի միանման մեքենա կամ կցորդ ունենալու հնարավորություն չունեն:

168.am