Համաշխարհային ռազմահոս

242

Պակիստանյան պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի ռազմակրթական հաստատություններ

Մարտի 31-ին աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, ավիացիայի մարշալ Աամիր Մասուդի գլխավորած պատվիրակությունը եղել է Ադրբեջանի ԶՈւ ռազմական ակադեմիայում և Հեյդար Ալիևի անվան ռազմական ուսումնարանում։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ռազմակրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության ներկա իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Պակիստանի ՌՕՈւ հրամանատարի գլխավորած պատվիրակությանն Ադրբեջան էր ժամանել մարտի 29-ին, հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հետ։

Իսկ ավելի վաղ՝ մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը: Նրանք հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես նաև ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևի հետ։

Razm.info

***

Սյունիքի Դավիթ Բեկ գյուղում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել

Մարտի 29-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրի 32-ամյա բնակիչ Ա. Իվանովը «դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով» տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ վնասվածքներն առաջացել են ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com կայքը։

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։ Մեկ քաղաքացիական զոհվել էր, երկուսը՝ վիրավորվել, կային ավերածություններ, սատկած անասուններ։

Այս առիթով Հայաստանում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հայտարարել էին, որ ականազերծում են Սյունիքի մարզի Կոռնիձոր ու Դավիթ Բեկ գյուղերը։ Ավելի վաղ կենտրոնի աշխատակիցները և ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը այցելել էին Դավիթ Բեկ, որտեղ հայտնաբերել էին կասետային չպայթած ենթազինամթերք։

***

Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն այցելել է թուրքական Bayraktar-ներն արտադրող ընկերություն

Մարտի 29-ին Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունն այցելել է թուրքական «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարքերն արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերություն։

Այս մասին տեղեկանում ենք ընկերության թվիթերյան էջից։ Պակիստանյան պատվիրակությունը մասնավորապես եղել է անօդաչուների գիտահետազոտական և արտադրական կենտրոնում։

Razm.info

***

Ադրբեջանում որտեղ են մշտական տեղակայման դրել Bayraktar TB2 ԱԹՍ-ները

Մարտական գործողությունների ավարտից հետո Ադրբեջանը վերազինում է իր ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծում է նորերը, այդ թվում նաև՝ իր սպառազինություն մտած թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների մշտական տեղակայման համար։ Այս հոդվածում կանդրադառնանք հենց այս ԱԹՍ-ների մշտական տեղակայման վայրերին։

«Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում գրել էինք, որ պատերազմի ընթացքում Bayraktar ԱԹՍ-ներն Ադրբեջանում տեղակայվել էին տարբեր ավիաբազաներում, հայկական կողմի հրթիռային հարվածներից դրանք հնարավորինս ապահովագրելու և «գետնի վրա» դրանց կորուստները նվազեցնելու համար: Պատերազմից հետո Ադրբեջանն այդ ԱԹՍ-ները մշտական տեղակայման է դրել նույն սկզբունքով, ընդ որում՝ հիմնականում նույն բազաներում, որտեղից աշխատել են պատերազմի ընթացքում։

Մեզ հայտնի մշտական տեղակայման վայրերից առաջինը Եվլախի օդանավակայանն է, որտեղ տեղակայված է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների կենտրոններից մեկը։ Պատերազմի ընթացքում այստեղ երևացել է Bayraktar TB2 ԱԹՍ, այս բազային ավելի մանրամասն անդրադարձել էինք «Չկրակված հրթիռներ №3. ինչ թիրախներ ուներ «Իսկանդերը»» հոդվածում։

Ռազմական գործողությունների ավարտից հետո Եվլախի ԱԹՍ-ների բազայում արդեն իսկ եղած տարբեր չափերի անգարների հարևանությամբ կառուցում են ևս երկու նոր անգար, ղեկավարման կետեր և օժանդակ միջոցներ հենց Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար։ Շուրջ 30մ երկարություն և 18մ լայնություն ունեցող անգարները հնարավորություն են տալիս յուրաքանչյուրում տեղակայել 3 միավոր ԱԹՍ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ երկու անգարում միասին միաժամանակ տեղակայվելու է 6 միավոր ԱԹՍ։

Հաջորդ մշտական տեղակայման վայրը Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որին նույնպես անդրադարձել էինք «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր» հոդվածում։ Այս բազան Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվել են հիմնովին վերակառուցման աշխատանքներ, այն արդիականացվում է և տեխնիկապես վերազինվում: Ի տարբերություն Եվլախի՝ այստեղ Bayraktar TB2-ների մշտական տեղակայման համար կառուցվում են ոչ թե նոր անգարներ, այլ հատկացվում են դեռևս խորհրդային տարիներին կառուցված, սակայն հետագայում վերանորոգված ու պաշտպանված անգարներ։

Այնուամենայնիվ, Ադրբեջանն այս ԱԹՍ-ներից կարող է մշտական տեղակայման դնել նաև այլ վայրերում, իսկ, հաշվի առնելով նաև Ադրբեջանում ավիաբազաների և ցատկահարթակների զարգացած ցանցն, ըստ անհրաժեշտության, օպերատիվ կերպով Ադրբեջանի բանակն այս ԱԹՍ-ները կարող է շահագործել նաև երկրի տարբեր մասերից։

Razm.info

***

Արցախում ՌԴ խաղաղապահների համար շահագործման է հանձնվելու ևս 25 մոդուլային ավան

Արցախում ռուս խաղաղապահների համար նախատեսված մոբիլ ավանները շահագործման են հանձնվելու ոչ ուշ, քան ապրիլի 5-ը, իսկ մոբիլ հոսպիտալը կսկսի գործել մինչև ապրիլի վերջ։ Այս պահին կահավորման փուլում է բլոկ-մոդուլային 25 ավան, ինչը բավարար է Արցախում գտնվող բոլոր խաղաղապահներին բնակեցնելու համար։

Ռուսաստանի ՊՆ փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը, որը մարտի 31-ին Ստեփանակերտում ներկա է եղել 250-հոգանոց խաղաղապահ անձնակազմի համար նախատեսված բլոկ-մոդուլային ավանի բացման արարողությանը։

Մինչ այժմ Արցախի Ստեփանակերտ, Գետավան, Քարաքենդ (Բերդաշեն), Խաչմաչ, Մարտունի և Ասկերան բնակավայրերում շահագործման է հանձնվել 12 բլոկ-մոդուլային ավան։ Նմանատիպ ավաններ կառուցվելու են Սիսիան, Ճարտար, Լաչին, Սոս, Ջանաթաղ, Կարմիր Շուկա, Մարտակերտ, Զառիսլու, Շուշի, Աղավնո, Ջեբրաբերդ և Քարեգահ բնակավայրերում։

Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ Արցախի տարածքում տեղակայվել են 1960 ռուս խաղաղապահներ, որոնք տեղում իրականացնում նաև ականազերծման աշխատանքներ։

Razm.info

***

Թուրքիան սևծովյան շրջանում ռադիոլոկացիոն նոր համակարգեր է տեղակայում

Թուրքիայի հյուսիսային Տապիզոն նահանգի Օֆ շրջանի Ջոս Թեփե (Cos Tepe) կոչվող վայրում կկառուցվի ռադիոլոկացիոն կայան, որը վերահսկելու է Սև ծովի օդային սահմանները:

Այս մասին հայտնում է ռազմական հարցերով մասնագիտացած SavunmasanayiST կայքը: Թուրքիայի ռադիոլոկացիոն կայաններում օգտագործվում են 90-ականների ֆրասիական արտադրության TRS 22XX ռադարային համակարգերը, սակայն կառուցվող կայանը կունենա «Ասելսան» ընկերության Վաղ նախազգուշացման ռադարային համակարգ (Erken İhbar Radar Sistemi՝ EIRS), որի հեռահարությունը 500-600 կմ է։

«Ասելսան» ընկերության Վաղ նախազգուշացման ռադարային համակարգը

Ռադարային համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների տենդեռային մրցույթը հայտարարվել էր 2020 թ․ դեկտեմբերին։

Razm.info