Համակեցության օվերտոնը

213

Այսօր շատերը գուցե մոռացած լինեն` իրականում ե՞րբ բացվեց «թուրքերի հետ բարեկամություն անելու» դիսկուրսը, իսկ ավելի կոնկրետ՝ Օվերտոնյան պատուհանը, որի արդյունքում այս դիսկուրսը մտավ հանրային օրակարգ։ Դրա մասին իրականում խոսել էին շատերը, սակայն պատերազմից հետո այս ներկայացման առաջին արարը սիթքոմային դերասան Հովհաննես Ազոյանի կողմից՝ Մեհրիբան Ալիևայի ֆեյսբուքյան գրառման արձագանքն էր։ Այս դերասանն իրականում աննկատորեն իր վրա վերցրեց առաջին հարվածն ու հանրային լուտանքի առաջին չափաբաժինը: Կարելի է ենթադրել, որ դա արվեց որոշակի շահերից ելնելով։
Քանի որ Հայաստանի միջին վիճակագրական քաղաքացու «օպերատիվ հիշողությունն» ի վիճակի է տանել ընդհամենը մեկ օրվա իրադարձությունների ծավալ, այսօր արդեն շատերը սա չեն հիշում։

Դերասանի գրառումից շաբաթներ անց, երբ այս գրառման շուրջ ծագած կրքերն արդեն հանդարտված էին, երբ դիմադրության պոտենցիալը վատնված էր այս գրառման հեղինակին հակազդելու վրա, շատ քաղաքական գործիչներ սկսեցին արդեն ավելի հանգիստ ու անկաշկանդ առաջ տանել այս գիծը՝ հանդիպելով ընդհամենը լոկալ բնույթի դիամդրության։

Այնինչ, սա ծայրահեղ վտանգավոր քարոզ է։ Բարեկամության և համակեցության քարոզն ուղղված է հանրային դիմադրողականությունը կոտրելուն, հասարակության վերականգնումն ու դիմադրուրության նախապատրաստումը բացառելուն։ Այս քարոզը ցեղասպանվելու ուղիղ քարոզ է և ծառայում է միայն ցեղասպանողի շահերին։

Ցեղասպանությունից հետո շատ երկար ժամանակ պահանջվեց ուշքի գալու ու ցեղասպանված ազգից կռվող ու հաղթող ազգ դառնալու համար։ Հիմա մենք չունենք այս ժամանակը։
Այս քարոզը տանողները, իրոք, իրենց հովվաշան տեղ են դրել, իսկ մեզ՝  մատաղացու ընտանի կենդանու։ Այս քարոզով նրանք բոլորիս քշում են…սպանդանոց։