Ապարանի թասիբն անկոտրում է

566

Ադրբեջանական քարոզչամեքենան անդավաճան է մնում իր որդեգրած քաղաքականությանը՝ «ապացուցել» հայկական արժեքների, տարածքների ադրբեջանական լինելը:

Այս անգամ այդ քաղաքականության «զոհը» դարձավ հին հայկական, անկոտրում քաղաք Ապարանը: Ինչ-որ անհայտ ծագումնաբանություն ունեցող սոց. կայքերում ադրբեջանցիները ակտիվ լծվել էին այդ գործին: Իհարկե, բանմիաց ու խելացի մի շարք մարդկանց կողմից նրանք հիմնավորված հակահարված ստացան, և, կարծես թե, մտան իրենց բները:

Իսկ հիմա մի քանի խոսք Ապարանի մասին: Մեծ Հայքի Այրարատ նահանգի 15-րդ գավառը ուներ Նիգ անունը, որի կենտրոնն էր Քասախը: Պատմական Նիգ գավառի տարածքի մի մասը ներկայումս զբաղեցնում է Ապարան քաղաքը: Այս անհերքելի փաստը բավական է, որպեսզի իրենք՝ ադրբեջանցիները, ծիծաղեն իրենց հիմար երազանքի վրա:

Ապարան ու ապարանցին՝ 1918 թվականին, երբ թուրք Էսադ ու Քյազիմ փաշաները առանց որևէ լուրջ դիմադրության հասել էին Ապարանի մատույցներին ու կարծում էին՝ Ապարանն առանց դիմադրության գրավել են, բախվեցին ապարանցու թասիբին ու Դրոյի, Սեդրակ Ջալալյանի, Արսեն Տեր-Պողոսյանի, եզդի Ջանգիր աղայի գլխավորած կամավորների կողմից հետ շպրտվեցին:

Երևի պատահական չէ, որ հենց Ապարանն են թիրախավորել: Հնարավոր է՝ դեռ չեն մոռացել իրենց ճանապարհը փակած ապարանցու կամքն ու թասիբը:

Ապարանցին դեռ շատ վաղուց ապրել ու արարել է այս տարածքում. շարունակում է քարը քարին դնել մինչ օրս:

Ճիշտ է, երկրի ղեկավարի մակարդակով պատասխան չտրվեց իրենց գաղափարակից բարեկամների անհավանական պնդումներին, բայց այդ փաստը իսկական ապարանցուն չի զարմացնում, քանի որ նա չի մնացել այս հակահայ ղեկավարության հույսին:

Ապարանում է Դրոյի գերեզմանը, Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշարձանը, Սուրբ Խաչ եկեղեցին: Ապարանում է իսկական ապարանցին, ով թույլ չի տա թշնամու կամ թշնամանման հայի մուտքը այդ հաղթական տարածք: