Շուռնուխցու որդին, ում կովերն ադբեջանցիները գողացել են, ռուս խաղաղապահների հետ գնացել ու պահանջել է վերադարձնել անասունները

92

Ուրբաթ՝ մարտի 26-ին, ադրբեջանցիները գողացել են Շուռնուխի բնակիչ Հակոբյան Գավրուշի 13 կովերն ու քշել ՀՀ վարչախմբի կողմից GPS-ով Ադրբեջանին նվիրված ու հիմա ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Քաշաթաղի Սեթանց գյուղը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, լրագրող Ալվինա Աղաբաբյանը։

«Անասունների հետքերով Գավրուշի որդին ռուս խաղաղապահների հետ գնացել է Սեթանց, որտեղ նրանց ասել են, որ կվերադարձնեն գողացված կովերը, սակայն առայսօր չեն վերադարձրել։

Նման դեպք տեղի էր ունեցել նաև փետրվարի 11-ին, երբ զինված ադրբեջանցիները Խնձորեսկի սահմանին մոտեցել էին հայ հովվին ու մոտից տարել 173 գլուխ ոչխար։ Այն ժամանակ մեր սահմանապահների, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարության և համայնքի ղեկավարի միջամտության արդյունքում խնդիրը հարթվել, գողացվածը հետ էր վերադարձվել։

Եվ փետրվարին, և հիմա ․  ՀՀ օկուպացիոն իշխանություններից ոչ մի արձագանք, ․ ՀՀ ՊՆ-ն շարունակում է հաղորդել, որ “ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել”։

Ինչպես այն ժամանակ գրել էի՝ նման միջադեպեր հաճախ են լինելու, դրանում կասկած չկա։ Թշնամին մեր հողերի, այս դեպքում՝ Սյունիքի յուրացման իր հին մեթոդներից չի հրաժարվել և չի էլ հրաժարվելու, ավելին` հին մեթոդներին՝ թալան, ավազակային հարձակումներ, ահաբեկում և այլն, նորերն է ավելացնելու և գործելու է շատ բիրտ ու լկտիաբար, որովհետև դիմացը ի դեմս ՀՀ իշխանությունների  հակազդող ուժ և հակազդեցություն չի տեսնում։

Չնայած ի՞նչ հակազդեցության մասին է խոսքը, երբ ողջ վարչախումբը ինտենսիվ լծվել է թրքասիրության քարոզին․․․», – գրում է Աղաբաբյանը։