Համաշխարհային ռազմահոս

193

Ադրբեջանի արտգործնախարարությունը  մարտի 23-ին մեկնաբանել է Human Rights Watch-ի վերջերս հրապարակված զեկույցը՝ հայ ռազմագերիների խոշտանգումների մասին։

«Ադրբեջանը հավատարիմ է միջազգային նորմերի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի պահպանմանը։ Մենք ժխտում ենք Human Rights Watch- ի (HRW) այն պնդումները, թե ռազմագերիների հետ ժնևյան կոնվենցիային համապատասխան չեն վարվել»,- պնդում է Ադրբեջանը:

Գերատեսչությունը զեկույցն անվանել է «կողմնակալ և ոչ օբյեկտիվ»։
***
Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ են իրականացրել Սև ծովի ջրային տարածքում՝ Խերսոնի մարզի ափամերձ հատվածներում՝ կիրառելով թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուները:

«Bayraktar TB2 հարվածային անօդաչուները թռիչքներ են իրականացրել Ուկրաինայի ցամաքային հատվածից դեպի Սև ծովում գտնվող Տենդրա կղզին: Անօդաչուները մանևրելու տարբեր ուսումնական հանձնարարություններ են մշակել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ անօդաչուների թռիչքն ու վայրէջքը կատարվել է Նիկոլաև քաղաքի օդակայանից: Տենդրա կղզում տեղակայված է ուկրաինական բազմաֆունկցիոնալ ռազմածովային զորավարժարանը, որտեղ զինծառայողները մշակում են ծովային դեսանտի վայրէջքը:
***
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանում՝ Ղրիմում, մինչև տարեվերջ նոր օդադեսանտային գունդ կձևավորվի։ Գնդի մշտական տեղակայման վայրը Թեոդոսիայում է լինելու։

Գունդը ձևավորվելու է ՌԴ ԶՈւ Օդադեսանտային ուժերի կազմում գտնվող 56–րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի հիմքով։ Բրիգադի մշտական տեղակայման վայրը Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում է։
***
Ուկրաինան շարունակում է զինված ուժերի կարիքների հետագա բավարարման համար անօդաչու հարվածային համակարգերի ամենաարդյունավետ մոդելը որոնել`Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանական ընկերությունների միջև համագործակցության միջոցով։ Այս մասին Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

Ըստ Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հանրային կապերի ծառայության տարածած հայտարարության՝ գեներալ-գնդապետ Սիրսկին այցելել է Թուրքիայի ցամաքային ուժերի ավիացիոն հրամանատարության թռիչքների պլանավորման և համակարգման կենտրոն (Kara Havacılık Komutanlığı Uçuş Planlama ve Koordinasyon Merkezi), ցամաքային ուժերի 1-ին բանակ, ինչպես նաև ռազմարդյունաբերական Aselsan և Roketsan ընկերություններ։

Ukrainian Military Pages կայքի փոխանցմամբ՝ թուրքական ռազմարդյունաբերական Aselsan ընկերություն կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատարը հանդիպել է նաև Aselsan Ukraine* ընկերության գլխավոր տնօրեն Մեհմեթ Օզգյուչլուին, ով տեղեկացրել է ընկերության կողմից հակաօդային պաշտպանության, անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի, RWS մարտական մոդուլների և տանկերի արդիականացման լուծումների մասին, որոնք արդեն իսկ շահագործում են Թուրքիայի զինուժն ու դաշնակից այլ զորքեր:
***
Հայաստանը քննարկում է ռուսական ՄիԳ -29 կործանիչների մեծ խմբաքանակ ձեռք բերելու հնարավորությունը:
***
Բրիտանական իշխանությունները ներկայացրել են երկրի զինված ուժերը բարեփոխելու ծրագիր: Լոնդոնը նախատեսում է կրճատել իր բանակի քանակը և ավելացնել ծախսերը անօդաչու թռչող սարքերի, ռոբոտների և նոր «կիբեր-ուժի» արտադրության վրա:
Աղբյուրը` Combat