Լսի’ր, սինլքոր, կեցցե Մեծ Հայաստանը, որ չի’ կարող 29.08 հազար քկմ լինել

219

Ե՞րբ առաջացավ այս խելագար զանգվածն ու իր բղավոցներով սկսեց խավարի մատնել միտքը, երբվանի՞ց տկարացավ նրանց միտքը և ի՞նչ խղճով որոշեցին հանուն մի չեղյալի խռովել իրենց որդիներից, եղբայրներից ու քույրերից, վերջին հաշվով` բանականությունից:
Ե՞րբ բաժանվեցին երկու մասի, ե՞րբ եղբայրներն իրարից բաժանվեցին քաղաքական հայացքների բարիկադներով ու սկսեցին գարշել իրարից հանուն… հանուն քաղաքականության, որից, լայն առումով, ոչինչ չեն հասկանում:
Մի սնարի մեջ մեծացած երկու հարազատ եղբայր իրար կոկորդ են կրծում մի ոչնչության պատճառով` շահելով ոչինչ ու ատելություն:
Մանկուց միմյանց հետ խաղալով հասակ առած ընկերները թշնամիներ են դարձել` նույն չեղյալի պատճառով:

Այդ զանգվածն իրեն հպարտ համարելով`  հարմարվում է  իրողության հետ, որ, օրինակ, թշնամու զինվորները Շուշիից ծաղրում են ամբողջ հայությանը:
Ավելին` զանգվածը Շուշին ադրբեջանական է համարում, և ընդհանրապես Արցախն է Ադրբեջան համարում: Էլ ավելին` նրանք ծափահարում են Շուշիի «ադրբեջանականացումն» ու դրա մեղավորին:
Դա ամբոխային մտածողության ու խառնվածքով ստրուկի կեցվածք է, բայց մեջտեղում մարդիկ են տուժում` մտածող, բանականություն ունեցող մարդիկ, թեկուզ սխալ, բայց սեփական կարծիք ունեցող մարդիկ, և եթե վաղը զանգվածի առաջնորդը հայտարարի, որ թշնամուն է զիջվելու, Աստվա’ծ, մի’ արասցե, նաև Երևանը, նույն  զանգվածը հղում է անելու Ալիևին` Երևանը «պատմական Ադրբեջան» հորջորջելով:

Չգիտեմ` աշխարհում կա՞ գոնե մեկ ադրբեջանցի, որ Շուշին հայկական է համարում, բայց Շուշին ադրբեջանական համարող հայեր շատ կան: Հայեր: Նրանց անվանում եմ հայեր` մտքումս հիշելով Ռաֆայել Պատկանյանի հայտնի բանաստեղծությունը.
«Ո՞վ է հայը. մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով»:
Զանգվածը, ստրուկը, ամբոխը բարբաջում է «Շուշին ադրբեջանական է», «Ղարաբաղն ադրբեջանական է», «Շուռնուխի մի մասն ադրբեջանական է» և այսպես շարունակ զանգվածը բարբաջում է` ոչ թե մտածելով, այլ` սովորության ուժով: Զանգվածը բարբաջող է, ոչ թե մտածող:
Բանական մարդու համար անցանկալի ու սկզբունքային անհնարինություն  է որևէ  ընդհանուր  բան ունենալ հայկական անձնագիր ունեցող մի  արարածի հետ, ով հնագույն Շուշին վերագրում է այն ազգին (?), որը դույզն ինչ պատմություն չունի:
Զանգվածը հարմարվող է, ենթարկվող: Նա հպարտ է, խրոխտ և չի տրտնջում, չի լալիս այն քարտեզի վրա, որն արձանագրում է ապտակող իրականությունը` «Հայաստանը 29.08 հզ. քկմ է» (Արցախը ներառյալ` 32-33 հզ.):
Ես վստահ եմ` արժանապատվություն ունեցող որևէ հայ չի հաշտվում Հայաստանի ներկա` Ալիևի կողմից պարտադրված քարտեզի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության տարածքը, ո’չ 2020թ. սեպտեմբերի 26-ին, երբ Արցախը գրավված չէր, ո’չ էլ, առավել ևս նոյեմբերի 9-ին, երբ Արցախը զիջվեց թշնամուն, բավարար չէր հայության կայուն զարգացման համար, այսօր` առավել ևս:
Բայց այս իրողությունն ինչպե՞ս բացատրել զանգվածին, որի քունն ու արթնությունը կախված է կապիտուլյանտի դիրիժորական փայտիկից: Ի՞նչ ասել այդ նախիրին:
Դրանց` փողոցներում դավաճանին հերոսացնող, մտածելու ունակությունից զուրկ այդ զանգվածին, ուզում եմ հիշեցնել Հայկ Ասատրյանի հայտնի խոսքերից մեկը, որն անցյալ դարում դոկտորն արտահայտել է հենց նմանների գաղափարական հայրերին դիմելիս`  «Լսի’ր, սինլքո’ր, կեցցե Մեծ Հայաստանը, որ չի կարող 28. 000 քլմ լինել»:
Սա գիտություն լինի բոլորին:

Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ