Ինչու՞ են բուհերը թիրախում

195

2018-ի «թավշյա հեղափոխությունը» իր վերելքին հասավ՝ շնորհիվ ուսանողական լայն զանգվածների աջակցության։ Հենց երիտասարդներն էին Նիկոլ Փաշինյանի շարժման հիմնական մղիչ ուժը ու նաև գործողության պատրաստ զանգվածը։
Որևէ մեկի համար տարօրինակ չէր, որ իշխանափոխությունից անմիջապես հետո համալսարաններին ու համալսարանական տարբեր համայնքներին հայտարարվեց իսկական պատերազմ, որը շարունակվում է մինչ օրս։ Հայաստանի բուհերի մեծամասնության ռեկտորները հեռացվեցին, նրանց վրա կիրառվեցին աննախադեպ ճնշումներ, իսկ հետո շատ երկար ժամանակ բուհերի մեծ մասը մնացին առանց կառավարիչ-ռեկտորների։ Այս վիճակը մինչ օրս շարունակվում է։ Օրինակ ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն արդեն կառավարել է ավելի երկար, քան բուհի պատմության ընթացքում կառավարած ռեկտորների մեծամասնությունը։
Ինչևէ, չշեղվելով թեմայից՝ փորձենք հասկանալ այս հայտարարված պատերազմի պատճառները։ Առաջին հերթին՝ ցանկացած իշխանություն գիտակցում է, որ ինչպես վերևում նշել ենք՝ քաղաքական ու քաղաքացիական շարժումների հիմնական մղիչ ուժը երիտասարդությունն է և հատկապես՝ ուսանողությունը։ Սա բնական երևույթ է և պայմանավորված է ուսանողների տարիքային առանձնահատկություններով, նրանց՝ ակտիվ հասարակական կյանքում ներգրավված լինելու բնական ձգտմամբ, ինքնակայացմամբ և սեփական տեղի ու եսի փնտրտուքներով։ Ուսանողները միշտ եղել են հասրակության ամենաազատամիտ խավը։ Սա չէր կարող չվախեցնել փողոցով իշխանության եկած անփորձ մարդկանց, որոնք փորձով էին համոզվել սրանում։
Երկրորդ կարևոր պատճառը՝ բուհական համայնքի՝ դասախոսների և գիտաշխատողների՝ մանիպուլացիայի նկատմամբ ունեցած բնական ինտելեկտուալ իմունիտետն է։ Քանի որ այս իշխանությունները հայտնի են իրենց պոպուլիզմով, նրանք անշուշտ պիտի վախենային և վախենում են ինտելեկտուալ խավից, որը եթե նույնիսկ հայտնվում է համընդհանուր էյֆորիայի ավազանում, շատ արագ է հաղթահարում դա։ Ժամանակը ցույց տվեց, որ այս վախը բոլորովին անտեղի չէր։
Հաջորդ հանգամանքն այն էր, որ պոպուլիստ իշխանությունները աշխարհի բոլոր երկրներում հայտնի են կայացած ինստիտուտների նկատմամբ ակնհայտ հակակրանքով, իսկ երբեմն նույնիսկ թշնամանքով։ Թշնամանքը երբեմն նմանվում է քոչվոր ասպատակիչների՝ քաղաքային համայնքների ու մշակութային կենտրոնների նկատմամբ ունեցած ատելությանը։ Այս միտքը նույնիսկ ապացուցման կարիք չունի, որովհետև բավական է միայն նայել՝ վերջին երեք տարիներին քանի՞ գործող ինստիտուտ է լուծարվել և քանիսի՞ նկատմամբ են ակնհայտ ոտնձգություններ եղել։ Հայաստանի բուհերի մեծամասնությունը՝ որպես ինստիտուտ, ավելի երկար պատմություն ունեն, քան Հայաստանի 3-րդ հանրապետությունը, իսկ ինստիտուտները՝ ի տարբերություն անհատների կամ քաղաքական խմբերի, ի վիճակի են պինդ և ինստիտուցիոնալ դիմադրություն ցույց տալ պոպուլիզմից, հիմարությունից ու դավաճանական մտադրությունից բխող երևույթներին։
Ի պատիվ Հայաստանի բուհական համայնքի՝ կարելի է վստահ պնդել, որ այն ամենապինդ դիմադրությունն է ցույց տալիս կործանարար քաղաքականությանը։ Պատահական չէ, որ բուհերի մեծ մասում գործող իշխանությունները հանդիպում են անհաղթահարելի պատնեշների և ստիպված լինում նահանջել։ Բուհերը անշուշտ հաղթելու են և վերադառնալու են այն ժամանակները, որոնց մասին բուհական համակարգի հնաբնակները կարոտով են հիշում։ Ժամանակներ, երբ քաղաքական իշխանության ներկայացուցիչները ընդգծված ակնածանքով ու հաճախ նաև վախով էին մուտք գործում համալսարանական պատերից ներս։