«Ժաննա Բարսեղյանը կարող էր հայտարարել, որ ինքը դեմ է քվեարկել այդ որոշմանը, մինչդեռ հակառակը՝ հավանություն է տվել». Հրաչ Վարժապետյան

75

Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը վերջին օրերին լուրջ քննադատության արժանացավ, երբ թուրքական ծայրահեղական իսլամական կազմակերպությանը քաղաքային բյուջեից որոշեց 2,5 մլն եվրո հատկացնել՝ Ստրասբուրգում Եվրոպայի խոշորագույն մզկիթի կառուցման համար:

ՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը 168.amի հետ զրույցում նշեց, որ Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանի նկատմամբ ընդվզումի հսկա ալիք է բարձրացել Ֆրանսիայի հայ համայնքում, ինչն արդար է և լիովին հասկանալի:

Մյուս կողմից, ըստ նրա, այստեղ խորքային խնդիր կա. մտահոգիչ է Ֆրանսիայում թուրքական համայնքի աստիճանաբար ուռճացումն ու կազմակերպումը, ինչը, անշուշտ, վտանգ է հայ համայնքի համար ամեն առումով:

«Եվրոպայի տարբեր երկրներում արդեն ակներև է թուրքական այդ գործոնը՝ Գերմանիա, Ավստրիա, Հոլանդիա և այլն, հիմա հերթը Ֆրանսիայինն է: Ահա այստեղ է, որ Ժաննա Բարսեղյանի խնդիրը չէ միայն, այլ շատ ավելի խորքային հարց է և առնչվում է ուղղակի ֆրանսիական պետության անվտանգությանը: Սա, անշուշտ, չի նշանակում, որ Բարսեղյանի նկատմամբ մեր համայնքի ընդվզումն անտեղի է։ Ո՛չ, ընդհակառակը, տեղին է ու արդար: Ավելին, աններելի և նվաստացուցիչ է նրա արարքը՝ որպես հայի, որքան էլ հասկանալի է, որ տվյալ որոշումը պատկանում է ամբողջ քաղաքապետական խորհրդին՝ 65 անդամից կազմված: Բայց ինքն է քաղաքապետը և ինքն է կրում գլխավոր պատասխանատվությունը:

Ժաննա Բարսեղյանը, օրինակ, կարող էր հայտարարել, որ ինքը դեմ է քվեարկել այդ որոշմանը, սակայն դա չարեց: Ընդհակառակը՝ իր հավանությամբ է այն, հետևաբար՝ արժանի է իր հասցեին տեղացող բոլոր լուտանքներին»,- ասաց Վարժապետյանը:

Վերադառնալով վերևում հիշատակված և մտահոգիչ թուրքական գործոնին, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչը շեշտեց, որ հատկապես Ստրասբուրգը թիրախավորելը միամիտ և պատահական քայլ չէ:

«300 հազար բնակչություն ունեցող այս քաղաքը Եվրախորհրդի և Եվրամիության տարբեր մարմինների կենտրոնն է, մանավանդ Եվրախորհրդարանն այնտեղ է գտնվում: Այնպես որ՝ քաղաքական լուրջ հարց է, ինչպես նշեցի՝ պետական մակարդակի խնդիր է, համաեվրոպական մասշտաբի հարց է, եթե կուզեք, միջազգային տարողություն ունի: Ինչ վերաբերում է մեր անելիքին, համայնքն այս առումով շարունակում է պայքարել միասնական շարքերով: Անցնող ամիսներին տեղյակ եք մեր համայնքի դեմ իրականացված ազգայնական «Գորշ գայլերի» գործողություններին: ՀՅԴ Հայ Դատի Հանձնախմբի ջանքերով և դատական իրավական ճանապարհով թեև ազգայնական այդ շարժումը և նրա գործունեությունը պաշտոնապես արգելվեց Ֆրանսիայի տարածքում, սակայն լավ գիտենք, որ թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը կանգ չի առնելու այնտեղ և շարունակվելու է այլ միջոցներով, և, փաստորեն, մեկն ահավասիկ Ստրասբուրգի այս նախաձեռնությունն է:

Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ ֆրանսիական իշխանությունների և քաղաքական տարբեր շրջանակների հետ աշխատանք տանելով և նրանց այս գծով անընդհատ գերզգայուն պահելով, հարցը մշտապես տեղափոխելով համաֆրանսիական լայն հարթակ և ոչ թե գործելով միայն համայնքային սահմանափակումով, որովհետև կրկնեմ՝ հարցը շատ ավելին է, քան հայ և թուրք պարունակին վերաբերող, որին, բարեբախտաբար, գիտակից են քաղաքական ու հասարակական կարևոր ու ազդեցիկ շրջանակները»: