Երկակի բարոյականությունը միկոյանական մատուցմամբ կամ՝ Հայաստան, մեր օրեր

169

1928 թվականին Խորհրդային միությունում նախաձեռնվեց առաջին «հակաալկոհոլային արշավը»։ Պատճառն այն էր, որ երկրում հարբեցողության մակարդակը չափազանց բարձր էր։ «Պրոֆեսիոնալ հարբեցողների» պակաս չկար նաև կուսակցականների շարքերում։

Սկզբնական շրջանում խորհրդային իշխանությունները գործադրում էին հնարավոր բոլոր ջանքերը հարբեցողությունը վերացնելու համար, 30-ական թվականների սկզբին այս պատճառաբանությամբ փակվեցին բազմաթիվ սրճարաններ։ Սակայն, աստիճանաբար, իշխանություններն սկսեցին հասկանալ, որ արմատական արգելքներով անիմաստ է պայքարել հարբեցողության դեմ, և 30-ականների երկրորդ կեսին սկսեցին բացվել սրճարաններն ու ճաշարանները, որոնցում թույլատրվում էր վաճառել գարեջուր, գինի և նույնիսկ օղի: 1936 թվականից մամուլում ակտիվորեն սկսեց շրջանառվել ԽՍՀՄ Սննդի արդյունաբերության ժողովրդական կոմիսար Անաստաս Միկոյանի այն հայտնի արտահայտությունը, թե «հեղափոխությունից առաջ մարդիկ խմում էին հենց նրա համար, որ հարբեին ու մոռանային իրենց դժբախտ կյանքը ․․․․ հիմա կյանքն ավելի ուրախ է դարձել՝ ուրեմն կարելի է խմել։ Ուրախ կյանքից չեն հարբում»։

Այո՛, սա ստալինյան բռնաճնշումների ամենադաժան շրջան էր․ հազարավոր զոհեր, կուլակաթափություն ու աքսոր։ Երկիրն արյուն էր շնչում իսկ հայազգի Միկոյանն ուրախությամբ հայտարարում էր, որ «այժմ մարդիկ ավելի երջանիկ են»։

Դժվար թե աշխարհում գտնվի մի իշխանություն, որը չի գործում այս երկակի բարոյականության (ավելի ճիշտ՝ անբարոյականության) չգրված օրենքներով։ Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու, սեփական ձախողումները արդարացնելու, անցյալը ներկային ստորադասելու ու պատմությունը սրբագրելու հիվանդ մոլուցքը վերածվում է լոզունգի ու տարածվում հնարավոր բոլոր միջոցնեով։ Եթե, օրինակ, սովետական միությունում տեղեկատվության տարածման և հասարակության վրա ներգործման միջոցները մի քանիսն էին՝ մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, որոշ դեպքերում՝ պատերի վրա փաքցված ցուցապաստառներ, ապա այժմ՝ այս թվային դարաշրջանում, տարբերակները բազմաթիվ են, բայց կարելի է սահմանափակվել միայն ալգորիթմներով ու ստեղծել ֆեյքերի իրականություն, որը կարճաժամկետ հեռանկարում կտա ցանկալի արդյունքը, և հազարավոր մարդկանց կստիպի մտածել, որ իրենց դեմքին ժպիտ է հայտնվել և, որ իրենք երջանիկ են, կամ գոնե ավելի երջանիկ են քան առաջ։

Տարօրինակ է, բայց այո՛, մարդիկ կհավատան և հավատում են, որ իրենք երջանիկ են։ Ցավալի է, բայց այո՛, սա հենց այն իրականությունն է, որի մեջ ապրում ենք այժմ։​