Ազգային ինքնությունը քաղաքական գործընթացի արժեքային գերակայություն

463

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Մարգարյան, –

Հայաստանի  քաղաքական գործընթացների բոլոր դերակատարների համար….

Օգտակար է իմանալ …

 ….  Առցանց դասախոսության  նյութ

Քաղաքական գործընթացը քաղաքական համակարգի ինքնակազմակերպման, գործառնության ու արդիականացման և այլ համակարգերի հետ փոխհարաբերու-թյունների ժամանակ ի հայտ եկած գործողությունները համակարգող համալիր ամբողջություն է։ Որպես բազմաշերտ երևույթ՝ քաղաքական գործընթացը տարածության և ժամանակի մեջ դրսևորվող փոփոխական մեծություն է։ Այս նկատառումներով էլ նրա բնույթը ժողովրդավարական անցման պայմաններում պայմանավորված է ոչ միայն ինստիտուցիոնալ կարգով ընդունված քաղաքական որոշումներով, այլև կառավարող էլիտայի  կողմից այն իրատեսորեն իրականացնելու հնարավորությամբ: Ժողովրդավարական անցման պայմաններում գտնվող հայ իրականության մեջ քաղաքական գործընթացի վրա գերակա ազդեցություն ունեն նախ «վազող արդիականացման» բնութագրիչները, ապա ժողովրդավարացման մի շարք կարևոր նախադրյալների (տնտեսական, մշակութային, իրավական) բացակայությունը, ինչպես նաև գծային արևմտականացումը : Այս ամենն էլ փոխհատուցվում են քաղաքականության դերակատարների իրավիճակային վարքաբանությամբ։ Դա էլ, որոշելով քաղաքական գործընթացի բնույթը՝ ժողովրդավարացող երկրներին հանգեցրել է քաղաքական զարգացման ճգնաժամերի (բաշխման, շարժունակության, մասնակցության, ինքնության և լեգիտիմության), և դրանցից դուրս գալու պատրանքային հեղափոխությունների: Մինչդեռ, դրանց արդյունավետ հաղթահարումը, համաձայն Ս. Հանթինգթոնի, բացի ինստիտուցիոնալ փոփոխություններից, ենթադրում է ինչպես անձի քաղաքական սոցիալականացման որոշակի աստիճան, էլիտայի սոցիալական պատասխանատվություն, այնպես էլ քաղաքական, քաղաքացիական և ազգային ինքնությունների ներդաշնակում:  Վերջինիս իրականացման համար ռազմավարության մշակման և իրականացման առումով գերակա է քաղաքական էլիտայի դերը:

Ո՞վ  պետք է կառավարի, ո՞վ պետք է մշակի քաղաքական կառավարման սկզբունքները։ 

Պլատոնյան այս կենսական  հարցերի պատասխանը ամերիկացի քաղաքագետ Ռ. Դալը առաջարկում է ուսումնասիրել պոլիարխիկ (բազմասկիզբ իշխանություն իրականացնող) էլիտայի գործառման դիտանկյունից: Այսինքն՝ ժողովրդավարացման գործընթացի արդյունավետության համար պատասխանատու են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, ռազմական, ռազմավարական էլիտաները, որոնք իրենց նպատակամետ գործունեությամբ հետևողականորեն վարում են ժամանակակից դինամիկ բազմակարծիք հասարակության (modern dynamic pluralist society՝ MDPS) ստեղծման քաղաքականություն : Այս իմաստով պոլիարխիկ էլիտան՝ որպես կառավարման դերակատար, «հրաման—կատարում» կառուցակարգում հանդես է գալիս և՛ որպես հրամայող, և՛ որպես կատարող` պայմանավորված այն հանգամանքով, որ ապահովում են փոխադարձ անվտունգության փոխզիջումնային (ՓԱՓ) համակարգի կառուցակարգ՝ գիտակցորեն մերժելով մենաշնորհը և գերշահույթը։

Այլապես, որպես հարաբերական անկախության մեջ գտնվող համակարգային ամբողջություն՝, քաղաքական էլիտան կարող է ոչ միայն դրական դեր խաղալ, այլև հաճախ հասարակական ողբերգության կամ կատակերգության գլխավոր դերակատար դառնալ:

Այս դիտանկյունից քաղաքական էլիտայի ժողովրդավարական գործունեության ծավալման համար Ռ.Դալը մշակել է հետևյալ չափանիշները.

1. ժողովրդավարական ճանապարհով մրցունակ կառավարող էլիտայի հավաքագրում՝ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով:

2.Կառավարող էլիտայի համագործակցության մշակույթի զարգացում՝ նրանց կողմից կուտակված կառավարման փորձի արդիականացման գրավականով։

Պոլիարխիան քաղաքական վարչակարգ է, որին բնորոշ են բնակչության քաղաքական մասնակցության բարձր մակարդակ և կառավարող էլիտայի բաց մրցակցություն։ Իշխանության իրականացման քաղաքակրթական փորձի հանրագումարից ակնհայտ է, որ միայն ազգային արժեքների իմացության դեպքում կարելի է իշխանության իրականացման մշակույթի ժողովրդավարացման համար արդյունավետ սկզբունքներ մշակել: Այդ նկատառումներով էլ անհրաժեշտ է  առանձնակի կարևորել  նախ` իշխանության իրականացման ընթացքում ազգային ինքնության հարատև ու համընթաց արդիականացման ապահովումը, ապա` կառավարող էլիտայի  գործառման ժամանակ և վարքաբանությունում նրա տեղն ու դերն:

Ազգային ինքնությունը  կազմավորվում է էթնիկական հանրույթի կայացմանն ու զարգացմանը համընթաց՝ պատմական կարևորագույն իրադարձությունների և հիշողությամբ ազդեցությամբ։ Այն բխում է երկու ակունքից. մի կողմից՝ աշ-խարհագրական միջավայրի և տվյալ հանրույթի պատմամարդաբանական զարգացման (որպես այդպիսին ենթադրում է որոշակի աշխարհաճանաչողություն և աշխարհատեսություն), մյուս կողմից՝ այլ էթնիկական հանրույթների հետ շփվելու միջոցով ձեռք բերված և վերարժևորված մշակութային ավանդույթների, սովորույթների և գաղափարների արդյունք է։ Հետևաբար, ազգային մենթալիտետը էթնո և սոցիալ-մշակութային արժեքներ ամբարած համակարգ է: Որպես այդպիսին՝ այն արժևորում ու ամփոփում է տվյալ հանրույթի կուտակած նյութական և մտահոգևոր արժեքները, վերարտադրության դարավոր փորձը՝ ամրագրելով դրանք մասնավորապես նաև իշխանական կառույցներում, ավանդույթներում ու հոգեբանությունում։ Դրանով իսկ վերջինս իր կնիքն է դնում և՛ քաղաքացու, և՛ քաղաքական վերնախավի վարքաբանության, ինքնագիտակցության ու իշխանության նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա։

Ազգային ինքնությունը պատմության հոլովույթի մեջ ընկալելու և ուսումնասիրելու անհրաժեշտությունը պահանջում է ճանաչել ոչ միայն անցյալի անցողիկությունը, այլև ներկայությունը։ Քաղաքակրթության փորձն ապացուցում է, որ պատմականության զգացումը հանրույթին հնարավորություն է ընձեռում արժևորելու իրականությունը ոչ միայն իր կողմից իրականացվող իշխանության (հոգեբանական և արժեքային) ժառանգությամբ, այլև այն գիտակցությամբ, որ մշակութորեն համակարգված արժեքային համակարգն իր քաղաքական դրսոր¬մամբ ունի էթնոպաշտպան նշանակություն՝ դրանով իսկ կարևոր տեղ զբաղեցնելով կառավարող էլիտայի վարքաբանության մեջ։ Ակնհայտ է, որ քաղաքական իշխա-նության ժողովրդավարացման գործընթացում վերջինս ապահովում է համակեցության կայուն կարգ։ Իսկ կարգը կայուն է, քանի դեռ քաղաքական արժեքի վերարժևորման անհրաժեշտություն չկա։ Նման ընկալումը հաստա¬տում է այն միտքը, որ ներկան պետք է վերափոխի անցյալն այնքանով, որքանով վերջինս կառավարում է ներկան։ Սա է ավանդույթի և արդիականացման փոխգործակցության տրամաբա¬նական կառուցակարգը՝ ազգային մենթալիտետի արդիականացում քաղաքական կարգի պահպանման նկատառումներով:

Պատմականության այս ընկալումն ամենասուր կերպով զգացվում է այն դեպքում, երբ փորձում ենք որոշակիացնել (հստակեցնել) ազգային ինքնության  տեղը քաղաքակրթական ժամանակի մեջ։ Վերջինս անընդհատ վերակառուցվածքավորվում է, քանի որ էթնոսը մասնակցում է այդ արժեքաստեղծ ոգեղեն գործընթացին որպես պատմական նպատակայնություն կրող և՛ որպես քաղաքականության, և՛ որպես քաղաքակրթության սուբյեկտ։ Եվ նրա համար ապագան դառնում է տեսանելի, էթնոազգային մշակույթով արժևորված կենսաէներգետիկ տարածք: ԱՅԴՏԵՂ ՈՐՈՇԻՉԸ ՈՉ ԹԵ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ, ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԵՆ, ԱՅԼ ԱԿՏԻՎ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՆՀԱՏՆԵՐԻ ԿԱՐԳԱՍՏԵՂԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ:: ՀԱՎԱՏԸ ԻՐ ՈՒԺԵՐԻՆ ԵՎ  ԼՈՒՌ   ՀԶՈՐԱՑՄԱՆԸ:

     Դա էլ ռացիոնալացնում է քաղաքական ժամանակը՝ ստիպելով էլիտաներին հրաժարվել ժողովրդահաճությունից (դեմագոգիա) և իրենց վարքաբանությամբ նպաստել  ազգային ինքնության մրցունակության բարձրացմանը և ոչ թե մեխանիկական մերժմանը: Ասվածի շրջանակում հազարամյակների պատմություն ընդգրկող   հայ  ազգային ինքնությունը փոխներդաշնակում է աշխարհաճանաչողության ինչպես «քաոս և առասպել», այնպես էլ «հերոս-հակահերոս» արժեքային համակարգի ներհակ բևեռները։ Դրանցից յուրաքանչյուրը, վերջին հաշվով, պատմական իրականության քաղաքական արժեքաբանական իրացման կերպ է։ Մեր կարծիքով, նման ըմբռնումը հնարավորություն է տալիս հանրույթի արդիականացման գործընթացը և մշակութային ավանդույթը դիտարկելու որպես փոխկապակցված իրողություններ։ Իսկ դրանց լծորդման բացահայտման նպատակով անհրաժեշտ է տարբերակել իրականության հանրային համակեցության  և մտահոգևոր այն չափումները, որոնք և՛ ձևավորում, և՛ բնութագրում են ազգային մշակույթի արժեքային համակարգը։

      Հանրային համակեցությունն ընկալելի է հանրույթի մշակութային հոգեբանությամբ և էթնոտարբերակիչ արժեքներով ու հաստատություններով (եկեղեցի, իրավունք, բարոյականություն, հումանիզմ և այլն)։ Այս պայմաններում ազգային մտավոր արժեքները ներկայանում են որպես թե՛ հանրային համակեցությունն ամբողջականացնող խորհրդանշանային տեքստեր, թե՛ անձի, հանրույթի, էլիտաների, լիդերների միջև տեղեկատվահաղորդակցական կապը ընդհանրացնող կառուցակարգեր։ Երկխոսելով և ոչ թե մեխանիկական որդեգրելով   համամարդկային արժեքներն՝ ազգի արժեքային համակարգը նոր բովանդակություն ու իմաստ է ստանում՝ հանդես գալով տարբեր մակարդակների «Ես-երի» լինելության սահմաններում: Այդպիսով նա դառնում է անձի, հանրույթի ինքնության արդիականացման գործընթացը սնուցող միջավայր։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս արդիականացումը դիտարկելու «հավաքական մեթոդաբա-նությամբ», որի օգնությամբ, մասնավորապես, կարելի է վերլուծել և ամբողջականացնել է հայ մշակութային համատեքստի արժեքաբանական (աքսիոլոգիական) բևեռները։

            Ո՞րն է ելքը։

 Քաղաքակրթությունների զարգացման և արդիականացման փորձը հուշում է, որ նման պայմաններում առավել ներգործուն է ազգային մշակույթի ու մտահայեցողության ճշգրիտ լծորդումը նրա՝ ինքնակառավարման երկու՝ ուծական (ասիմիլյացիոն) և հարմարվողական (ակոմոդացիոն) պարադիգմաների համադրությանբ։ Գործառույթներ իրատեսացնող վարչակարգն ունի թե՛ մեկը, թե՛ մյուսն, քանի որ դրանց կիրարկմամբ ապահովվում է հանրության համակեցությունն ու հավասարակշռությունը։ Սակայն դրանցից որևէ մեկի բացարձակեցման պարագայում քաոսն անխուսափելի է։ Ուծական պարադիգմայի բացարձակեցումը, որպես կանոն, հանգեցնում է այն բանին, որ կառավարողը (կամ կառավարողները) հաշվի չի նստում կառավարվողների հետ։ Չի նկատում, որ իր (մեծ մասամբ՝ եսակենտրոն) արժեքները չեն համընկնում հանրույթի արժեքային կողմնորոշումներին։ Դրա հետևանքով ձևավորվում է համակեցական մարգինալ հոգեբանություն։ Ծրագրված փոփոխության է ենթարկվում ազգային մենթալիտետը, իսկ էլիտան, լիդերը, անհատը կորցնելով կապն իրենց ընկերային-մշակութային երբեմնի արարիչ միջավայրի հետ, իշխանական հարաբերություններում զբաղեցնում են հարաբերականորեն ինքնուրույն տարածություններ։ Նրանք և իրենց նմանները կազմում են «սև զանգվածի» (օխլոսի) մասը, որը պատրաստ է ծառայելու ցանկացած ուժեղ ձեռքի՝ ունակ բավարարելու իրենց առօրեական (հատկապես կերակրման) պահանջմունքները։ Համակեցության սկզբունքներն սկսում են կազմակերպվել ըստ մարգինալության սկզբունքի՝ որտեղ հաց այնտեղ կաց : Արդյունքում ուծական կառավարման ծայրահեղ դրսևորումը ձևախեղում է ազգային համակեցական տեսակն ու մենթալիտետը: Փաստորեն, ասիմիլատիվ վարչական սկզբունքը, տարբերություն չդնելով գոյություն ունեցող ազգային պետական և ընդհանրապես պետական շահերի միջև, արժեքների գնահատման մարգինալ հոգեվիճակ է ստեղծում: Հանրույթի մարգինալ հոգեբանությունը ասիմիլացիոն կառավարում իրականաց¬նողներին հնարավորություն է տալիս մենթալիտետում ծրագրավորված կերպով քաոսային փոփոխություններ կատարելու: Այդ քաոսային փոփոխությունների հետևանքով կառավարող էլիտան կորցնում է կապն իր սոցիալ-մշակութային միջավայրի հետ և մենթալիտետային ավանդական արժեքների նկատմամբ ձեռք է բերում ոչ միայն կրկնակի սահմանային դիրքորոշում, այլև՝ կերպափոխվում է պայմանավորված քաղաքական գործընթացներով:

Սոցիալ-մշակութային նոր միջավայրում հայտնված, կառավարողների կողմից քաղաքական խաղի յուրօրինակ մասնակից դարձած «Ես-ը», մոռանալով իր մտահայեցողական արժեքները, պատրաստակամ է ծառայելու յուրաքանչյուրին, միայն թե վերջիններս (կերակրման) ինստիտուտների օգնությամբ բավարարեն իր պահանջմունքները: Ասիմիլացիոն կառավարման ժամանակ հանրույթը բաժանվում է մարգինալ «Ես-երի», ստեղծվում է սոցիալական յուրաքանչյուր խմբի կառավարման մարիոնետային համակարգ: Ինչպես տեսնում ենք, ասիմիլացիոն կառավարումը ձևախախտում է ազգային ինքնությունը:

Ի տարբերություն դրա, հարմարվողական պարադիգմայի բացարձակեցումը ենթադրում է մի այնպիսի վիճակ, երբ, ընդհակառակը, զանգվածի չափազանց ակտիվ ներգործությամբ խաթարվում են իշխանական կառույցները։ Եվ հաստատվում է քաոս, որը կրկին ուղեկցվում է ազգային տեսակի ու մտահայեցողության խաթարմամբ։ Բայց այս անգամ դա արդյունք է կարգի և օրենքի քայքայման։ Այս դեպքում «սև զանգվածի» եսասիրությունը գերակա է դառնում իշխանական հարաբերություններում։

Ինչպես նշվեց, ելքը երկու պարադիգմաների համադրման մեջ է։ Խառը «ուծական—հարմարվողական» պարադիգմայի կիրարկման պարագայում ազգային համակեցական արժեքներն ու հաստատությունները հստակեցվում են։ Հանրույթն սկսում է գիտակցել, որ (ուղղակի և հակադարձ կապի շնորհիվ) հնարավոր է երկխոսություն համակեցական բոլոր մակարդակներում՝ նպատակամիտված բարեշրջելու-բարեփոխելու ընկերային միջավայրը։ Եվ երկխոսությունը ծավալվում է ազգային համակեցության ոչ միայն ներկայի (այժմ), այլև անցյալի հարթությունում։ Արդյունքում ազգը երկխոսության մեջ է մտնում իր իսկ անցյալի և տեսանելի (ու կանխատեսելի) ապագայի հետ։ Բազում սերունդներ խտանում են ժամանակային «ներկայի» ծիրում՝ ընդհանուր գերխնդրի գիտակցությամբ։ Եվ հայտնագործվում է «փոքրի ուժն ու մեծությունը»։

Հանրագումարելով նշենք, որ ազգային ինքնությունը քաղաքական էլիտայի իրականացրած իշխանության կառուցակարգում որպես համակարգիչ ամբողջություն ենթադրում է՝

1. Տարբեր մակարդակներում հանդես եկող իշխանություն կրող էլիտաների ինքնաճանաչողություն՝ քաղաքական իրականության պատմական գիտակցության և ռացիոնալ հոգեբանության ենթատեքստում: Կառավարող էլիտան հասարակական քաոսից խուսափելու համար անհրաժեշտաբար մենթալիտետում արարչորեն պետք է կրի իր մեջ ինչպես պատմական արժեքները, այնպես նաև ապագան` որպես ազգի իշխանությանը Ինքնություն, Կարգ ու Տեղ ապահովող իրագործելի մոդել:

2. Քաղաքական արժեքների ներառումը, որը, համակեցության կանոնների պահպանման հոգեբանությամբ բյուրեղացնելով էլիտաների մենտալիտետային առանձնահատկությունները, կառավարման ասիմիլացիոն, ակոմոդացիոն տիպերի փոխներդաշնակության պայմաններում հնարավորություն է ստեղծում նրա զարգացման համար: Արժեքային համակարգը քայքայվում է, հասարակական կյանքում քաոս է տիրում, երբ կառավարման այդ տիպերը հանդես են գալիս մաքրազտված վիճակում, երբ անհատի և հասարակության հարաբերությունների արժևորման, կարգավորման սկզբունք է դառնում դրանցից միայն մեկը:

3. Հասարակական-քաղաքական երևույթները կապի մեջ տեսնելու հնարավորություն: Ի տարբերություն միֆամտածողության, որտեղ աշխարհը արժեքագրված է ցեղի հավաքական էությունը բացահայտող իշխանության մեջ, մշակութային այս փուլում այն համակարգվում է իշխանություն իրականացնող էլիտայի կողմից, որն արժևորում է իշխանության բարձրագույն ձևը՝ ՊԵՏԱԿԱՆԸ:

Մովսես Խորենացին հայ իրականության մեջ ազգային ինքնագիտակցության հիմքի վրա իրականացվող գերագույն՝ պետական իշխանության գաղափարախոսն ու ջատագովն էր: Ազգային ինքնությունը, որը փաստորեն որոշիչ դեր ունի ազգի քաղաքական ծրագրի ձևավորման գործընթացում, միաժամանակ իրականացվող իշխանության բովանդակության էությունն է: Նմանօրինակ սկզբունքների վրա հիմնված ազգի իրականացրած իշխանությունը հանրույթի կառավարման մեխանիզմում բացառում է քաղաքական քաոսը:

Հայ քաղաքական մտքի պատմության մեջ Քերթողահայր Խորենացին այս ամենը հանրագումարեց որպես սոցիալ-քաղաքական և մշակութային օրինաչափություն՝ պատգամելով  սերունդներին. «Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել… »: