Չեմ բացառում, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

94

Չեմ բացառում անգամ, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

««Արդարություն և զարգացում» կուսակցության՝ երկու օր առաջ տեղի ունեցած համագումարի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «մեծացնելու է բարեկամների թիվը»։ Երեկ, երբ կարդացի այդ լուրը, մտքինս առաջինը հենց դա եկավ՝ մտածեցի, թե ինչ փիար կաներ ինքն իր համար Էրդողանը, եթե կարողանար Ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության հարցն էլ է տեղավորում Հայաստանի կապիտուլյացիայից հետո մեզ պարտադրվող փաթեթում։ Իսկ եթե այս իշխանություններից մեկն էլ գոնե չհերքեր այդ հայտարարությունը, ամեն ինչ հրաշալի կլիներ Թուրքիայի ու Էրդողանի համար։ Բայց արի ու տես, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ ու այդ «նախաձեռնությունը» փաստորեն պաշտոնական Երևանից հնչեց։

Ես հիմա հասկանում եմ մարդկանց դժգոհությունն ու վրդովմունքը ԱԽ քարտուղարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին հայտարարության կապակցությամբ, բայց կրկին ուզում եմ փաստել, որ դա էլ օրինաչափ է։ Այսօր ցերեկն արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ նույն Արմեն Գրիգորյանը երկու օր առաջ գրեթե բաց տեքստով է հայտարարել այն մասին, որ պատերազմը մինչ Շուշիի հանձնումը դադարեցնելու Պուտինի առաջարկը թուրքական կողմը փաստորեն Նիկոլի շուրթերով է մերժել։ Դե հիմա էլ մնացածն են ուզում։

Չեմ բացառում անգամ, որ Էրդողանն ու Ալիևը Նիկոլից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը։

Ամեն դեպքում պարզ է, որ Հայաստանի համար կործանարար այս ընթացքը կասեցնելու միայն մեկ ուղի կա՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Քանի Նիկոլն է վարչապետ, ամեն ինչ էլ սպասելի է»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ  երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

«Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»,- ասել է Արմեն Գրիգորյանը։