«Բարեկամության» պարահանդես

165

Վերջին տարիներին Հայաստանում լայնորեն ակտիվացել է թրքասիրության քարոզը։ Տարաբնույթ քաղաքական սուբյեկտներ, օգտագործելով այդ թվում հանրային հարթակները, փորձում են համոզել հասարակությանը, որ թուրքերի հետ պետք է բարեկամություն անել։ Թվում էր՝ 44 օրյա պատերազմը ու դրա ընթացքում թշնամու կողմից իրականացված վայրագությունները վերջնականապես պիտի լռեցնեն թրքասիրության քարոզիչներին, բայց արի ու տես՝ ընդհակառակը։

Վերջին ամիսներին թրքասիրության քարոզը, թուրքի հետ համերաշխ ապրելու միֆերի տարածումը նոր թափ ստացավ։ Քարոզիչների խմբակը, որն այսօր ղեկավարում է Հայաստանը, արդեն անթաքույց ու առանց կոմպլեքսների լծվել է այս գործին։ Քարոզիչները փորձում են խեղաթյուրել պատմությունն ու խոսելով թշնամության կամ թշնամանք տածելու մասին՝ «միամտորեն» մոռացության մատնում թշնամանքի առաջացման իրական պատճառները, որոնք հոսում են դարերի ակունքներից, որոնց մեջ կա ամբողջ ազգի ողբերգության՝ հայրենազրկման ու ցեղասպանության պատմություն, որոնց մեջ կան խոնարհված ու գոմերի վերածված բազմաթիվ սրբավայրեր, խեղված ու կործանված մարդկային ճակատագրեր։

Թրքասերների խմբակն արդեն գրեթե ուղիղ տեքստով ասում է, որ հանուն անհնարին «բարեկամության»՝ պատրաստ է մոռացության մատնել հայոց ցեղասպանությունը, բազմաթիվ նահատակների հիշատակը և կորուսյալ հայրենիքը։ Որոշ միամիտների, ովքեր ծանոթ չեն հայոց պատմությանն ու մեր դարավոր ոսոխի գործելաոճին, այս հեռանկարը գուցե նույնիսկ բավականին իրական թվա՝ հաշվի առնելով, որ այսօրվա ժողովրդի մեծ մասը ապրում է «միայն հացիվ» սկզբունքով։ Ի՞նչ խոսք՝ գուցե այդ բարեկամությունը նրանց ժամանակավորապես սոցիալական վիճակի բարելավվում տա՝ էժան թուրքական ապրանքներ, մատչելի վառելիք։ Բայց նրանք պիտի հասկանան, որ այս ամենի համար ստիպված են լինելու վճարել ոչ միայն հայրենիքի կորստով, այլև՝ սեփական ընտանիքի ֆիզիկական գոյությամբ. չէ՞ որ թուրքերը բազում անգամներ ապացուցել են, թե ինչ «լավ բարեկամներ» կարող են լինել։ Այս «բարեկամության» մեջ թուրքերին «շատ քիչ» բան է հարկավոր. սկզբում Հայաստանի տնտեսական խորը կախվածություն, իսկ հետո՝ վերջնական հայաթափում։

Միով բանիվ՝ թուրքի ծրագիրը երբեք էլ չի փոխվել. նրան պետք է Հայաստանը՝ առանց հայերի։ Երբ հերթական անգամ անցնեք Եղեռնի հուշակոթողի կողքով, ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչո՞վ եք դուք առավել այդ անմեղ նահատակներից։ Դուք կարող էիք նրանց դաժան փորձից դասեր քաղել, բայց եթե չեք անում, իմացե՛ք. վաղը անգամ փոքրիկ Հայաստան չի լինի, որտեղ հուշակոթող կանգնեցնեն՝ ի հիշատակ ձեր ու մեր բոլորի նահատակության։