«Caucasus Online» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործարքն ապօրինի է ճանաչվել. փորձագետ

161

Վրաստանի հեռահաղորդակցությունը կարգավորող մարմինը հայտարարել է, որ «Caucasus Online» կազմակերպության 100 տոկոս բաժնեմասն ադրբեջանական ընկերությանը վաճառելու գործարքն ապօրինի է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ինտերնետ հանրություն» կազմակերպության հիմնադիր Գրիգոր Սաղյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ընկերությանը հաջողվել է դառնալ վրացական «Caucasus Online»-ի 100 տոկոսի բաժնետերը։ Նշենք, որ ընկերությունը մատակարարում է Հայաստանի ինտերնետի մոտ 85 տոկոսը։

Գրիգոր Սաղյանը նշեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ընկերությունը գնել էր 49 տոկոսը, իսկ հիմա համաճարակային խառը իրավիճակից օգտվելով՝ առանց կարգավորող մարմնի հետ համաձայնեցնելու, գնել են մնացած 51 տոկոսը․ «Չգիտեմ նրանց օրենսդրությունն ինչպիսինն է, որովհետև հնարավոր է՝ կարգավորող մարմինը կարողանա հերքի կամ առ ոչինչ անի առքուվաճառքի պայմանագիրը։ Կտեսնենք՝ ինչ կլինի»,-նշեց մասնագետը։

Անդրադառնալով դրա հավանական վտանգներին, այդ թվում Հայաստանի ինտերնետ կապն անջատելու, Գրիգոր Սաղյանը չի կարծում, որ նրանք կգնան այդ քայլին․ «Կապուղիները փակելու տրամաբանությունը քիչ հավանական է, քանի որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնությունն ընդհանուր ապաշրջափակում և կապուղիների բացում է ենթադրում։ Բաժնետերը և կառավարումը տարբեր մարմիններ են և վերջնական որոշումը կայացնում է կառավարիչը, այլ ոչ թե բաժնետերը։ Ինչու՞ պետք է Հայաստանի ինտերնետ կապը կտրեն։ Այդ դեպքում նրանք կստանան անհուսալի գործընկերոջ համբավ, բացի այդ կզրկվի այն գումարներից, որոնք գանձում է «Caucasus Online»»,-նշեց մասնագետը։

Վերջինս նշեց, որ ունենք առնվազն մի քանի այլընտրանքային կապուղի, մեկը դեպի Պարսկաստան, մյուսը Սև ծովի հատակով անցնող «Новороссийски» կապուղին։ Ծայրահեղ պարագայում հնարավորություն կա օգտվել արբանյակային կապից, որը բավական մատչելի է։

«Ինչ վերաբերում է գաղտնալսմանը, թրաֆիքը, որը հոսում է ինտերնետով հիմնականում կոդավորված է։ Հայկական կայքերը «https» արձանագրությունն են օգտագործում։

Կոչ եմ անում կայք ունեցողներին անպայման գնել սերտիֆիկատներ, որպեսզի իրենց կայքերի տեղեկատվությունը կոդավորված գնա։ Բացի այդ ցանկալի է օգտագործել էլեկտրոնային ստորագրություն։ Ամեն մեկը հնարավորություն ունի իր կողմից ուղարկված գրությունները կոդավորվի և ուղարկի, դրա համար պետք է տեղադրել էլեկտրոնային ստորագրություն, այդ դեպքում նամակներն էլ կոդավորված կլինեն։ Ինչպես ասում են՝ դուռդ փակ պահիր, հարևանին գող մի ասա»,-նշեց Գրիգոր Սաղյանը։

Աղբյուր` Փաստինֆո