ՊՎԾ-ն «մտել» է Սյունիքի համայնքապետարաններ. ստուգումներ են անում

69

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզի համայնքապետարաններում Պետական վերահսկողության ծառայությունը ստուգումներ է իրականացնում: Ըստ մեր տեղեկությունների՝ ՊՎԾ-ն որոշել է ուսումնասիրություն իրականացնել միանգամից բոլոր համայնքապետարաններում` տարբեր փաստաթղթեր են ուսումնասիրում, տարբեր տարիների կատարված աշխատանքները:

Մենք տեղեկացանք, որ սա միակ մարզը չէ, որ ՊՎԾ-ն նպատակ ունի նման ստուգումներ իրականացնել, չի բացառվում, որ առաջիկայում այլ մարզի համայնքապետարաններ հայտնվեն ՊՎԾ-ի ուշադրության կենտրոնում: Երբ կավարտվեն ուսումնասիրությունները, ինչ է եղել ստուգումների պատճառը՝ փորձեցինք պարզել ՊՎԾ-ից: Մեզ այնտեղից միայն փոխանցեցին, որ նման ստուգումներ իրականացվում են Սյունիքի մարզի համայնքապետարաններում, բայց թե որն է եղել պատճատը կամ երբ կավարտվեն, չցանկացան որևէ բան պատասխանել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը: Ավելին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ ընդհատվել էր՝ հաշվի առնելով մարզում առկա լարվածությունը: Թերևս դա է պատճառը, որ ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել Սյունիքի մարզում:

ArmLur.am