Նիկոլ Փաշինյանի ձեւավորած ՍԴ-ն ստորագրեց Արթուր Դավթյանի ու Սասուն Խաչատրյանի իրավական դատավճիռը. Նրանք գիտակցաբար ընտրեցին ինքնաոչնչացման ուղին

203

Սահմանադրական դատարանը երեկ անվավեր և հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

ՍԴ այս որոշումը մեծ աժիոտաժ է առաջացրել իշխանական շրջանակներում, իսկ վերջինիս սորոսական թևն ուղղակի խուճապի մեջ է։ Ո՞նց, այն էլ Փաշինյանի ձևավորած ՍԴ նոր կազմի որոշմա՞մբ։ Ախր, ոնց հասկանան այս անօրեն և հակապետական երևույթները, որ ՍԴ-ն հենց այն օղակն է, այն մարմինը, որին է վերապահված զանազանել այս կամ այն հոդվածի, այդ թվում՝ նաև՝ հորինված, սահմանադրականության և հակասահմանադրականության հարցը։

Ըստ էության, ՍԴ-ն 2021 թվականի իր այս որոշմամբ վերստին փաստեց հետևյալը՝ նախորդ իշխանությունների /Փաշինյանի որակմամբ՝ «թալանչի» իշխանությունների/՝ ժամանակ ձևավորված արդարադատությունը ավելի արդարադատ է, ավելի՝ իրավական է համակարգը, քան՝ ներկա իշխանության ձևավորածը, քանզի այն ժամանակ օրենքը կիրառվել է հօգուտ մեղադրյալի, այդ թվում՝ նաև իր՝ ընդդիմադիր Փաշինյանի հանդեպ։ Իրավական պետության արդյունքու՞մ է, չէ՞, ի վերջո, կարճվել նրա գործը։

Իսկ ի՞նչ մեթոդաբանությամբ են գործում այսօրվա «թոփ» իրավապահները՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Որքանո՞վ են առաջնորդվում նրանք ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ և որքանո՞վ փաշինյանական «օրենքով»։

Իհարկե, բոլորովին հակված չենք կարծելու, թե՝ Արթուր Դավթյանը հակաօրինական իր արարքները չի գիտակցում, մանավանդ՝ ոլորտի պրոֆեսիոնալների ներկայացմամբ՝ նա լավ մասնագետ է։ Նույն տեսակետներն ենք լսում նաև Սասուն Խաչատրյանի վերաբերյալ։ Ի՞նչ է, նրանք չէի՞ն հասկանում, իրավագիտության դասագրքային ճշմարտություններից մեկը, այն է՝ «ավելի ուշ ընդունված հոդվածը չի կարող ունենալ հետադարձ ուժ»։ Այսինքն, 2008-ի մարտի 1-ից հետո Քրեական օրենսգիրք ներմուծված հոդվածը չի կարող հետադարձ ուժ ունենալ։

Գլխավոր դատախազը համապատասխան գիտելիք ուներ՝ սա հասկանալու համար։ ՈՒներ նաև Սասուն Խաչատրյանը։

Ի դեպ, այս համատեքստում արժե հիշել, որ դեռ երկու տարի առաջ՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ սկսված՝ ներկա իշխանությունների քաղաքական հետապնդումների դեմ հանդիման իրավական ճշգրիտ որոշում կայացնողը եղավ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ով իր վարույթում գտնվող Մարտի 1-ի մայր գործից առանձնացված քրեական գործի վարույթը կասեցնելով այն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար, ինչը իրավամբ փաստում է պրոֆեսիոնալ պատրաստվածության առումով տվյալ դատավորի մասնագիտական բարձր որակը և մարդկային խիզախումը։

Տվյալ դրվագը, կարևոր է հիշատակելը, որ պրոֆեսիոնալիզմի այս դրսևորման համապատկերում դիտարկենք վերջին երեք տարիներին իրավական ոլորտը ուղղակիորեն գործադիր իշխանության ոտքի կոխան դարձրած երկու «կարկառուն» իրավապահների՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի վարքաբանությունը։ Նրանք երկուսն էլ իրենց դրսևորեցին որպես իշխանության «կամակատար»՝ կամավոր կերպով զոհաբերելով իրենց պրոֆեսիան և պրոֆեսիոնալիզմը՝ այդպիսով գրելով իրենց մեղադրական եզրակացությունը։

Նրանք այդպիսով ոչ միայն դարձան քաղաքական իշխանությունների կամակատարներ, այլև հավասարապես պատասխանատու են իր պաշտոնավարման առաջին օրից իրավական պետության կազմաքանդմանը լծված Նիկոլ Փաշինյանի հանցագործությունների համար։

Այսինքն, նրանք հավասարապես պատասխանատու են երկրի կործանման համար, եթե անգամ՝ կատարել են Փաշինյանի հանձնարարությունները։

Աղբյուր` Փաստինֆո