Միմիայն խաղաղություն եմ ուզում, վաղվա սերունդը չտեսնի այն, ինչ մենք ենք տեսել

648

Azgonline-ի թղթակիցը՝ պատերազմից հետո Արցախում տիրող իրավիճակի մասին զրուցել է Արցախի Խաչմաչ գյուղի բնակիչ Աքսաննա Համբարձումյանի հետ:

Ինչպե՞ս է կյանքը Արցախում, ի՞նչ փոփոխություններ կան պատերազմից հետո։

Արցախում ապրելը հերոսություն է, որովհետև այստեղ գրեթե ամեն բնակավայր սահմանամերձ է։ Չնայած դրան՝ արցախցիները ամուր են կառչած իրենց հողին։ Եվ ամեն վայրկյանը ապրելով այստեղ՝ գիտակցում ենք, թե ինչքան թանկ ենք վճարել հայրենիքում ապրելու և արարելու համար, որովհետև մեր շուրջը ամենուր տեսնում ենք որդեկորույս մայրեր, որբացած երեխաներ, սիրելիներին կորցրած աղջիկներ։

Իսկ ի՞նչ է փոխվել պատերազմից հետո։

Պատերազմից հետո չկան ժպտացող դեմքեր, կենսուրախ և վաղվա օրվա հանդեպ հավատով լցված մարդիկ։ Կարծես ապրում ենք այսօրվա համար՝ չիմանալով, թե ինչ կլինի վաղը, որովհետև ադրբեջանցիները ամեն օր տարբեր սադրանքների են գնում՝ փորձելով ամեն կերպ վախի մթնոլորտ ստեղծել։

Ասացիք, որ ադրբեջանցիները ամեն օր սադրանքների են գնում։ Ի՞նչ սադրանքների մասին է խոսքը։

Գյուղ գնալու ճանապարհին հերիք չէ պետք է հանդուրժենք իրենց ավտոշարասյան շարժին, մի հատ էլ քարեր են նետում մեզ վրա, ձեռքերով են ինչ-որ շարժումներ անում, ուժեղ երթևեկել են մեր մեքենայի վրա՝ վթարային իրավիճակ ստեղծելով, իսկ, ինչպես տեղեկանում ենք լրատվամիջոցներից, հարվածներ են հասցնում մեքենաների վրա՝ ջարդելով ապակիները։

Իսկ ինչպե՞ս է բնակիչներ տրամադրությունը։ Ինչպե՞ս են հանդուրժում այդ սադրանքները։

Փորձում ենք ամուր մնալ։ Սադրանքների դեպքում դիմում ենք խաղաղապահներին։

Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ պատերազմից հետ վերադարձաք Արցախ։

Քանի որ մենք էլ ենք կորուստ ունեցել, մեր սիրելի վայրերը այն նշանակությունը չունեին և այն տրամադրությունը չէին հաղորդում, ինչ պատերազմից առաջ։

Ինչպե՞ս եք ուզում, որ լինի Ձեր վաղվա  օրը։

Միմիայն խաղաղություն եմ ուզում։ Վաղվա սերունդը չտեսնի այն, ինչ մենք ենք տեսել: