Երբ տիրակալը կործանում է երկիրը… Լևոն IV-ի (1320-1342)

163

Ռազմական պատմության մասնագետ Մհեր Հակոբյանի էջից, –

…1329 թվականի հունվարի 26-ին Լևոն IV-ի (1320-1342) պահակախումբը Ադանայում անակնկալ կերպով ձերբակալեց Օշին և Կոնստանդին Հեթումյաններին, որոնց հենց նույն գիշեր էլ գլխատեցին: ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՀՈՎ Հայոց պետականությունը մեծ կորուստներ կրեց, առավել ևս, որ արդեն բացարձակ իշխանության հասած Լևոն IV-ը ոչ երկիր կառավարելու փորձ և հմտություններ ուներ, ոչ էլ զորավարական տաղանդ ու պետական մտածելակերպ: Տմարդի և դաժան այս արարքը իր դերով, նշանակությամբ ու ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ նմանվում էր Մուշեղ Քաջ Մամիկոնյանի սպանությանը արդեն հեռավոր 376 թվականին: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայոց թագավորությունը ծանր հարված ստացավ և դա պատճառներից մեկը հանդիսացավ նրա անկման, ընդ որում սեփական անմիտ քինախնդրության մեջ Լևոն IV-ը այնքան հեռուն գնաց, որ Օշինի գլուխը ուղարկեց Մամլուքյան սուլթանության սուլթան Մուհամմեդին (1293-1294, 1299-1309, 1310-1341), իսկ Կոնստանդինի գլուխն էլ` էլխան Աբու-Սայիդին (1317-1335): Այս արարքների համար Լևոն IV-ը վաստակեց «Մեղսագործ» մականունը, որն ավելի ամրապնդվեց այն բանից հետո, երբ աներոջ սպանությունից կարճ ժամանակ անց նա սպանել տվեց նաև իր երիտասարդ կնոջը: 1329 թվականը Հայոց թագավորության համար երկրի ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՎ ԷՐ ՍԿՍՎԵԼ, սակայն ավելի մեծ դժբախտությունները դեռևս առջևում էին:

Հակաունիթորների առաջնորդներին ոչնչացնելուց հետո Լևոն IV-ը մեկուսացրեց Բալդուին Հեթումյանին, որից հետո բացահայտորեն անցավ ունիթորների կողմը և ակտիվ հարաբերություններ սկսեց Արևմուտքի հետ՝ կատարելով մի շարք նոր նշանակումներ: Երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող պաշտոններին հայտնված մարդիկ, սակայն, մեծ հաշվով ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻԱՅՆ ԽՂՃՈՒԿ ԾԱՂՐԱՊԱՏԿԵՐՆԵՐՆ ԷԻՆ իրենց հզոր նախնիների: Հայոց թագավորության ղեկին հայտնված ԱՊԱՇՆՈՐՀ պաշտոնյաների դժգույն շարքում այս ժամանակաշրջանում միակ լուսավոր կետն ու բացառությունը երևի թե միայն սպարապետ նշանակված Լևոն Հեթումյանն էր: Իր հերթին նույն այս ժամանակ Հայոց թագավորության ռազմաքաղաքական դրությունը օրեցօր բարդանում էր:

Անհեռատես Լևոն IV-ը, որը Օշինի գլուխն ուղարկել էր մամլուքների սուլթանին և դրանով ընդամենը հագուրդ էր տվել սեփական չարությանը, նույնիսկ ՉԷՐ ԷԼ ՄՏԱԾԵԼ, թե հարևան երկրում իր այդ քայլը իրականում ինչպես կընկալվի, իսկ քայլն իրոք որ Հայոց արքայի ուզած ձևով չէր ընկալվել: Լևոն IV-ը կարծում էր, թե Օշինի գլուխը մամլուքներին ուղարկելով նա կշահի նրանց համակրանքը, բայց ստացվեց ՈՒՂԻՂ ՀԱԿԱՌԱԿԸ: Օշինը վերջին պատերազմից հետո կնքված հաշտության գլխավոր մասնակիցն էր և ավելին, նա յուրօրինակ մի գրավականն էր այն բանին, որ Հայոց թագավորությունը այլևս չի դիմի Եվրոպայի երկրներին և մամլուքների դեմ հերթական խաչակրաց արշավանքի դրդիչ չի հանդիսանա, իսկ այդ պայմաններում էլ Հայոց արքայի քայլը Կահիրեում կողմից ընկալվեց որպես ԲԱՑԱՀԱՅՏ ՄԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ: Դժբախտաբար Լևոն IV-ը այսքանը ՉԷՐ ՄՏԱԾԵԼ և անհեռատես այս գործողություններով ապաշնորհ այս արքան չարաբաստիկ հենց այդ տարում էլ Հայոց թագավորության համար սկիզբ դրեց նոր ու խիստ ծանր մի պատերազմի…

«Իր կաթոլիկամետ քաղաքականությամբ Լևոն Մեղսագործը ԴԱՇՈՒՆԱՀԱՐԵՑ Կիլիկիայի թագավորությունը: Լևոնը չհասկացավ, որ ինքը կործանում է այն երկիրը, որը իր նախնիները ձեռք են բերել բազում զոհերի գնով: Եվ աշխարհասասան փոթորիկների խաչմերուկում առնականացած Կիլիկիայի թագավորությունը սկսեց տկարանալ ու արյունաքամ լինել»,- սրտի խորը կսկիծով այս ամենին հետագայում արձագանքում է Հայկ Խաչատրյանը…