«Եթե այդ ճանապարհով մենք չգնանք-գանք, ո՞վ պիտի գնա-գա». Առուշ Առուշանյան

116

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սյունիքի մարզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որոշ համայնքապետերի, այդ թվում՝ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, ներքին կարգով զգուշացրել են՝ շրջանցել Գորիս-Կապան ճանապարհն ու Մեղրի հասնել այլընտրանքային՝ Տաթևի ճանապարհով, քանի որ ադրբեջանցիները, հնարավոր է՝ ՀՀ իշխանությունների ուղղորդմամբ կանգնեցնեն իր մեքենան և գերի վերցնեն կամ վնասեն նրան։

Հորդորել են, որ, եթե ճանապարհն էլ չփոխի, գոնե մեքենան փոխի, որ չֆիքսեն, որ ինքն է։ Թեև թեմայով Մխիթար Զաքարյանի հետ չկարողացանք զրուցել, բայց կապ հաստատեցինք Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ՝ նրան ուղղելով այս օրերին Սյունիքի համայնքապետերին առնչվող այլ հարցեր ևս:

Գորիս համայնքի ղեկավարը հերքեց «Ճանապարհը շրջանցելու» մասին տեղեկությունները՝ նկատելով նաև, որ արդեն հերքում տարածել է նաև Մեղրի համայնքի ղեկավարը:

«Եթե այդ ճանապարհով մենք չգնանք-գանք, ո՞վ պիտի գնա-գա»,- հավելեց Առուշ Առուշանյանը:

Արդյո՞ք Պետական վերահսկողական ծառայությունը նաև Գորիս համայնքում է ստուգումներ անցկացնում՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ համայնքի ղեկավարը նշեց. «Աշխատում են արդեն մի քանի օր»:

Ճշգրտմանը, թե՝ հաշվի առնելով, որ այդ ստուգումները զուգադիպեցին քաղաքականություն մտնելու Ձեր հայտարարությանը՝ արդյո՞ք տեսնում եք քաղաքական դրդապատճառներ, նա արձագանքեց.

«Չեմ ուզում դետալավորել կամ քաղաքականացնել. համայնքապետարան է, ստուգվում է, նորմալ է, և որևիցե խնդիր առհասարակ չեմ տեսնում»:

Շարունակո՞ւմ եք պահանջել Նիկոլ Փաշինյանի և այս իշխանության հրաժարականը՝ հարցին էլ Առուշ Առուշանյանը պատասխանեց. «Չեմ էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին իշխանություն ունի, համոզված եմ, որ անցած էտապ է»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ 168.am-ը տեղեկացրել էր՝  Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումների հանձնարարականով շտապել է այցելել Սյունիքի այն համայնքապետերին, որոնք խիստ զուգադիպությամբ ընդամենն օրեր առաջ հայտնել էին նոր՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:

168.am