«Ասֆալտը եկամուտ բերող գործ է դարձել նրանց համար՝ տենդերները յուրայիններին բաշխելու, մեծ ծավալով ատկատներ վերցնելու լայն հնարավորություններով»․ «Հրապարակ»

161

«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ակտիվ մարզային շրջայցերի մեջ է։ Նրա ֆեյսբուքյան էջում ամեն օր մի տեսանյութ ու հաղորդագրություն է տեղադրվում՝ այսինչ համայնքում նոր ջրանցքի կառուցման, այնինչ գյուղում հին ջրանցքի նորոգման, երրորդում՝ մանկապարտեզի կառուցման մասին։ Պապիկյանը հանրապետության քարուքանդ եղած ճանապարհներով մարզեր է մեկնում երկու նպատակով․ առաջինը նախընտրականն է։

Ակնհայտ է, որ փաշինյանական ողջ թիմն արդեն ակտիվորեն, օրենքի բացահայտ խախտումով, սկսել է քարոզարշավը՝ ադմինիստրատիվ ռեսուրսի լայն կիրառմամբ, աշխատանքային այցերի անվան տակ։

Եվ հիմնական բեռը դրված է Պապիկյանի ուսերին․ նա շտաբի պետն է լինելու եւ պատասխանատու է քարոզարշավի եւ Փաշինյանի միտինգներին հանդիսատես ապահովելու համար։

Երկրորդ նպատակն այն է, որ Պապիկյանի նախարարությունը որոշել է, որ ասֆալտով այլեւս հնարավոր չէ «փիառվել», քանզի հանրությունն իրենց ընկալում է սոսկ որպես «ասֆալտ անող իշխանություն», եւ ասֆալտն էլ արդեն հիմնովին քայքայվել է՝ ոչնչացնելով «որակյալ ասֆալտ» անող իշխանությունների մասին փչվող փուչիկը։ Ուրեմն ժամանակն է ջրագիծ ու մանկապարտեզ «կառուցելու»։

Իսկ ասֆալտն արդեն կոնկրետ եկամուտ բերող գործ է դարձել նրանց համար՝ տենդերները յուրայիններին բաշխելու, նախկինից էլ ավելի մեծ ծավալով ատկատներ վերցնելու լայն հնարավորություններով։ Ուստի ասֆալտով ընտրություններում հաղթելն անհնարին է, եւ դա է պատճառը, որ ասֆալտի մասին այլեւս չեն խոսում, անցել են այլ թեմաների»:

«Հրապարակ»