Անհեթեթ եւ մեղսակցային ընտրություններ

156

Այդպես էլ չիմացա, թե ի՛նչ էր անունը հենց նոր ստեղծվող այդ կուսակցության: Հիմնադիրըՙ վայելուչ արտաքինով եւ ինձ բոլորովին անծանոթ մի դերասան, հեռատեսիլի պաստառից հայտարարեցՙ «մեր կուսակցության վերնագիրը»… Սեփական փրթկոցս խանգարեց ինձ լսել, թե ո՞րն էր այդ կուսակցության «վերնագիրը», այսինքն անունը…

Չգիտեմ վերջին մեկ տարում եւ հենց այս օրերին քանի՞ նոր կուսակցություն է Հայաստանում գրանցվել կամ պատրաստվում է գրանցվել, սակայն հաստատ գիտեմ, որ կուսակցաշինական բիզնեսը տնտեսական խորը անկման այս օրերին բուռն ծաղկում է ապրում: Պաշտոնապես դեռ չհայտարարված ընտրություններն են առջեւում: Մի՛ զարմացեք, դժվար բան չկա. սոցցանցերում մի քիչ ակտիվություն, սրամիտ մի քանի նախադասություն, like տվողների որոշ բազմություն, folower-ների մի փոքրիկ խումբ, եւ վերջ: Կուսակցական խումբը պատրաստ է: Մնում է միայն գտնել մի սիրուն «վերնագիր», այսինքնՙ անուն: Գաղափար ու գաղափարախոսություն ավելորդ բաներ են: Ո՞վ է դրանք բանի տեղ դնում: 30 տարվա կուսակցություններն անգամ կայուն գաղափարախոսություն չունեն, ըստ պահի անընդհատ փոխում են: Տարիների փորձ ու պատմություն, ոչ մի նշանակություն: Չտեսա՞ք Նիկոլը ոնց արեց. մի քիչ քայլեց, մի քիչ փակեց, մի քիչ փակվեց, շատ խոսեց, շատ ատեց, շատ փնովեց, ու հո՛փՙ նստեց գահին: Ու հիմա «ռուլիտ» է անում: Նրա անունը բոլորի բերանին է: Մարդը պուտինների հետ է խոսում, հող է հանձնում, հայրենիքի «դժգույն» եւ «ավելորդ» մասերը հատ-հատ տալիս է Ալիեւին, Մեղրին հեսա կտա Էրդողանին, լավ առեւտուր, ավելի ճիշտՙ տուրեւտուր կանի, Լֆիկն ու Գրզոն արդեն սկսել են, Գագոն ինչո՞վ է պակաս որ: Մեր ի՞նչն է պակաս որ: Կարեւորը մի հատ խորհրդարան մտնելն է, հետո ամեն բան ինքն իրեն կստացվի: Նիկոլն արդեն հայտարարել է արտահերթ ընտրություններ: Ի՞նչ անենք որ 3-րդ անգամն է հայտարարում: Էս անգամ ասածը հաստատ կանի: Չտեսա՞ք մարտի 1-ին որքան մարդ լցրեց հրապարակ: Կարեւորը լցնելն է, ախպերս:

Եվ այսպեսՙ Երկիր Նաիրին պատրստվում է ընտրությունների, համաժողովրդական, համապետական, համամասնական, համա… Կուսակցությունները, խորհրդարանական թե արտախորհրդարանական, հին թե նոր, անգամ նորածին, գնում են ընտրությունների, գնում են փրկելո՞ւ, թե՞ փրկվելու: Հայտնի չէ, կարեւոր էլ չէ: Գնում են աթոռ գրավելու 30 տոկոսի մեջ: Մի քիչ նեղվածք է լինելու, բայց հոգ չէ, իրենք դեմ չեն. մնացած 70 տոկոսը Նիկոլի փայն է: «Բարգավաճականները» ցանկանում են բարգավաճ էլ մնալՙ չդավաճանելով իրենց հարմարվողականության անխախտ սկզբունքին: «Լուսավորչականները», ելքից մուտք գործելովՙ Նիկոլի հետ ի վերջո կպայմանավորվեն վարկանիշային (ռեյտինգային) ընտրաձեւից ձեռք քաշելու եւ նրա խոստացածով բավարարվելու շուրջ, մինչդեռ «Առանց Նիկոլ Հայաստան» գոռացողներից «հայրենիքականները» դեռ պնդում են, որ առանց վարկանիշայինի բոյկոտելու են ընտրությունները, տեսնենք մինչեւ ե՞րբ: Նրանք չեն ուզում հասկանալ, որ Նիկոլին պետք չէ վարկանիշայինը: Նրա հետեւից «քայլողները» իսկի վարկանիշ չունեն, նրան պետք չեն հեղինակություն ունեցողներ, ոչ էլ փողատերեր. ինքը փող ունի, նաեւ հեղինակություն, կարեւոր չէՙ դրական թե բացասական, կարեւորը իշխանություն ունենալն է, բացարձակ իշխանություն, որի թիկունքին Էրդողանն է, սարի պես կանգնած:

Ու քանի որ այս պահին ոչ ոք չի տալիս հարցերի հարցը, համարձակվեմ ինքս տալՙ իսկ ո՞վ որոշեց, որ ընտրություններ են լինելու, ո՞վ ասաց, թե ինչո՞ւ են ընտրություններ լինելու, ո՞վ հարցրեց ընկճված, հուսաբեկված, ամեն ինչի նկատմամբ անզգա դարձած ժողովրդի կարծիքը: Թե՞ գնում ենք ընտրությունների առանց ընտրողի: Ինձ շատ է հետաքրքրում, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանում երկշաբաթյա կրկնակի կապիկությունից եւ աննման վարչապետին փոխարինող չգտնվելուց հետո ո՞նց է ձեւակերպելու ընտրության անցկացման հայտարարությունը, ինչո՞վ է բացատրելու դրա անհրաժեշտությունը, կեղծ ընթացակարգայի՞ն, թե՞ ըստ էության:

Եթե ըստ էության, ապա, որքան գիտենք, գործող վարչապետի, նրա ղեկավարած կառավարության եւ գլխավորած կուսակցության իշխանությունից հեռացման հարցն է դրված սեղանինՙ պատերազմը չկանխելու, պատերազմը տանուլ տալու, Արցախի երեքչորրորդը կորցնելու, անհաշիվ զոհեր տալու, հազարավորների ճակատագրերը խեղելու, վերջապեսՙ երկրի ու պետության հետագա գոյությունը վտանգելու հարցը: Այդ իրավիճակի հեղինակն ու պատճառը, գլխավո՛ր պատասխանատուն նույն մարդն է, ուստի ինչպե՞ս կարող է պատճառը, անտեսելով հետեւանքը, վերարտադրվել, այս դեպքումՙ ի՛նքնավերարտադրվել: Հետեւանքը չի կարող վերանալ, քանի դեռ չի վերացել պատճառը: Սա անհեթեթություն է, որի մասնակիցները, ինչ դերակատարություն էլ ունենան, հանցակից են դառնալու այդ անհեթեթության, մեղսակիցՙ նրա բոլոր չարագործություններին, եւ ընդհակառակըՙ օրինականացնելու են նրա բոլոր արարքները, ամուր հաստատելու են նրան բռնատերի աթոռին, անհեթեթ ու մեղսակցային ընտրությունների միջոցով:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ