Տնտեսությունը չի վերականգնվել, անկումը շարունակվում է. Հրանտ Բագրատյան

83

Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսության աճի և ռեֆորմի մասին, հիմա փաստորեն, վերականգնվել է: Եթե վերականգնվել է, ուրեմն ընկել էր, չէ՞: Բա, ե՞րբ էր ընկել, որ չիմացանք: Այս ցինիզմը բնորոշ է դարձել Կառավարության ղեկավարին և այն փոխանցվում է նախարարներին:  Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ խոսելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարության մասին, թե տնտեսությունը գրեթե վերականգնվել է:

«Անցյալ տարի տնտեսությունն անկում է ապրել 8 տոկոս, աշխարհում կորոնավիրուսի պատճառով տնտեսությունն անկում է ապրել պակաս քան 4 տոկոսը, այսինքն, մեզ մոտ կրկնակի անտիռեկորդ էր, իսկ այս տարվա առաջին երկու ամիսների տվյալները ներկայացրին, մենք ունենք 7  տոկոս անկում: Թող, սա բոլորն իմանան, որ անկումն 2-3 անգամ ավելի է»,-ասաց նա:

Բագրատյանը նշեց՝ տնտեսությունը չի վերականգնվել, անկումը շարունակվում է, բայց Էկոնոմիկայի նախարարը փորձում է իրավիճակը մի փոքր մեղմել, խոսք տալ: «Առաջին երկու ամիսներին միջին աշխատավարձն աճել է 0,8 տոկոսով, գներն աճել են 4,9 տոկոսով, երկու թվերն էլ սուտ են, մեկը չափազանցված է, մեկը՝ իջեցված: Միայն երկու ամսում ժողովուրդը 4 տոկոսով ավելի վատ է ապրում, քան նախկինում էր: Իրականում իսկական կոլապս է, քանդվում է ամեն ինչ, Կառավարության որևէ ծրագիր չկա, որը կկարողանա փոխել սա»:

Տնտեսագետի ներկայացրեց, որ դեռ հունվարի 3-րդ տասնօրյակին 750մլն եվրո պարտատոմսեր են թողարկվել, որպեսզի թոշակ տրամադրվի: «Մենք երբեք այսպիսի վարկեր չենք վերցրել, թոշակի փող էլ չկա: Վատ է վիճակը ու ավելի է վատանալու և չի կարելի ասել, որ պատերազմը կամ համավարակն է պատճառը»: